Գլխավոր Լրահոս

«Ադրբեջանը չի կարող որոշել մեր երկրի Սահմանադրության հարցը»․ Նարեկ Կարապետյան

«Ադրբեջանը չի կարող որոշել մեր երկրի Սահմանադրության հարցը»․ Նարեկ Կարապետյան

Սահմանադրության շուրջ գործընթացը կարող է հանգեցնել Ադրբեջանի առաջ նոր զիջումների։ Նման համոզմունք ունի Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտնել է, որ իշխանությունները թաքցրել են Ադրբեջանի հետ բանակցությունների որոշ հանգամանքներ։

Ըստ Նարեկ Կարապետյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ որևէ պահանջ չկա։ Նա կարծում է, որ պայմանագրի նախաստորագրումից որոշ ժամանակ անց Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշել, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը։

«Ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի կարող անցնել։ Չի կարող հարևան երկրի ղեկավարը որոշել մեր Սահմանադրությունը։ Խոսքը պետականության, երկրի մասին է։ Մենք խաղալիք չենք, որ իրենք մեզ հետ խաղան»,- ասել է Կարապետյանը։

Կարապետյանի խոսքով՝ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը հասկանա՝ բանակցությունները ձգձգելով չի կարող Հայաստանից նոր զիջումներ ստանալ։

«Մենք տեսնում ենք, որ հատուկ քաղաքական ոճ կա․ մաս-մաս, քիչ-քիչ են վերցնում։ Սկզբում մի խնդիրն են լուծում, հետո անցնում մյուսին, փաթեթային չեն մոտենում։ Այդ պատճառով մեր երկիրը կանգնել է այն վտանգի առջև, որ վերջին հինգ տարիներին զիջում ենք, և այնքան ենք զիջում, որ Ադրբեջանը հասկացել է՝ որքան երկարաձգի խաղաղության պայմանագիրը, այնքան շատ բան կվերցնի մեզանից»,- նշել է նա։

Խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Կարապետյանը նշել է, որ խնդիրը ոչ այնքան փաստաթղթի բովանդակությունն է, որքան դրա կատարման երաշխիքների բացակայությունը։

«Կարող է լինել աշխարհում լավագույն թուղթը, բայց եթե երաշխիք չկա, և մենք հարևան երկիրը գիտենք, դա բավարար չէ։ Մեզ պետք է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը մեր կողմ բերել, որպեսզի թուղթը դառնա հավասարակշռության մեխանիզմ, և մենք մենակ չմնանք Ադրբեջանի կամքին»,- ընդգծել է խորհրդարանական ուժի ղեկավարը։

Լրագրողները Կարապետյանին հարցրել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, ըստ որի՝ եթե ընդդիմության բարձրացրած հարցերի պատասխանները ներկայացվեն, իշխանությունը կարող է ակնկալել, որ ընդդիմադիր ուժերը կաջակցեն նոր Սահմանադրության նախագծին։ Փաշինյանը նաև չէր բացառել, որ ընդդիմության՝ այդուհանդերձ դեմ քվեարկելու դեպքում կարող է հանրային ճնշում առաջանալ։

Կարապետյանը հայտարարել է, որ նման ճնշումները չեն փոխի իր ղեկավարած ուժի դիրքորոշումը։ Նրա խոսքով՝ եթե ընդդիմությունը համարի, որ իշխանությունը զիջումների է գնում Ադրբեջանի առաջ, ապա հանրային ճնշումը պետք է ուղղված լինի այդ գործընթացը կանխելուն, ոչ թե ընդդիմությանը՝ իշխանության առաջարկին համաձայնելուն։

Կարդացեք նաև՝ Հայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել Ալիևյան սահմանադրություն․ Ռուբինյանը՝ նոր Սահմանադրության տեքստի մասին

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում