Ստորագրվել է TRIPP-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համաձայնագիրը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Այս մասին հայտնում են արտգործնախարարությունից։
Համաձայնագիրը նախաստորագրվել էր մայիսի 26-ին, երբ Մարկո Ռուբիոն ժամանել էր Հայաստան։
Համաձայնագիրը հեռավար ստորագրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և այն ուղարկել Հայաստան, որն էլ այսօր ստորագրել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
TRIPP-ը (Trump Route for International Peace and Prosperity) կամ «Թրամփի ուղին» հաղորդակցության հայեցակարգի նախագիծ է, որի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համատեղ հռչակագրով: Այն նախատեսում է Սյունիքի տարածքով ճանապարհի, երկաթուղու և այլ ենթակառուցվածքների կառուցում, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի նրա էքսկլավ Նախիջևանի հետ։
Արտգործնախարարության կայքում համաձայնագրի վերաբերյալ հրապարակման մեջ նշվում է, որ համաձայնագրի նպատակը և Կողմերի քաղաքականությունն է խորացնել Կողմերի միջև տնտեսական համագործակցությունը՝ TRIPP-ի իրականացման և դրա հաջողության ապահովման նպատակով:
Կողմերը պետք է համագործակցեն TRIPP-ի իրականացումը հնարավոր դարձնելու ուղղությամբ՝ միջազգային, միջպետական և ներպետական տրանսպորտային փոխկապակցվածության, տարածաշրջանային և համաշխարհային առևտրի ընդլայնման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդման նպատակով:
Համաձայնագրով՝ Կողմերն ընդունում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է ապահովել սահմանների արդյունավետ կառավարում և ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք։ Հայաստանը, իր ներպետական օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համապատասխան, շարունակում է պատասխանատու լինել և տրամադրել համապատասխան ենթակառուցվածքներ հետևյալի համար՝
ա) անվտանգություն և իրավապահ գործունեություն,
բ) սահմանային հսկողություն և սահմանային անվտանգություն,
գ) մաքսային և միգրացիոն հսկողություն,
դ) հարկերի և տուրքերի փոխանցում պետական բյուջե,
ե) պետական տեղեկատվական համակարգեր, և
զ) պետական վարչարարություն և վերահսկողություն։











