Գլխավոր Լրահոս

Նիդերլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին անհետ կորածների որոնման համար

Նիդերլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին անհետ կորածների որոնման համար

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին և Ադրբեջանին՝ հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց որոնման գործընթացում։ Այս մասին հոկտեմբերի 27-ին Երևանում հայտարարել է Նիդերլանդների արտգործնախարար Թոմ Բերենդսենը՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նիդերլանդների նախարարի խոսքով՝ կարևոր է երկու երկրների միջև վստահության ամրապնդումը, և այդ նախաձեռնությունը պետք է դառնա խաղաղության գործընթացի մաս։

Նիդերլանդների արտգործնախարարը հայտնել է, որ իր երկիրը ցանկանում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել նախագծին և, հնարավորության դեպքում, աջակցել նաև այլ եղանակներով։

Բերենդսենը նախօրեին՝ հոկտեմբերի 26-ին, այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպել էր այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Բաքվում քննարկվել էր նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը։

Անդրադառնալով անհետ կորածների հարցին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ նրանց ճակատագրերի պարզաբանումը Հայաստանի համար զգայուն և կարևոր խնդիր է։

«Մեր բոլորիս համար դա շատ կարևոր է՝ անհետ կորածների ճակատագրերի պարզաբանումը»,- ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ հարցը կարևոր է նաև Ադրբեջանում։

Նախարարի խոսքով՝ սա այն ոլորտներից է, որտեղ երրորդ երկրների, մասնավորապես՝ Նիդերլանդների մասնակցությունն ու ներդրումը ողջունելի են։

«Սա երևի այն ոլորտն է, այն ուղղությունն է, որտեղ մեր երրորդ գործընկերների՝ Նիդերլանդների միջամտումը և մասնակցությունը և ներդրումը շատ ողջունելի է, կարծում եմ, բոլորի կողմից»,- հայտարարել է Միրզոյանը։

Հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովում Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ անհետ կորածների հարցը քննարկվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բիշքեկում կայացած վերջին հանդիպմանը, ինչպես նաև իր և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ Նյու Յորքում ունեցած հանդիպմանը։

Հոկտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ալիևի հետ քննարկել են երկու երկրների՝ անհետ կորածների հարցերով զբաղվող համապատասխան հանձնաժողովների համագործակցությունն ակտիվացնելու հարցը։

Փաշինյանը նշել էր, որ 1990-ական թվականներից ի վեր հայկական կողմն ունի մոտ 1000 անձ, որոնց գտնվելու վայրն անհայտ է։ Նրա խոսքով՝ երկու կողմերում էլ կան անհետ կորածներ, և նրանց ճակատագրերը պարզելու համար անհրաժեշտ է համագործակցություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում