Գլխավոր Լրահոս

Երեկվա անտեսվածները

Երեկվա անտեսվածները

Արշալույս Մղդեսյան

Հանրային տրանսպորտում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի մասին շատ բան ասվեց։ Չեմ ուզում կրկնվել։ Հնչած քննադատություններից շատերի հետ համաձայն եմ։

Բայց ուզում եմ այս պատմությանը մի փոքր այլ տեսանկյունից մոտենալ։ Մի տեսանկյունից, որը, կարծում եմ, կարող է օգնել հասկանալու ոչ միայն այս դեպքը, այլև ֆիզիկական ու հոգեբանական բռնության բազմաթիվ այլ՝ դեռևս թաքնված դրսևորումներ, որոնք տեղի են ունենում այսօր և, ցավոք, շարունակվելու են վաղը, մյուս օրը։

Ես այդ տղային ճանաչեցի։

Հիշեցի նրան ուսանողական տարիներից։ Հեռավոր 2003–2009 թվականներին այդ տղային, որն այն ժամանակ դեռ անչափահաս էր, պարբերաբար կարելի էր տեսնել Երևանի պետական համալսարանի, Ժողինստիտուտի և այլ բուհերի բակերում՝ Աստծո պատկերներով օրացույցներ «վաճառելիս»։ Այն ժամանակ տարածված՝ մարդկանց գթասրտության վրա հիմնված յուրօրինակ «բիզնեսներից» էր։

Ինչո՞ւ եմ հիշում այս դրվագը, և ինչո՞ւ եմ կարծում, որ այն կարևոր է։

Ես չգիտեմ՝ այդ տղան դպրոց հաճախե՞լ է, թե՞ ոչ։ Կարող եմ սխալվել, բայց ենթադրում եմ՝ ոչ: Նա, բազմաթիվ այլ երեխաների նման, դուրս է մնացել կրթական համակարգից։

Ես նաև չգիտեմ՝ այդ երեխան երբևէ հայտնվե՞լ է սոցիալական ծառայությունների ուշադրության կենտրոնում։ Իսկ եթե հայտնվել է, ապա որքանո՞վ է արդյունավետ եղել պետական միջամտությունը։

Բայց հենց այստեղից էլ սկսվում է ինձ հետաքրքրող շատ ավելի մեծ խնդիրը։

Քանի՞ այդպիսի երեխա կա այսօր մեր կողքին, որոնց մենք ամեն օր տեսնում ենք, բայց իրականում չենք նկատում։ Իսկ պետությունը նրանց մասին ի՞նչ գիտի։

Թեև Հայաստանում միջնակարգ կրթությունը պարտադիր է, հազարավոր երեխաների՝ կրթական համակարգում ընդգրկված լինելու կամ ուսումը շարունակելու հարցը շարունակում է լուրջ խնդիր մնալ։

2024 թվականի հունվարի դրությամբ, Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության համաձայն, պարտադիր կրթությունից դուրս մնացածների հաշվառման համակարգում առկա էր 19,605 երեխայի տվյալ։ Ճիշտ է, այս թիվը ներառում էր նաև արտերկրում գտնվող և սխալ հաշվառված երեխաների, հետևաբար այն չի արտացոլում Հայաստանում փաստացի դպրոց չհաճախողների ճշգրիտ թիվը։

2025 թվականին էլ գրանցվել է կրթությունից դուրս մնալու կամ դուրս մնալու ռիսկի վերաբերյալ 1,603 հայտ։ Ընդ որում, ԿԳՄՍ նախարարությունը դեռևս չի հրապարակել տարեկան կտրվածքով կրթությունից փաստացի դուրս մնացած երեխաների ամբողջական և ստուգված թիվը։

Այս թվերի հետևում մարդկային իրական ճակատագրեր են։ Երեխաներ, որոնք մեծանում են մեր աչքի առաջ՝ երբեմն կրթությունից, սոցիալական աջակցությունից և պետական հոգածությունից դուրս։ Երեխաներ, որոնց խնդիրները տարիներով կարող են մնալ չբացահայտված, մինչև մի օր դրանց հետևանքները դառնան հանրային աղմուկի առարկա։

Իհարկե, կրթությունից դուրս մնալը կամ աղքատության մեջ մեծանալն ինքնին որևէ մեկին բռնարար չի դարձնում։ Եվ ես բնավ չեմ պնդում, թե այդ հանգամանքներն են տվյալ մարդու վարքագծի պատճառը։ Բայց դրանք սոցիալական միջավայրի այն կարևոր ազդակներից են, որոնք պետությունը չպետք է անտեսի։

Իսկ ի՞նչ ենք անում մենք, երբ արդեն բախվում ենք բռնության հերթական աղաղակող դեպքին։

Ճիշտ է՝ դատապարտում ենք, պահանջում պատասխանատվություն և պատիժ։ Եվ միանգամայն իրավացիորեն։ Բռնությունը պետք է ունենա իրավական հետևանքներ, իսկ տուժողի իրավունքներն ու անվտանգությունը՝ լինեն առաջնային։

Բայց հաճախ դրանով էլ սահմանափակվում ենք։

Մենք քննարկում ենք, թե ինչպես պատժել արդեն բռնարար դարձած մարդուն, բայց գրեթե չենք հարցնում՝ ինչպե՞ս է պատահում, որ երջանիկ լինելու նույն իրավունքով այս աշխարհ եկած երեխան տարիներ անց հայտնվում է բռնարարի դերում։ Ի՞նչ է տեղի ունեցել այդ ճանապարհին։ Որտե՞ղ էին ընտանիքը, դպրոցը, սոցիալական ծառայությունները, պետությունը։ Եվ արդյոք որևէ մեկը ժամանակին նկատե՞լ է այն խնդիրները, որոնք կարող էին միջամտություն պահանջել։

Ես չգիտեմ՝ այս կոնկրետ պատմության դեպքում այդ հարցերի պատասխաններն ինչպիսին կլինեն։ Բայց համոզված եմ, որ դրանք պետք է հնչեն, որովհետև արդեն կատարված բռնության համար պատիժ պահանջելը անհրաժեշտ է, բայց բավարար չէ։

Եթե ուզում ենք կանխել հաջորդ բռնությունը, պետք է սովորենք տեսնել այն երեխաներին, որոնց այսօր չենք նկատում։ Որպեսզի վաղը ստիպված չլինենք նրանց ճանաչել արդեն հերթական աղաղակող միջադեպի տեսագրությունից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում