Գլխավոր Լրահոս

Արցախցիների բնակապահովման ծրագրում երեք փոփոխություն է քննարկվում․ Թորոսյան

Արցախցիների բնակապահովման ծրագրում երեք փոփոխություն է քննարկվում․ Թորոսյան

Կառավարությունը քննարկում է Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում երեք փոփոխություն կատարելու հնարավորությունը։ Դրանք վերաբերում են հիպոթեքային վարկերով ձեռք բերված բնակարանների համար հավաստագրերի տրամադրման ժամկետին, աջակցության չօգտագործված գումարի տնօրինմանը և ընտանիքներում ծնված երեխաների համար նախատեսված հավաստագրերին։ Այս մասին հոկտեմբերի 26-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հայտնել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ փոփոխությունները մշակվում են երկու շաբաթ առաջ Ազգային ժողովում Արցախից տեղահանվածների հետ անցկացված քննարկման ընթացքում ներկայացված առաջարկությունների հիման վրա։

«Որոշակի փոփոխությունների նախագիծ շուտով կշրջանառենք այդ առաջարկների հիման վրա»,- ասել է Թորոսյանը։

Նախարարի ներկայացմամբ՝ առաջին առաջարկը վերաբերում է այլ հիպոթեքային վարկերով ձեռք բերված բնակարանների համար բնակապահովման հավաստագրերի տրամադրմանը։ Քննարկվում է համապատասխան ժամկետը մինչև 2026-ի ավարտը երկարաձգելու հնարավորությունը։

Երկրորդ առաջարկով նախատեսվում է թույլ տալ հավաստագրով նախատեսված աջակցության չօգտագործված գումարով մարել այն լրացուցիչ հիպոթեքային վարկը, որը վերցվել է հավաստագրի միջոցով բնակարան ձեռք բերելու համար։

«Մենք թույլ կտանք դրա մնացորդով մարել հավելյալ հիպոթեքային վարկը, որն օգտագործվել է սերտիֆիկատով բնակարան ձեռք բերելու համար»,- ասել է նախարարը։

Երրորդ փոփոխությունը վերաբերում է ընտանիքներում ծնված երեխաների համար նախատեսված հավաստագրերի տրամադրման ժամկետին։ Թորոսյանի խոսքով՝ քննարկվում է այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությունը։

Նա պարզաբանել է, որ որոշ ընտանիքներ դեռ չեն հասցրել հավաստագրով բնակարան ձեռք բերել, մինչդեռ այդ ընթացքում նրանց ընտանիքներում երեխաներ են ծնվել։

Թորոսյանը միաժամանակ ընդգծել է, որ առաջարկները նախնական են, և համապատասխան նախագծերը դեռ պետք է շրջանառության մեջ դրվեն ու քննարկվեն մյուս գերատեսչությունների հետ։

Նախարարի խոսքով՝ ներկայացված առաջարկներն այս փուլում ողջամիտ և հիմնավոր են, սակայն ծրագրի պայմանների փոփոխությունները չեն կարող անվերջ շարունակվել։ Նա տեղահանված քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս արագ օգտվել բնակարանային աջակցությունից։

Հոկտեմբերի 13-ին Ազգային ժողովում տեղի էր ունեցել Արցախից տեղահանվածների խնդիրներին նվիրված քննարկում։ Մասնակիցները բարձրաձայնել էին նաև բնակարանային հավաստագրերով անշարժ գույք ձեռք բերելու դժվարությունները և առաջարկել վերանայել ծրագրի որոշ պայմաններ։

Քննարկումից հետո Թորոսյանը հայտարարել էր, որ բնակարանային հավաստագրերով տրամադրվող աջակցության չափերի բարձրացում չի նախատեսվում։ Նրա խոսքով՝ 2027-ի պետական բյուջեն ծրագրված է արդեն տրամադրված և նոր տրամադրվելիք հավաստագրերը ֆինանսավորելու համար։

Նախարարի հոկտեմբերի 13-ին ներկայացրած տվյալներով՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ տրամադրվել էր 8643 բնակարանային հավաստագիր, որոնցից իրացվել էր 4991-ը։

Կառավարությունը ծրագրի պայմանները փոփոխել էր նաև մարտի 26-ին։ Մասնավորապես, ընդլայնվել էր այն բնակավայրերի ցանկը, որտեղ մեկ անձի հաշվով նախատեսվում է 4 մլն դրամ աջակցություն։ Նախկինում այդ բնակավայրերից մի մասում սահմանված էր 3 մլն դրամ։

Նույն որոշմամբ փոփոխություններ էին կատարվել նաև ընտանիքներում ծնված երեխաների հաշվառման պայմաններում՝ նախատեսելով ծրագրում ընդգրկել մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաներին՝ անկախ ընտանիքի դիմումի և հավաստագրի ստացման ժամկետներից։

Հոկտեմբերի 26-ին Թորոսյանի ներկայացրած նոր առաջարկով քննարկվում է երեխաներին վերաբերող ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում