Գլխավոր Լրահոս

Գազի 10% թանկացումը կարող է Հայաստանում գնաճն ավելացնել 0,8 տոկոսային կետով․ ԿԲ նախագահ

Գազի 10% թանկացումը կարող է Հայաստանում գնաճն ավելացնել 0,8 տոկոսային կետով․ ԿԲ նախագահ

Հայաստանում սպառողների համար բնական գազի գնի 10% բարձրացումը կարող է ընդհանուր գնաճն ավելացնել մոտ 0,8 տոկոսային կետով։ Այս մասին նոյեմբերի 3-ի ասուլիսում հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով ԿԲ-ի կատարած հաշվարկները։

Նրա խոսքով՝ գազի թանկացումը գնաճի վրա կունենա ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ազդեցություն։ Գնի բարձրացումը կանդրադառնա ոչ միայն գազի սպառման ծախսերի, այլև էլեկտրաէներգիայի և արտադրության մեջ գազ օգտագործող այլ ոլորտների արտադրանքի գների վրա։

Գալստյանը պարզաբանել է, որ ԿԲ-ի գնահատմամբ՝ գազի 10% թանկացման ուղղակի և անուղղակի ազդեցությունը սպառողական գների վրա կարող է կազմել շուրջ 0,6 տոկոսային կետ։ Դրան կարող է ավելանալ ևս 0,1–0,2 տոկոսային կետի ազդեցություն՝ գազ օգտագործող հարակից ոլորտներում արտադրանքի հնարավոր թանկացման հետևանքով։

Միաժամանակ ԿԲ նախագահն ընդգծել է, որ գազի հնարավոր թանկացման կոնկրետ սցենար դեռևս մշակված չէ, քանի որ հայտնի չեն գնի փոփոխության չափը և դրա հնարավոր հետևանքներին հակազդելու միջոցները։

«Էդպիսի ինֆորմացիա մենք մինչ այժմ չունենք։ Ուստի դրա վերաբերյալ որևէ սցենար կառուցելը, ինձ թվում է, ժամանակավրեպ է»,- ասել է Գալստյանը։

Գալստյանի խոսքով՝ երբ պարզ դառնան ռուսական կողմի հնարավոր քայլերն ու Հայաստանի կառավարության արձագանքը, ԿԲ-ն կկարողանա ավելի հստակ գնահատել դրանց ազդեցությունը տնտեսության և գնաճի վրա։


Հոկտեմբերի 20-ին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները զեկույց են պատրաստել Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։

Զեկույցի հեղինակների հաշվարկներով՝ այդ սցենարի դեպքում Հայաստան մատակարարվող բնական գազի գինը կարող է աճել շուրջ 69%-ով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց ներկայիս 177,5 դոլարից հասնելով 300 դոլարի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում