Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Իսրայելական Globes լրատվամիջոցը հայտնում է, որ Elbit Systems-ից 235 միլիոն դոլարի ճշգրիտ կառավարվող հրթիռներ և հրթիռային հրետանային համակարգեր գնող՝ անունը չհրապարակված պատվիրատուն Ադրբեջանն է։ Իսրայելական պաշտպանական ընկերությունը հոկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ պայմանագիրը կնքվել է չհստակեցված «եվրոպական» պատվիրատուի հետ և պետք է իրականացվի առաջիկա երեք տարիներին։ Գործարքը ևս մեկ անգամ ցույց է տալիս Բաքվի և Թել Ավիվի միջև պաշտպանության ոլորտում խորացող համագործակցությունը։
Հրապարակման պահին Elbit Systems-ը պատվիրատուի ինքնության վերաբերյալ մեկնաբանություն դեռ չէր տվել, սակայն հաստատել էր գործարքի առկայությունը։
Ադրբեջան-Իսրայել դաշինքը հիմնված է ընդհանուր ռազմավարական շահերի վրա․ Իսրայելը հասանելիություն է ստանում էներգետիկ ռեսուրսների, իսկ Ադրբեջանը՝ առաջատար ռազմական տեխնոլոգիաների։ Այս համագործակցությունը կարևոր դեր խաղաց 2020-ի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ, երբ իսրայելական արտադրության հեռահար անօդաչուներն ու այլ ճշգրիտ զենքեր ադրբեջանական ուժերին օգնում էին հայտնաբերել և խոցել հայկական դիրքերը։
Elbit-ի տվյալներով՝ պայմանագիրը ներառում է միջին հեռահարության EXTRA-MR հրթիռներ, PULS արձակման կայանքներ և լոգիստիկ աջակցություն։ Մատակարարումներն ու համակարգերի ներդրումը նախատեսված են երեք տարվա ընթացքում։ EXTRA-MR-ը նախատեսված է մինչև 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներին ճշգրիտ հարվածներ հասցնելու համար։
Elbit-ը հայտնել է, որ համաձայնագիրը կնքվել է Իսրայելի Պաշտպանության նախարարության և պատվիրատու երկրի պաշտպանության նախարարության միջև միջկառավարական պայմանավորվածության շրջանակում։
Հաղորդվող հրթիռային գործարքը տեղի է ունենում Իսրայելի և Ադրբեջանի պաշտպանական համագործակցության ակտիվացման ֆոնին, երբ իսրայելական ռազմական ընկերությունները ընդլայնում են իրենց ներկայությունը Հարավային Կովկասի այս երկրում։
Մոտ մեկ շաբաթ առաջ Globes-ը հայտնել էր, որ իսրայելական Ari Arms զենք արտադրող ընկերությունը Ադրբեջանում հրացանների գործարան է բացել՝ նախագահ Իլհամ Ալիևի և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասնակցությամբ։
Ադրբեջանի կառավարությանը պատկանող գործարանը նախատեսվում է դարձնել երկրում արևմտյան տիպի M4 հրացանների արտադրության առաջին հարթակը։ Մինչ այդ այնտեղ հիմնականում «Կալաշնիկով» տեսակի զենք էր արտադրվում։
M4 հրացանների արտադրությունը կազմակերպվում է Ari Arms-ի, նախարար Վուգար Մուստաֆաևի ղեկավարած Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարության և ադրբեջանական Iqlim Scientific Production Enterprise ընկերության համատեղ ձեռնարկության միջոցով։
ADEX պաշտպանական ցուցահանդեսի ժամանակ Մուստաֆաևը Ալիևին և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին ներկայացրել էր գործարանում արտադրված M4-ի առաջին նախատիպը և պատմել նախագծի ու արտադրական գործընթացի մասին։
Այս տարվա ADEX ցուցահանդեսին մասնակցել էին նաև իսրայելական մի շարք պաշտպանական ընկերություններ, այդ թվում՝ Aeronautics-ը, Plasan-ը, UVision-ը, Bagira-ն և Bird-ը։ Ondas ընկերությունը, որի իսրայելական գործունեությունը ևս ուշադրության է արժանացել, ներկայացված էր Մոսադի նախկին ղեկավար Դեդի Բառնեայի գլխավորությամբ, որը ընկերության նախագահն ու տնօրենների խորհրդի նախագահն է։
Elbit Systems-ը՝ Իսրայելի խոշորագույն մասնավոր պաշտպանական ընկերությունը, նախկինում ևս, ըստ հաղորդումների, առաջարկել է իր արտադրանքի մի մասի արտադրությունը տեղայնացնել Ադրբեջանում՝ տեղական գործընկերների հետ։












