«Երբեք ու երբեք չտրվեք գայթակղությանը մտածելու, թե մենք սա անում ենք արտաքին ճնշումների կամ ուրիշի համար»,- նոյեմբերի 23-ին նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից հետո ժողովրդին հղած ուղերձում ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 1990-ի Անկախության հռչակագրի տրամաբանությունից հրաժարվելու հարցին։
Վարչապետի խոսքով՝ նոր Սահմանադրության նախագծի 8-րդ հոդվածով ամրագրվում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության նպատակը խաղաղության ապահովումն է։ Նա այդ դրույթը բնորոշել է որպես «դարակազմիկ արձանագրում»։
Փաշինյանը հայտարարել է, որ դա նշանակում է հրաժարում 1990-ի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրի՝ իր բնորոշմամբ, «կոնֆլիկտի» տրամաբանությունից։
Նրա խոսքով՝ նոր Սահմանադրության ընդունման նպատակն է ապահովել Հայաստանի պետականության հարատևությունը և երկիրը դուրս բերել «ֆորպոստի տրամաբանությունից»։
«Մեր նպատակը Հայաստանի Հանրապետությունը հողափոր խրամատից խաղաղության խաչմերուկ դարձնելն է»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով նաև այնպիսի բանակ ունենալու անհրաժեշտությունը, որը կկարողանա ինքնուրույն պաշտպանել պետության սահմանների և միջազգայնորեն ճանաչված տարածքի անձեռնմխելիությունը։
Փաշինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրությամբ առաջարկվում է պետության նոր մոդել՝ «Չորրորդ հանրապետություն»։
Վարչապետի գնահատմամբ՝ Երրորդ հանրապետությունը ստեղծվել է հակամարտության համար, մինչդեռ Չորրորդ հանրապետության հիմնական տարբերությունը պետք է լինի հակամարտության բացակայությունը։ Նա պնդել է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ու բանակցային գործընթացը Հայաստանը հասցրել են պետականության կորստի եզրին։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ Փաշինյանը հավաստիացրել է, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո Հայաստանը կստորագրի և կվավերացնի խաղաղության համաձայնագիրը։
«Ես այս հարցի մեջ եմ դնում իմ ողջ քաղաքական, մարդկային ու բարոյական վստահելիությունը և ասում եմ, որ նոր սահմանադրության ընդունումից հետո մենք ոչ միայն ստորագրելու և վավերացնելու ենք խաղաղության համաձայնագիրը Ադրբեջանի հետ, այլև ունենալու ենք ինստիտուցիոնալ, տևական և անշրջելի խաղաղություն»,- հայտարարել է վարչապետը։
Նրա խոսքով՝ Հայաստանը հնարավորություն ունի միաժամանակ ունենալու խաղաղություն, անկախություն և պետականություն, մինչդեռ նախկինում, իր գնահատմամբ, ժողովուրդը ստիպված է եղել ընտրություն կատարել դրանց միջև։
Փաշինյանը քննադատել է նաև նախկին իշխանություններին՝ նրանց մեղադրելով պետական միջոցների թալանի մեջ։ Նա պնդել է, որ գործող Սահմանադրությունը պաշտպանում է իր բնորոշմամբ քրեաօլիգարխիկ արդարադատության համակարգը, իսկ նոր Սահմանադրության նպատակներից մեկն արդարադատությունն օլիգարխիայի ազդեցությունից ազատելն է։
«Նոր սահմանադրության ընդունմամբ պետությունը պետք է վերադարձվի ժողովրդին: Նոր սահմանադրության ընդունմամբ խաղաղությունը պետք է վերադարձվի ժողովրդին»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը կրկնել է նաև խորհրդարանական ընդդիմությանն ուղղված առաջարկը՝ ապահովել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ վեց ձայնը։
«Առաջարկում եմ, որ ընդդիմությունը կողմ քվեարկի Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը և մենք անցկացնենք սահմանադրական հանրաքվե»,- ասել է վարչապետը։
Նա վերահաստատել է, որ եթե քաղաքացիները հանրաքվեում մերժեն նոր Սահմանադրությունը, ինքը հրաժարական կտա և կհեռանա վարչապետի պաշտոնից։ Իսկ եթե նախագիծն ընդունվի, հաջորդ՝ հերթական կամ արտահերթ ընտրություններում չի առաջադրվի վարչապետի թեկնածու։ Մինչ այդ, իր խոսքով, կզբաղվի խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալացմամբ և վերջնականացմամբ։
Վարչապետը նաև ընդդիմությանը մեղադրել է խաղաղության հաստատմանը խոչընդոտելու մեջ՝ հույս հայտնելով, որ ընդդիմադիր պատգամավորները չեն խոչընդոտի հանրաքվեի անցկացմանը։
***
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է 2025-ի օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում, սակայն դեռ չի ստորագրվել և վավերացվել։
Ադրբեջանը համաձայնագրի ստորագրման նախապայման է առաջ քաշում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ պնդելով, որ գործող Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ չեն ընդունում խաղաղության համաձայնագրի ստորագրումը Սահմանադրության փոփոխությամբ պայմանավորելու պահանջը։
Նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման երաշխիքներ կան, և պատրաստ է այդ հարցում իր քաղաքական կապիտալը ներդնել։
Նոյեմբերի 20-ին վարչապետը պաշտոնապես առաջարկել էր ընդդիմությանը տրամադրել հանրաքվեի համար անհրաժեշտ վեց ձայնը՝ խոստանալով նախագծի մերժման դեպքում հրաժարական տալ հանրաքվեի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում, իսկ ընդունման դեպքում՝ հաջորդ ընտրություններում չառաջադրվել վարչապետի թեկնածու։
Խորհրդարանական ընդդիմությունը չի ընդունել առաջարկը՝ պնդելով, որ նոր Սահմանադրության ընդունման նախաձեռնությունը կապված է Ադրբեջանի պահանջների հետ։
Նոյեմբերի 23-ին Արդարադատության նախարարությունը, Փաշինյանի հանձնարարությամբ, հրապարակել է նոր Սահմանադրության առաջին նախագիծը՝ հանրային քննարկման և առաջարկություններ ներկայացնելու համար։












