Գլխավոր Լրահոս

«Հարցը դեռ ճշգրտման կարիք ունի»․ Միրզոյանը՝ TRIPP-ի շրջանակում ՀՀ քաղաքացիների՝ Ադրբեջանով անցնելու մասին

«Հարցը դեռ ճշգրտման կարիք ունի»․ Միրզոյանը՝ TRIPP-ի շրջանակում ՀՀ քաղաքացիների՝ Ադրբեջանով անցնելու մասին

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի համատեքստում Հայաստանի քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով անցնելու ընթացակարգը դեռ ճշգրտման կարիք ունի։ Այս մասին հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով TRIPP-ի շրջանակում սահմանային և մաքսային վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ հարցերին։

«Կարծում եմ՝ այս հարցը դեռևս ճշգրտման կարիք ունի»,- ասել է Միրզոյանը։

Նախարարի կանխատեսմամբ՝ սահմանային և մաքսային ընթացակարգերի թվայնացումը, այդ թվում՝ բեռների նախնական հայտարարագրումը, կարող է լայնորեն կիրառվել նաև Ադրբեջանի տարածքում։ Միրզոյանը, սակայն, չի հայտնել, որ կողմերը նման ընթացակարգի շուրջ արդեն պայմանավորվածություն ունեն։

TRIPP-ի «ֆրոնտ օֆիսում» կարող է ներգրավվել մասնավոր օպերատոր, բայց դեռ փաստ չէ

Միրզոյանը հայտնել է, որ «ֆրոնտ օֆիսում» անմիջական սպասարկման գործառույթներին կարող է ներգրավվել մասնավոր ընկերություն։ Սակայն դրա ներգրավման հարցը դեռևս վերջնական փաստ չէ։

«Սա դեռ փաստ չի, հետագա ընթացքը ցույց կտա։ Կարող է լինել մասնավոր»,- ասել է Միրզոյանը։

Նախարարի ներկայացմամբ՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման դեպքում հնարավոր է, որ սահմանը հատող անձինք պետական ծառայողների հետ անմիջական շփում չունենան։ Օրինակ՝ փաստաթղթերը կարող են նախապես ներկայացվել էլեկտրոնային եղանակով, իսկ անցման ընթացքում կիրառվել սկանավորման միջոցներ։

Նախարարը միաժամանակ ընդգծել է, որ նման սպասարկման մեխանիզմը չի ենթադրում Հայաստանի սահմանային և մաքսային վերահսկողության լիազորությունների փոխանցում մասնավոր ընկերությանը։

Նրա պարզաբանմամբ՝ կասկածելի բեռի կամ լրացուցիչ ստուգման անհրաժեշտության դեպքում գործընթացին միջամտելու են Հայաստանի մաքսային և սահմանապահ ծառայողները։ Նույնիսկ ֆիզիկական միջամտությունից հետո որոշումները կայացվելու են հայկական պետական մարմինների կողմից։

«Որոշումներն էլ, սա էլ է հստակ ամրագրված։ Որոշումներն էլ կայացվում է բեք օֆիսում»,- ասել է Միրզոյանը։

Նախարարն անդրադարձել է նաև մասնավոր ընկերության անվտանգության ծառայության հնարավոր գործառույթներին՝ դրանք տարանջատելով պետական սահմանային անվտանգության ապահովումից։ Որպես օրինակ նա հիշատակել է օդանավակայանների ներքին անվտանգության ծառայությունները։

Ինչ է նախատեսում TRIPP-ի իրականացման շրջանակը

2026-ի հունվարի 13-ին Հայաստանի և ԱՄՆ-ի հրապարակած TRIPP-ի իրականացման շրջանակում նախատեսվում է սահմանային և մաքսային սպասարկման «ֆրոնտ օֆիս-բեք օֆիս» գործառնական մոդել։

Ըստ փաստաթղթի՝ «ֆրոնտ օֆիսի» մասնավոր օպերատորները կարող են զբաղվել փաստաթղթերի նախնական հավաքագրմամբ, տեղեկատվության տրամադրմամբ, առևտրի և տարանցման վճարների մշակմամբ, ինչպես նաև վարչական աջակցությամբ։

«Բեք օֆիսի» գործառույթները վերապահված են Հայաստանի պետական մարմիններին։ Դրանք ներառում են մաքսային վերջնական որոշումների կայացումը, անվտանգության ստուգումները, միգրացիոն վերահսկողությունը, իրավապահ գործողությունները և զննումները։

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև 2026-ի հունիսին ստորագրված ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրում նույնպես ամրագրված է, որ Հայաստանը պահպանում է ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային և մաքսային գործառնությունների նկատմամբ։ Փաստաթղթով նախատեսվում է մասնավոր օպերատորների ներգրավում անմիջական սպասարկման գործառույթներում՝ Հայաստանի և TRIPP զարգացման ընկերության փոխադարձ համաձայնությամբ։

Հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին։ Այն նախատեսվում է քննարկել հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ հերթական լիագումար նիստում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում