Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկությունը մերժում է, թող ժամանակ ու ջանք չծախսեն։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետի առաջարկին՝ ապահովել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ վեց ձայնը։
«Փաշինյանի հետ բանակցելը բացառվում է, ահաբեկիչների հետ չենք բանակցում։ Փաշինյանի գործողություններն ահաբեկչի գործողություններ են»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է Խաչատրյանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության Տիգրան Աբրահամյանը հայտնել է, որ խմբակցությունում դեռ ուսումնասիրում են նոր Սահմանադրության նախագիծը, միևնույն ժամանակ շեշտել է, որ Ալիևի պահանջով սահմանադրություն չի փոխվելու։ Աբրահամյանի խոսքով՝ ինչպես պաշտպանել են Հայ Առաքելական եկեղեցին, այնպես էլ պաշտպանելու են Հայաստանի Սահմանադրությունը։
«Մեր 29 պատգամավորները չեն քվեարկելու ալիևյան սահմանադրության օգտին։ Սահմանադրության նախագծից պարզ է, որ սա ոչ միայն ալիևյան Սահմանադրություն լինելը, նաև ոչ ժողովրդավար, բռնապետական պետության միտում պարունակող Սահմանադրություն է»,- ասել է Աբրահամյանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանի կարծիքով, իրենց խմբակցությունն իշխանության հետ բովանդակային քննարկման մեջ չի մտնի նոր Սահմանադրության հարցում։
Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտնել է, որ Սահմանադրության նախագծի հանրային քննարկումները կշարունակվեն մինչև 2027-ի գարուն։
Գործող Սահմանադրության համաձայն՝ նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշման ընդունման համար անհրաժեշտ է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը։ 105 պատգամավոր ունեցող խորհրդարանում դա 70 կողմ ձայն է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 64 մանդատ, ուստի առանց ընդդիմադիր պատգամավորներից առնվազն վեցի աջակցության չի կարող նախագիծը հանրաքվեի դնելու որոշում ընդունել։
Նոյեմբերի 23-ին Արդարադատության նախարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հրապարակել է նոր Սահմանադրության առաջին նախագիծը։ Փաստաթուղթը տեղադրվել է հատուկ ստեղծված կայքում, որտեղ քաղաքացիները կարող են ծանոթանալ դրան և ներկայացնել իրենց առաջարկությունները։
Նոր Սահմանադրության նախագծի նախաբանում այլևս հղում չկա 1990 թվականի Անկախության հռչակագրին, մինչդեռ գործող Սահմանադրության նախաբանում հիշատակվում են հռչակագրում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները։ Նախագծի 8-րդ հոդվածով խաղաղության ապահովումը սահմանվում է Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակ։
Նախագծով առաջարկվում է նաև փոխել նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ ձայների շեմը՝ պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդից իջեցնելով երեք հինգերորդի։ Սակայն ներկայիս նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը պետք է ընդունվի դեռևս գործող Սահմանադրության պահանջներով՝ առնվազն 70 կողմ ձայնով։
Նոյեմբերի 23-ին նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո ժողովրդին հղած ուղերձում Փաշինյանը հայտարարել է, որ դրա ընդունումը պայմանավորված չէ արտաքին ճնշումներով։
«Երբեք ու երբեք չտրվեք գայթակղությանը մտածելու, թե մենք սա անում ենք արտաքին ճնշումների կամ ուրիշի համար»,- ասել է վարչապետը։
Նա նոր Սահմանադրության նախագծով առաջարկվող կարգավորումները բնորոշել է որպես հրաժարում Անկախության հռչակագրի՝ իր գնահատմամբ, հակամարտության տրամաբանությունից։
Փաշինյանը նաև հայտարարել է, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո Հայաստանը կստորագրի և կվավերացնի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, ինչի արդյունքում, իր համոզմամբ, կհաստատվի «ինստիտուցիոնալ, տևական և անշրջելի խաղաղություն»։
Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի ստորագրումը պայմանավորում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ՝ պնդելով, որ Անկախության հռչակագրին հղումը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Հայաստանի իշխանությունները նախկինում հայտարարել են, որ չեն ընդունում խաղաղության համաձայնագրի ստորագրումն այդ նախապայմանով պայմանավորելը։
Նոյեմբերի 20-ին Ազգային ժողովում Փաշինյանն ընդդիմությանն առաջարկել էր ապահովել նոր Սահմանադրության հանրաքվեի համար անհրաժեշտ վեց ձայնը։ Նա հայտարարել էր, որ հանրաքվեում նախագծի մերժման դեպքում պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական կտա, իսկ ընդունման դեպքում հաջորդ՝ հերթական կամ արտահերթ ընտրություններում չի առաջադրվի վարչապետի թեկնածու։












