Գլխավոր Լրահոս

Հայաստանի 2027-ի բյուջեն չի համապատասխանում գիտության ոլորտի սեփական ռազմավարությանը

Տիգրան Շահվերդյանը։ Էկրանաադրը՝ հարցազրույցից։

Տիգրան Շահվերդյանը։ Էկրանաադրը՝ հարցազրույցից։

Լիա Ավագյան

Հայաստանի 2027-ի բյուջեն չի համապատասխանում գիտության ոլորտի սեփական ռազմավարությանը

2027 թվականի պետական բյուջեի նախագիծը չի ֆինանսավորում այն ռազմավարությունը, որը կառավարությունն ընդունել է այս տարվա սկզբին։ Այս մասին ասել է «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը։

Երկուշաբթի ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում Robomart ընկերության համահիմնադիր Շահվերդյանն ասել է, որ ռազմավարության միջոցառումների ծրագրով գիտության ֆինանսավորումը հաջորդ տարի պետք է աճի 12.5-ից 21.5 մլրդ դրամով։ Բյուջեի նախագծով նախատեսված աճը մոտ 1.5 մլրդ դրամ է։ Շահվերդյանը միջակայք է նշում, քանի որ ծրագրում հստակ տարանջատված չէ, թե որ միջոցառումներն են շարունակական, որոնք՝ նոր։

«Սա պետությո՞ւն է, թե՞ տուն-տունիկ ենք խաղում։ Կառավարության որոշում ենք ընդունում, ծրագիր ենք ընդունում, ասում ենք՝ այս ինչ ծախսեր ենք պլանավորում, էս ինչ թիրախներ ենք դնում, հետո գալիս ենք ու եկող տարվա բյուջեում չենք պլանավորում»,- ասել է Շահվերդյանը։

Կառավարությունը գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագիրն ընդունել է հունվարին։ «Գիտուժը» ողջունել էր այն որպես ոլորտի առաջին ռազմավարական ծրագիր՝ չնայած որոշ բացթողումներին։ Ռազմավարությամբ նախատեսվում է մինչև 2030 թվականը հետազոտությունների և մշակումների պետական ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 0.75 տոկոսին, իսկ հետազոտողների թիվը՝ մոտ 3000-ից 6000-ի։

Ֆինանսների նախարարության փաստարկը

Շահվերդյանի խոսքով՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պնդում է, որ գիտությանը հատկացված գումարներն ամբողջությամբ չեն ծախսվում, ուստի դրանք ավելացնելու հիմք չկա։ Շահվերդյանը համաձայն չէ այդ տրամաբանությանը։

Նրա խոսքով՝ նույն տրամաբանությամբ չէին լինի նաև վերջին տարիների կտրուկ ավելացումները, որոնցով կառավարությունն այսօր հպարտանում է։ Հարցը, ըստ նրա, այն է, թե ինչու գումարները չեն ծախսվել։

«Կամ կատարեք ծրագիրը, կամ էլ կառավարության որոշում ընդունեք, որ չեղարկում եք ծրագիրը»,- ասել է նա։

2021-ին գիտության ֆինանսավորման ավելացման պահանջով ստեղծված «Գիտուժ» նախաձեռնությունը տարիներ շարունակ պնդում է, որ հետազոտություններն ու մշակումները կարևոր են Հայաստանի անվտանգության և տնտեսական մրցունակության համար։

Շահվերդյանի խոսքով՝ Հայաստանում դեռ չկա համակարգային մեխանիզմ, որով պետությունը կպատվիրի հետազոտություններ։ ԿԳՄՍ նախարարությունը հավաքագրում է այլ նախարարությունների հետազոտական կարիքները, սակայն վերջիններս պարտավոր չեն արձագանքել։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մշակած ոլորտային ռազմավարությունը, որում նախատեսված էր հետազոտությունների ֆինանսավորում, դեռ ընդունված չէ։

Շահվերդյանի խոսքով՝ «Գիտուժը» այս հարցը բարձրացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքականության հետազոտություն անցկացնել՝ ինստիտուցիոնալ բացը լրացնելու համար։ Տեխնիկական առաջադրանքն ու գնահատման ուղեցույցը պատրաստ են, սակայն մայիսի վերջից աշխատանքը կանգնած է։

