Գլխավոր Լրահոս

Բաքվում հայ գերիները, բնության դեմ պատերազմը և Հայաստանի 4 առաջարկները․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ասուլիսը

Բաքվում հայ գերիները, բնության դեմ պատերազմը և Հայաստանի 4 առաջարկները․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ասուլիսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ցավում է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացում դեռ չլուծված խնդիրների համար։ COP-17-ին ընդառաջ Երևանում հոկտեմբերի 15-ին Գուտերեշը մասնակցում էր մամուլի ասուլիսին, որի ժամանակ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին հարցեր հնչեցին։

«Ես խաղաղության համաձայնագրի մեծ աջակից եմ։ Ես հուսով եմ, որ խաղաղության համաձայնագրում արձանագրված կետերը շուտով կիրականացվեն և այդ իրականացումը կարագանա»,- ասաց Գուտերեշը։

Հարցին՝ ինչու ՄԱԿ-ը գերիներին ազատ արձակելու համար ավելի մեծ ճնշում չի գործադրում Ադրբեջանի նախագահի նկատմամբ, Գուտերեշը կրկին հղում արեց խաղաղության համաձայնագրին․ «Բոլոր կողմերին կոչ ենք անում հնարավորինս արագորեն իրագործել խաղաղության համաձայնագրի բոլոր դրույթները, որը նաև բնականաբար ներառում է կալանավորված անձանց»։ Նա չմանրամասնեց, թե գերիների վերադարձի համար ՄԱԿ-ը կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկում։

Ասուլիսը կազմակերպվել էր Երևանում հոկտեմբերի 19-30-ը կայանալիք COP-17-ին ընդառաջ։ Սա ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովն է, որտեղ երկրները քննարկելու են բնության պահպանության համատեղ պարտավորությունների կատարումը։ Ասուլիսին մասնակցում էին նաև Հայաստանի շրջակա միջավայրի նախարար, COP-17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանը, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը և Կենսա բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմակերը։

Ասուլիսի առանցքում «Կենսաբազմազանությանն ուղղված գործողությունների վիճակը» գլոբալ զեկույցն էր։ Այն գնահատում է 2022-ին ընդունված Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի կատարումը։ Փաստաթուղթը սահմանում է մինչև 2030-ը կենսաբազմազանության կորուստը կասեցնելու և բնության վերականգնումն ապահովելու 23 թիրախ։ Դրանցից «30-ը՝ 30-ի» անունով հայտնի թիրախը նախատեսում է արդյունավետ պահպանություն ապահովել ցամաքային ու ներքին ջրային տարածքների, ինչպես նաև ծովային ու առափնյա տարածքների առնվազն 30 տոկոսի համար։

Գուտերեշի խոսքով՝ կոնվենցիայի կողմերի գրեթե 90 տոկոսն արդեն սահմանել է ազգային թիրախներ, կեսից ավելին ընդունել է ազգային ճանապարհային քարտեզներ, իսկ ավելի քան 70 տոկոսը հաշվետվություններ է ներկայացրել արդյունքների մասին։ Բնիկ ժողովուրդները, տեղական համայնքները, տեղական իշխանությունները, հասարակական կազմակերպություններն ու մասնավոր հատվածը ևս ստանձնել են շուրջ 5 000 պարտավորություն։

Այդուհանդերձ, հանձնառությունները դեռ բավարար չեն։ Գուտերեշի ներկայացրած հաշվարկով՝ գործող թիրախների և պարտավորությունների կատարման դեպքում մինչև 2030-ը պահպանության տակ կլինի ցամաքային տարածքների միայն 26 և ծովային տարածքների 12 տոկոսը։ Գնահատված ազգային թիրախների կեսից պակասն է առաջ գնում կատարման համար անհրաժեշտ տեմպով։ Մեծ բացեր կան նաև ֆինանսավորման, մասնագիտական կարողությունների, համագործակցության և տվյալների հասանելիության հարցերում։

«Պատերազմը բնության դեմ դեռ չի ավարտվել»,- ասում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման փոխկապակցվածությունը։

Գուտերեշը մատնանշեց արդյունաբերության, անտառները ոչնչացնող և չափից ավել ձուկ որսացող տնտեսվարողների ազդեցությունը և կառավարություններին կոչ արեց վերանայել բնությանը վնասող խթաններն ու սուբսիդիաները, միջոցներն ուղղել բնության պահպանությանը և միաժամանակ ամրապնդել սոցիալական պաշտպանությունը։

