«Եվրամիությունը աշխատում է Ադրբեջանի ռազմավարական ոլորտներում ներդրումներ ներգրավելու շուրջ», - այդ մասին հոկտեմբերի 21-ին հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության դեսպան Մարիանա Կոյունջիչը Բաքվում անցկացված ԵՄ-Ադրբեջան գործարար համաժողովին։
«ԵՄ-ն Ադրբեջանի գլխավոր տնտեսական գործընկերն է և կարևոր դեր է կատարում Եվրոպական միության էներգետիկ անվտանգության ապահովման գործում», - ասել է եվրոպացի պաշտոնյան։ Նա այդ համատեքստում ընդգծել է նաև Միջին միջանցքի կարևորությունը, որը նախատեսում է էներգակիրների արտահանում Կենտրոնական Ասիայից Եվրոպա Հարավային Կովկասի և Թուրքիայի տարածքով։
«Տրանսկասպիական միջանցքը [Միջին միջանցքը] ունի բավարար ներուժ Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտային փոխկապակցվածության, լոգիստիկ և առևտրային կապերի տեսանկյունից», - ասել է Կույունջիչը։
Եվրամիությունը ավելի վաղ հետաքրքրություն է ցուցաբերել Ադրբեջանի ենթակառուցվածքների վերականգնման առնչությամբ։ Այն վերաբերում է նաև TRIPP նախագծի հետ փոխկապակցված Նախիջևանի ադրբեջանական երկաթուղիների վերականգնման աշխատանքներին։ Այդ հարցով ավելի վաղ Բրյուսելն ու Բաքուն բանակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի մակարդակով։
Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունների կարևոր բաղադրիչներից մեկը ադրբեջանական գազի արտահանումն է, որն իրականացվում է Հարավային Գազային միջանցքով՝ ընդգրկելով Վրաստանն ու Թուրքիան։ Այդ կապն ավելի է ամրապնդվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի միջև 2022-ին Բաքվում ստորագրված Ռազմավարական գործընկերության հուշագրով։ Ըստ հուշագրի՝ Ադրբեջանը մինչև 2027-ը պետք է տարեկան 20 մլրդ խորանարդ մետր գազ արտահանի Եվրոպա, այնինչ ներկայում դրա ծավալները ավելի համեստ են՝ կազմելով շուրջ 13 մլրդ խորանարդ մետր։