Բաց նամակ և հրաժարական

Հարցն արդեն հանրային դաշտ է տեղափոխվել։ Շահվերդյանի խոսքով՝ գիտության ֆինանսավորման վերաբերյալ բաց նամակը արդեն ստորագրել է ավելի քան 300 գիտնական, մինչդեռ հոկտեմբերի 13-ին հրապարակվելիս ստորագրողները 240 էին։ Նամակին հրապարակայնորեն արձագանքել է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։

Սեպտեմբերի 29-ին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից հեռացավ Սարգիս Հայոցյանը, ով 2020-ից ղեկավարում էր գիտության ոլորտը համակարգող պետական մարմինը։ Իր հրաժարականի հայտարարությունում Հայոցյանը նշել էր, որ իր տրամադրության տակ եղած գործիքներով չի կարող ապահովել բարեփոխումների համար անհրաժեշտ տեմպն ու հետևողականությունը։ Հետագայում հրաժարական տվեց նաև նրա տեղակալ Արթուր Մովսիսյանը։

Շահվերդյանը Հայոցյանի հեռանալը կապում է բյուջեի հետ։ Նրա խոսքով՝ Հայոցյանը նվիրված առաջ էր տանում ռազմավարությունը, բայց հրաժարական տվեց՝ տեսնելով, թե որքան քիչ գումար է հատկացվում ոլորտին։

Շահվերդյանը զգուշացնում է, որ ֆինանսավորման բացն արդեն իսկ խարխլում է գիտնականների վստահությունը։ 2021-ին մեկնարկած առաջատար գիտական խմբերի հնգամյա խոշոր դրամաշնորհներն այս տարի ավարտվել են, իսկ նոր մրցույթներ չեն հայտարարվել։ Որոշ խմբեր մագիստրանտներին վարձատրվող աշխատանք էին խոստացել, որն այժմ չեն կարող առաջարկել։

«Այդ վստահության կորուստը շատ վատ հետևանքներ ունի»,- ասել է Շահվերդյանը։ Նրա խոսքով՝ մի քանի ամսվա ընդհատումները կարող են տարիներով խզումների վերածվել։

«Գիտուժը» կառավարությանը կոչ է անում հենց այս տարի գումար հատկացնել այն մրցույթների համար, որոնց արդյունքները չեն հայտարարվում ֆինանսավորման բացակայության պատճառով։ Շահվերդյանը հիշեցնում է, որ 2026-ի բյուջեով նախատեսված է գիտությանը մոտ 7 մլրդ դրամի լրացուցիչ հատկացման հնարավորություն։ Նախաձեռնությունը պահանջում է նաև, որ 2027-ի բյուջեում այդ ծրագրերը ֆինանսավորվեն ամբողջ տարվա համար և ներառվեն ռազմավարությամբ նախատեսված միջոցառումները։

Հարցազրույցի հրապարակումից հետո՝ հոկտեմբերի 15-ին, կառավարությունը գիտությանը վերաբաշխեց 2.36 մլրդ դրամ։ Գումարի մեծ մասն ուղղվելու է գիտական սարքավորումների ձեռքբերմանը, մնացածը՝ դրամաշնորհային հետազոտություններին։ Միջոցները վերաբաշխվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի համար նախատեսված գումարներից։ «Գիտուժը» ողջունեց նույն օրը վարչապետի հայտարարությունը, որ կառավարությունը կհասնի հետազոտությունների ֆինանսավորման թիրախներին, սակայն ընդգծեց, որ ռազմավարության միջոցառումները պետք է արտացոլվեն 2027-ի բյուջեում։

Հակառակ դեպքում, ըստ Շահվերդյանի, Հայաստանը կսկսի կորցնել վերջին տարիներին ձեռք բերածը։ Իսկ «Գիտուժի» առջև, նրա խոսքով, ծառանում է բարդ հարց՝ ինչպես համագործակցել մի գործընկերոջ հետ, որը չի կատարում իր իսկ փաստաթղթավորված պարտավորություններն ու որոշումները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում