Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը վրացական ընդդիմադիր «Դրոա» կուսակցությունը երկրում ճանաչել է «անցանկալի կազմակերպություն»՝ նրա անդամներին մեղադրելով «ռուսատյաց դիրքորոշումներ» ունենալու և Վրաստանի հարցում Ռուսաստանի գործողությունները վարկաբեկելու փորձերի մեջ։ Սա առաջին դեպքն է, երբ Ռուսաստանը վրացական քաղաքական որևէ կուսակցություն ճանաչում է «անցանկալի», և, ըստ ամենայնի, երկրորդ դեպքը, երբ նման կարգավիճակ է ստանում այլ երկրում ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություն։
«Դրոան» ընդդիմադիր, եվրոպամետ քաղաքական կուսակցություն է, որը 2021-ին հիմնադրել է Էլենե Խոշտարիան։ Նա շարունակում է ղեկավարել կուսակցությունը և այժմ բանտում է։ Կուսակցությունն աջակցում է Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրմանը, ժողովրդավարական կառավարմանը և ռուսական ազդեցությանը հակազդելու ջանքերին։
Այս որոշմանը նախորդել են դեպքեր, երբ Ռուսաստանն իր օրենսդրությունն օգտագործել է Վրաստանում գործող կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելու, ինչպես նաև երկրում բնակվող Ռուսաստանի քաղաքացիներին թիրախավորելու համար։
2025-ի մարտին Մոսկվան «անցանկալի կազմակերպություններ» էր ճանաչել Բելգիայում գործող Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքը (ALDE) և դրա երիտասարդական թևը՝ Եվրոպական լիբերալ երիտասարդությունը (LYMEC)։ «Դրոան» ALDE-ի անդամ է 2024-ից։
Հոկտեմբերի 5-ին հրապարակած հայտարարությունում Գլխավոր դատախազությունն իր որոշումը հիմնավորել է այն պնդմամբ, թե «Դրոան» կենտրոնացած է «տեղական իշխող վերնախավի՝ Ռուսաստանի հետ կապերը բացահայտելու», Վրաստանի «միակուսակցական համակարգը» վերացնելու և երկրի՝ ԵՄ-ին արագացված ինտեգրման գաղափարը առաջ մղելու վրա։
«Կազմակերպության անդամները խիստ ռուսատյաց դիրքորոշումներ ունեն և ձգտում են վարկաբեկել Վրաստանի ուղղությամբ մեր երկրի գործողությունները։ Նրանք դեմ են Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորմանը քաղաքական, տնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում, պահանջում են վերականգնել վիզային ռեժիմը և դադարեցնել երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը»,- հայտարարել է Գլխավոր դատախազությունը։
Այն քննադատել է նաև կուսակցության աջակցությունն Ուկրաինային և այն, որ կուսակցության անդամները հայտարարություններ են արել՝ Աբխազիան և Հարավային Օսիան անվանելով Ռուսաստանի կողմից օկուպացված։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նույնպես պնդում է, որ Աբխազիան և Հարավային Օսիան օկուպացված են։
Որոշման հրապարակումից հետո տարածած հայտարարությունում «Դրոան» վերահաստատել է հենց այն դիրքորոշումները, որոնց պատճառով Ռուսաստանն այն «անցանկալի» է ճանաչել։
«Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ հայտարարում ենք․ Աբխազիան և Սամաչաբլոն Վրաստան են։ Փա՛ռք հերոսներին»,- հայտարարել է կուսակցությունը։
«Դրոան» նաև հայտարարել է, որ «Իվանիշվիլիի ռեժիմը ռուսական է», և խոստացել է վերջ դնել դրա իշխանությանը Վրաստանում։
«Վրաստանը կդառնա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ»,- եզրափակվում է հայտարարությունը։
Ռուսաստանի իշխանությունը առանձնացրել է նաև «Դրոայի» առաջնորդ Էլենե Խոշտարիային՝ ընդգծելով, որ նա իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը մեղադրել է ռուսամետ քաղաքական ուղի վարելու մեջ։
Տե՛ս նաև՝ Վրաստանում բանտարկված ընդդիմադիր գործիչ Էլենե Խոշտարիային տեղափոխել են կլինիկա
Խոշտարիան կալանքի տակ է 2025-ի հոկտեմբերից և Ռուսթավիի մոտ կանանց բանտում կրում է 18-ամսյա պատիժ։ Դատախազությունը նրան մեղադրում է ուրիշի գույքը վնասելու մեջ՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի նախընտրական պաստառի վրա մարկերով գրելու համար։
Թեև սա առաջին դեպքն է, երբ Ռուսաստանի իշխանությունը թիրախավորում է վրացական կուսակցություն, Մոսկվան նախկինում թիրախավորել է Վրաստանից գործող ռուսական հակապատերազմական խմբերին։
Օգոստոսի կեսերին Ռուսաստանը Բաթումիում գործող ռուսական հակապատերազմական մի խումբ «անցանկալի կազմակերպություն» էր ճանաչել։ Այդ կարգավիճակը նման կազմակերպությունների հետ առնչվող անձանց Ռուսաստանում կարող է քրեական հետապնդման վտանգի ենթարկել։ Հոկտեմբերին Թբիլիսիում ռուսաստանցի էմիգրանտների հիմնադրած Frame կազմակերպությունը ճանաչվել էր «օտարերկրյա գործակալ», ինչից հետո դադարեցրել էր գործունեությունը։
Տե՛ս նաև՝ Ռուսաստանը Բաթումում գործող հակապատերազմական խմբին ճանաչել է «անցանկալի կազմակերպություն»












