Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ կազմակերպող երկիր, ինչը կարևոր ներդրում է պետության միջազգային հեղինակության բարձրացման գործում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սոցիալական իր էջերում հրապարակած տեսանյութում։
Վարչապետի խոսքով՝ այդ մասին են վկայում COP17-ի առաջին օրերի արդյունքները և ընթացիկ տարվա մայիսին Երևանում կազմակերպված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի փորձը։ Նա ընդգծել է, որ երկիրը պետք է շարունակի այս մարտավարությունը և հյուրընկալի նմանատիպ նոր միջոցառումներ։
«Ես կարծում եմ, որ մենք պետք է այս մարտավարությունը շարունակենք, և Հայաստանը նորանոր այսպիսի միջոցառումներ պետք է հյուրընկալի, որովհետև դրանք, առաջինը, բարձրացնում են Հայաստանի Հանրապետության տեսանելիությունը և միջազգային հեղինակությունը, երկրորդը, նոր զբոսաշրջային հոսքեր են բերում Հայաստանի Հանրապետություն, և, ըստ էության, այս ձևով միջոցառումների վրա իրականացվող ծախսերը վերադառնում են Հայաստանի Հանրապետություն ու բաշխվում են քաղաքացիների միջև՝ կախված նրանց ակտիվությունից և գործունեության տեսակից, և, ի վերջո, այս միջոցառումները բարձրացնում են Հայաստանի տեսանելիությունը և նոր ներդրումներ են բերում Հայաստանի Հանրապետություն՝ սրա բոլոր դրական արդյունքներով»,- ասել է վարչապետը։
Երևանում հոկտեմբերի 18-ի երեկոյան պաշտոնապես բացվեց ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Հոկտեմբերի 19-30-ը նախատեսված քննարկումների առանցքում կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ միջազգային պարտավորությունների կատարումն է։











