Արցախից տեղահանված շուրջ 25 հազար մարդ պետական աջակցությամբ Հայաստանում անշարժ գույք է ձեռք բերել կամ գտնվում է տան կառուցման փուլում։ Նոյեմբերի 9-ի ասուլիսում այս մասին հայտարարել է աշխատանքի և բարեկեցության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
Նրա խոսքով՝ բնակապահովման պետական աջակցության ծրագրով հաստատվել է 9042 ընտանիքի հավաստագիր՝ շուրջ 37 հազար մարդու համար։ Դրանցից 5372 ընտանիք արդեն իրացրել է հավաստագիրը։
Ղարագյոզյանը նշել է, որ հավաստագիր ստացած ընտանիքներից 396-ն ընտրել է անհատական տան կառուցման բաղադրիչը, որոնցից 107-ն արդեն իրացրել է հավաստագիրը։
«Այսօր արդեն ունենք մի իրավիճակ, որ երկրորդային շուկայում կարծեք թե պատրաստի տները սպառվել են և մեր շահառուների մեծ մասը ապավինում են այլևս կառուցապատման բաղադրիչին»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ նախարարությունը փորձում է բարելավել կառուցապատման բաղադրիչի ընթացակարգերը, որպեսզի շահառուները բանկերի և կառուցապատողների հետ խնդիրներ չունենան։
Հավաստագրերի իրացման ցուցանիշով առաջատարը Կոտայքի մարզն է, որտեղ ծրագրից օգտվել է 1534 ընտանիք։ Հաջորդում են Արմավիրը՝ 830 ընտանիքով, և Արարատը։ Երևանում հավաստագիր է իրացրել 537 ընտանիք։
Ղարագյոզյանն անդրադարձել է նաև անշարժ գույքի գների բարձրացմանը՝ նշելով, որ խնդիրը հատկապես զգալի է Երևանում։ Այստեղ ծրագրով յուրաքանչյուր շահառուի հաշվով նախատեսված է 3 մլն դրամ աջակցություն, ուստի փոքրաթիվ ընտանիքները բնակարան ձեռք բերելիս հաճախ լրացուցիչ ֆինանսական միջոցների կարիք ունեն։
Միաժամանակ նախարարության խորհրդականը պնդել է, որ փոքրաթիվ ընտանիքների համար ևս հնարավոր է գույք ձեռք բերել ամբողջությամբ պետական աջակցության հաշվին։
Նրա ներկայացրած տվյալներով՝ մեկ անձից բաղկացած 188 ընտանիք արդեն իրացրել է հավաստագիրը, որոնցից 105-ը՝ առանց հավելյալ միջոցների։ Երկու անձից բաղկացած 502 ընտանիքներից 267-ը նույնպես լրացուցիչ միջոցներ չի ներգրավել, իսկ երեք անձից բաղկացած 703 ընտանիքներից՝ 336-ը։
«Առնվազն անհնար չէ փոքր կազմով ընտանիքների դեպքում հավաստագրերի իրացումը, այդ թվում՝ 100% սուբսիդավորմամբ»,- ասել է Ղարագյոզյանը։
Նա նաև հայտնել է, որ 1462 ընտանիք հավաստագրի իրացումից հետո դրական մնացորդ է ունեցել, այսինքն՝ անշարժ գույքը ձեռք է բերել իրեն հասանելիք պետական աջակցության գումարից ավելի ցածր արժեքով։
Գործող կարգով այդ մնացորդը հնարավոր է օգտագործել վերանորոգման վարկի համար՝ մինչև 4 մլն դրամ, կահույքի և կենցաղային տեխնիկայի ձեռքբերման համար՝ մինչև 2 մլն դրամ, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերման համար՝ մինչև 5 մլն դրամ։
Ղարագյոզյանի խոսքով՝ 1086 ընտանիք արդեն ստացել է շուրջ 3,4 մլրդ դրամի վերանորոգման վարկ, 973 ընտանիք աջակցությամբ ձեռք է բերել կահույք և կենցաղային տեխնիկա, իսկ 80 ընտանիք՝ գյուղատնտեսական նշանակության հողամաս։
Ասուլիսում պաշտոնյան ներկայացրել է նաև բնակապահովման ծրագրում նախատեսվող երեք փոփոխությունները։
Առաջինով առաջարկվում է երկարաձգել գործող հիփոթեքային վարկերի մարման պետական աջակցության համար սահմանված ժամկետը։ Ներկայում դրանից կարող են օգտվել 2025-ի հուլիսի 1-ի դրությամբ գործող հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքները։ Առաջարկվում է այդ ժամկետը երկարաձգել մինչև 2026-ի ավարտը։
Ղարագյոզյանի պարզաբանմամբ՝ փոփոխությունը նախատեսված է այն ընտանիքների համար, որոնք, մասնավորապես, քաղաքացիություն ստանալու գործընթացի ձգձգման պատճառով չեն հասցրել հավաստագիր ստանալ և անշարժ գույք են ձեռք բերել հիփոթեքային վարկով։
Երկրորդ փոփոխությամբ առաջարկվում է թույլատրել հավաստագրի իրացումից հետո առաջացած դրական մնացորդն ուղղել նաև հավելյալ հիփոթեքային վարկի մարմանը։
Երրորդ փոփոխությունը վերաբերում է շահառու ընտանիքներում ծնված երեխաներին։ Գործող կարգով ծրագրում ներառվում են մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաները։ Առաջարկվում է ժամկետը երկարաձգել մինչև 2027-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Փոփոխության ընդունման դեպքում այդ երեխաների հաշվով ընտանիքները նույնպես կկարողանան ստանալ 3, 4 կամ 5 մլն դրամ աջակցություն՝ կախված անշարժ գույքի գտնվելու վայրից։
Ղարագյոզյանի խոսքով՝ փոփոխությունների նախագիծը մշակվել է հոկտեմբերի 14-ին Ազգային ժողովում տեղահանվածների հետ անցկացված քննարկման արդյունքում և այժմ ներկայացված է հանրային քննարկման։
Նա հայտնել է նաև, որ 2026-ի համար ծրագրին նախատեսված 31 մլդ դրամի շուրջ կեսն արդեն օգտագործվել է։ Պաշտոնյան ակնկալում է, որ մինչև տարեվերջ նախատեսված ամբողջ գումարը կծախսվի՝ հաշվի առնելով նաև պետության կողմից 20 տոկոս կանխավճարի փոխհատուցման հնարավորության ներդրումը։
Ղարագյոզյանի ներկայացմամբ՝ 2027-ի պետական բյուջեով այս ծրագրերի համար նախատեսված է 42 մլրդ դրամ։
Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը կառավարությունը հաստատել է 2024 թվականի մայիսի 16-ին։ Ծրագրի շրջանակում ընտանիքները կարող են պետական աջակցությամբ ձեռք բերել բնակարան կամ տուն, կառուցել սեփական տուն կամ ստանալ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Աջակցության չափը անշարժ գույքի ձեռքբերման և կառուցապատման բաղադրիչներով մեկ անձի հաշվով կազմում է 3-ից 5 մլն դրամ՝ կախված բնակավայրից։ Ծրագրով նախատեսված են ավելի բարձր աջակցության չափեր որոշ բնակավայրերում՝ խրախուսելով բնակություն հաստատել մարզերում։