Մինչարդյունաբերական շրջանի համեմատ գլոբալ տաքացման՝ 1,5 աստիճանի շեմի գերազանցումը մեծացնում է անտառների չորացման և ծովային տեսակների կենսապայմանների վատթարացման վտանգը։ Նույնիսկ դարի վերջում այդ շեմին վերադարձը չի կանխի միջանկյալ տասնամյակների ծանր ազդեցությունները բնության, սննդի, ջրի և մարդկանց առողջության վրա։

Հայաստանի համար այս մոտեցումը, Համբարձում Մաթևոսյանի խոսքով, նշանակում է բնության պահպանությունը ներառել տնտեսական և զարգացման որոշումների մեջ։ Նախարարը կարևորում է էկոհամակարգերի վերականգնումը, պահպանվող տարածքների արդյունավետ կառավարումն ու մշտադիտարկումը՝ անդրադառնալով նաև ազգային ռազմավարությանը։

«Կենսաբազմազանությունը չի կարող մնալ միայն շրջակա միջավայրի նախարարությունների պատասխանատվության ներքո»,- նշեց Մաթևոսյանը։ Նրա խոսքով՝ դրա պահպանությունն անբաժան է սննդի ու ջրի անվտանգությունից, տնտեսական կայունությունից և հանրային առողջությունից։ Հոկտեմբերի 16-ի առաջնորդների գագաթնաժողովն էլ, ըստ նախարարի, պետք է օգնի ապահովել քաղաքական ներգրավվածություն, որը կշարունակվի համաժողովից հետո։

Հայաստանի չորս նախաձեռնությունները

Հայաստանը նախագահության շրջանակում առաջ է քաշել չորս նախաձեռնություն, որոնք, Շրջակա միջավայրի նախարարի խոսքով, պետք է արագացնեն արդեն համաձայնեցված որոշումների իրականացումը։

Առաջինը կենսաբազմազանության մշտադիտարկման տեխնոլոգիաների երևանյան կենտրոնի ստեղծումն է։ խոսքով՝ գիտության վրա հիմնված որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ են տվյալներ և դրանց հավաքման ժամանակակից գործիքներ։ Նախաձեռնությունն այս խնդիրը կապում է նաև Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունների հետ։

Երկրորդը լեռնային և դրանց հետ փոխկապակցված քաղցրահամ ջրերի էկոհամակարգերին նվիրված հարթակն է։ Նախարարը շեշտում է Հայաստանի՝ լեռնային երկիր լինելու հանգամանքը, լեռների նշանակությունը ջրային պաշարների համար և դրանց պահպանության անբավարար ծավալը։

Երրորդ առաջարկը տարածքային պահպանության այլ արդյունավետ միջոցների գլոբալ հարթակն է։ Խոսքը հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակ չունեցող վայրերում կենսաբազմազանության երկարաժամկետ պահպանությունն ապահովելու մասին է։ Այս մեխանիզմը կարող է նպաստել «30-ը՝ 30-ի» թիրախին հասնելուն։ Մաթևոսյանն այն կապում է նաև Հայաստանում պահպանության մեխանիզմներն ընդլայնելու օրենսդրական փոփոխությունների հետ։

Չորրորդը կենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ երևանյան կոչն է։ Այն վերաբերում է տնտեսության և բնության պահպանության հարաբերությանը՝ խրախուսելու այնպիսի ներդրումներ ու գործունեություն, որոնք նպաստում են կենսաբազմազանության պահպանմանը։

Հայաստանի նման փոքր և խոցելի երկրներին աջակցելու մասին հարցին Գուտերեշը պատասխանում է, որ անհրաժեշտ են նաև միջազգային ֆինանսական համակարգի բարեփոխումներ։ Նրա խոսքով՝ զարգացող երկրները պետք է հասանելիություն ունենան կլիմայական ռիսկերը գնահատելու, մշտադիտարկում իրականացնելու և համայնքների դիմակայունությունն ամրապնդելու միջոցներին։ Նա ընդունում է, որ բյուջետային սահմանափակումներն ու անվտանգության ծախսերը դժվարացնում են այդ ֆինանսավորումը։

Գուտերեշը հույս հայտնեց, որ COP-17-ը կլինի հաջողություն, միգուցե չկարողանա լուծել կենսաբազմազանության կորստի համաշխարհային խնդիրն ընդմիշտ, բայց կարողանա նշանակալի առաջընթաց ապահովել։ Նա բարձր գնահատեց նախապատրաստական փուլում տարբեր շահերը համադրելու Հայաստանի կարողությունը՝ միաժամանակ ընդունելով, որ Մոնրեալից հետո արձանագրված առաջընթացը դեռ հեռու է անհրաժեշտից։

Իրադարձություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում