Գլխավոր Լրահոս

Ռուբինյանն ընդդիմությանն առաջարկում է չխոչընդոտել հանրաքվեն և գլխավորել «Ոչ»-ի շտաբը

Ռուբինյանն ընդդիմությանն առաջարկում է չխոչընդոտել հանրաքվեն և գլխավորել «Ոչ»-ի շտաբը

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ ընդդիմությունը չպետք է արգելափակի նոր սահմանադրության նախագիծը, նույնիսկ եթե դեմ է դրա ընդունմանը։ Հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում նա ասել է, որ ընդդիմությունը կարող է քվեարկել նախագիծը հանրաքվեի դնելու օգտին, այնուհետև գլխավորել «Ոչ»-ի շտաբը և ժողովրդին ներկայացնել իր փաստարկները։ Ռուբինյանն անդրադարձել է նաև նոր սահմանադրության շուրջ հնարավոր քաղաքական սցենարներին և խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին։

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը չի համարում, որ նոր սահմանադրության ընդունման հարցում իշխանությունը փակուղում է հայտնվել։ Նրա խոսքով՝ տարբեր սցենարներ քննարկվում են, թեև այս պահին հստակ պատկերացում դեռ չկա։

«Եթե փակուղային լիներ, մենք ինչպե՞ս էինք այս խոսակցությունն ունենում։ Եթե այս խոսակցությունն ունենում ենք, ուրեմն փակուղային չէ։ Որոշ սցենարներ քննարկվում են, բայց հստակ պատկերացում դեռ չկա։ Փակուղին այն է, երբ այլևս ոչ մի սցենար չի քննարկվում։ Եթե սցենարներ են քննարկվում, ուրեմն փակուղի չէ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռուբինյանը։

Կարդացեք նաև՝ «Ադրբեջանը չի կարող որոշել մեր երկրի Սահմանադրության հարցը»․ Նարեկ Կարապետյան

ԱԺ նախագահը կարծում է, որ ընդդիմությունը չպետք է մերժի նոր սահմանադրության նախագիծը՝ առանց դրա տեքստը տեսնելու։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերը կարող են դեմ լինել նախագծին, սակայն պետք է հնարավորություն տան, որ վերջնական որոշումը կայացնի ժողովուրդը։

«Հայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել Ալիևյան սահմանադրություն։ Հայաստանում առաջարկ կա՝ ընդունել նոր սահմանադրություն, որը կլինի հայկական սահմանադրություն՝ քվեարկված Հայաստանի ժողովրդի կողմից։ Հայաստանի ժողովուրդը չի կարող քվեարկել մի սահմանադրության օգտին, որն իրենը չէ, որովհետև հենց ինքը քվեարկեց և ասաց՝ այո, այդ սահմանադրությունն իրենն է»,- նշել է Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը դեռ չի տեսել նոր սահմանադրության տեքստը, հետևաբար չի կարող այն նախապես գնահատել։

Ռուբինյանը նաև պնդել է, որ նոր սահմանադրությունը գրվել է զրոյից, և այդ պատճառով հնարավոր չէ դրանից հանել Անկախության հռչակագիրը կամ դրա հղումը։

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ Սահմանադրության նոր նախագիծը ժողովրդի կողմից մերժելու դեպքում իշխանության հրաժարականի սցենարը ՔՊ-ում չի համաձայնեցվել։

Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդդիմությանն առաջարկել էր աջակցել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն։ Միաժամանակ նա չէր բացառել, որ դրա մերժման դեպքում իշխանությունը հրաժարական կտա։

Ռուբինյանը՝ խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Ճեպազրույցի ընթացքում Ռուբինյանն անդրադարձել է նաև հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին։ Նա պատասխանատվությունը դրել է ընդդիմության վրա՝ պնդելով, որ ֆիզիկական բախումն սկսել են ընդդիմադիր պատգամավորները։

«Իհարկե, լավ չէ, որ ծեծկռտուք եղավ, բայց դրա համար ասում եմ՝ կա մեկ պատասխանատու, դա ընդդիմությունն էր, որը սկսեց այն։ Հույս ունեմ, որ այլևս չեն սկսի։ Իմ վերլուծությունը և իրադարձությունների փորձը ցույց են տալիս, որ երբ ընդդիմությունը սկսում է ֆիզիկական բախում, դա ավարտվում է ծեծկռտուքով, ինչը ընդդիմությանն ամենևին լավ իրավիճակում չի դնում։ Դրա համար ճիշտ կլինի, որ այլևս չսկսեն»,- ասել է նա։

Ռուբինյանը նաև պնդել է, որ միջադեպի տեսագրությունները ցույց են տալիս՝ ընդդիմադիր պատգամավորների գործողություններն են հանգեցրել բախմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում