Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանում բանտարկված ընդդիմադիր քաղաքական գործիչ Էլենե Խոշտարիային բժշկական հետազոտությունների համար անվասայլակով տեղափոխել են կլինիկա։ Սա երևում է Sando Tskaro-ի հրապարակած տեսանյութում։
Վրաստանի Հատուկ քրեակատարողական ծառայությունը OC Media-ին հայտնել է, որ Խոշտարիան «Թոդուա» կլինիկայում անցել է նախապես նշանակված հետազոտություն, որը նրան խորհուրդ էր տվել բուժող բժիշկը, ապա վերադարձել է բանտ։
Ընդդիմադիր «Դրոա» կուսակցության ղեկավար Խոշտարիան կալանքի տակ է 2025-ի հոկտեմբերից և 18 ամսվա ազատազրկման պատիժ է կրում Ռուսթավիի մոտ կանանց բանտում։ Դատախազությունը նրան մեղադրում է ուրիշի գույքը վնասելու մեջ՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի նախընտրական պաստառի վրա մարկերով գրառում անելու համար։
Բանտ վերադառնալուց հետո Խոշտարիան արձագանքել է տարածված տեսանյութին՝ հայտարարելով, որ անվասայլակ օգտագործում է միայն երկար տարածությունների համար, իսկ հիմնականում քայլում է ձեռնափայտով։
«Բժիշկներ Մակա Իոսելիանին և Անի Կավթարաձեն անում են հնարավոր ամեն ինչ, և ես ինձ ավելի լավ եմ զգում, այնպես որ վստահ եղեք՝ հաստատ լավ եմ լինելու»,- ասել է նա։
Խոշտարիան նաև նշել է, որ բանտի վարչակազմից որևէ բողոք չունի, իսկ աշխատակիցներն անում են հնարավոր ամեն ինչ իր առողջության համար։
Միաժամանակ նա «Վրացական երազանքին» մեղադրել է իր և Վրաստանի այլ քաղաքացիների առողջությանը վնաս հասցնելու համար՝ հայտարարելով, որ իշխող կուսակցությունն ի վերջո դրա համար քաղաքական պատասխանատվություն է կրելու։
«Ես շատ ավելի լավ վիճակում եմ, քան Սահմանադրական դատարանում դատավորի պատմուճան հագած այն մարդիկ, որոնք հստակ գիտեն՝ ինչ սարսափելի բաներ են անում, բայց շարունակում են անել»,- ասել է Խոշտարիան։
Transparency International Georgia-ն ևս հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Խոշտարիան ողնաշարի բորբոքային հիվանդություն ունի։ Կազմակերպության տվյալներով՝ դեռ կալանավորումից ամիսներ առաջ նա դժվարանում էր առանց ձեռնափայտի քայլել և գրիչ պահել։ Խոշտարիան չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ հիվանդություն ունի։
Կազմակերպությունը հավելել է, որ նախկինում Խոշտարիան մի քանի ամիս բուժում էր ստացել Vivamed կլինիկայում։
«Էլենե Խոշտարիայի վիճակը ցույց տվող այս կադրերը ևս մեկ անգամ հիշեցնում են, թե ինչ ծանր գին է Իվանիշվիլիի ռեժիմը ստիպում մարդկանց վճարել ազատության համար պայքարի դիմաց»,- ասվում է հայտարարությունում։
Transparency International Georgia-ն Խոշտարիային քաղբանտարկյալ է համարում և պնդում է, որ նրա նկատմամբ նշանակված պատիժը անհամաչափ է ենթադրյալ իրավախախտմանը։ Կազմակերպությունը նաև հայտարարել է, որ նրա կալանքը հակասում է խոշտանգումներն ու անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքն արգելող միջազգային և վրացական սահմանադրական չափանիշներին։
Տե՛ս նաև՝ Վրաստանում բանտարկված ընդդիմադիր գործիչ Էլենե Խոշտարիային կտեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց
Կազմակերպությունը պահանջել է անհապաղ ազատ արձակել Խոշտարիային և ապահովել անհրաժեշտ ամբողջ բժշկական օգնությունը՝ նրա առողջության ու անվտանգության համար քաղաքական և իրավական պատասխանատվությունը դնելով «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի և իշխող կուսակցության վրա։
«Վրացական երազանքի» պատգամավոր և խորհրդարանի առաջին փոխնախագահ Գիորգի Վոլսկին նույնպես մեկնաբանել է տեսանյութը՝ նշելով, որ Խոշտարիայի առողջությանը պետք է ուշադրություն դարձնել, սակայն իրավիճակը համեմատել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ բանտարկության ընթացքում անվասայլակով հայտնվելու հետ։
«Էլենե Խոշտարիայի պատմությունն ինձ ցավ է պատճառում, որովհետև նրան մանկուց եմ ճանաչում։ Երբ առաջին անգամ հանդիպեցի նրան, փոքր էր և բոլորովին այլ մտքեր, նպատակներ ու հայացքներ ուներ»,- լրագրողներին ասել է Վոլսկին։
Նա հավելել է, որ չի ցանկանում ուղիղ համեմատություն անցկացնել Սաակաշվիլիի հետ, սակայն հիշեցրել է, որ հասարակությունը նախկին նախագահին նույնպես տեսել էր անվասայլակով, իսկ հետագայում, նրա խոսքով, պարզվել էր, որ «նրա հետ ոչինչ այն չէր»։
Վոլսկին ասել է, որ հակված է հավատալու՝ Խոշտարիան չի ձևացնում, թե հիվանդ է, և ընդգծել է, որ նրա առողջության մասին պետք է հոգ տանել։
Նա անդրադարձել է նաև մեղքի ընդունման համաձայնագրի հնարավորությանը՝ նշելով, որ Խոշտարիան կարող էր նման համաձայնագիր կնքել, սակայն դրա համար նախ պետք է ընդուներ իրեն առաջադրված մեղադրանքները։
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնևիչիենեն X-ում նույնպես անդրադարձել է Խոշտարիայի վիճակին՝ հրապարակելով նրա լուսանկարը և նշելով, որ բանտում նրա առողջությունը վատացել է։
«Խոշտարիայի առողջության համար ամբողջ պատասխանատվությունը «Վրացական երազանքինն» է»,- գրել է Յուկնևիչիենեն՝ հավելելով, որ Եվրոպական խորհրդարանը բազմիցս պահանջել է անհապաղ ազատ արձակել նրան։
Խոշտարիայի փաստաբան Շոթա Թութբերիձեն նրա առողջական խնդիրների մասին առաջին անգամ հայտնել էր հունիսի 17-ին՝ զգուշացնելով, որ առանց պատշաճ բժշկական օգնության դրանք կարող են «անդառնալի հետևանքներ» ունենալ։
«Խոսքը հոդերի ուժեղ ցավերի, շարժվելու դժվարությունների և երբեմն հոդերի շարժունակության սահմանափակման մասին է։ Երբեմն նա նույնիսկ չի կարողանում գրել, իսկ քայլելիս ստիպված է ձեռնափայտ օգտագործել»,- այդ ժամանակ ասել էր Թութբերիձեն։
Խոշտարիայի ձերբակալումը
Խոշտարիային կալանավորել էին 2025-ի հոկտեմբերին Վրաստանի տեղական ընտրություններից կարճ ժամանակ առաջ, երբ Կախա Կալաձեն պայքարում էր Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու համար։ Կալաձեն նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղարն է։
Սեպտեմբերի 14-ին Խոշտարիան Կալաձեի նախընտրական շտաբի ճակատին փակցված քարոզչական պաստառի վրա գրել էր «Ռուսական երազանք»։ Այս բառախաղը հաճախ են օգտագործում «Վրացական երազանքի» քննադատները՝ կուսակցությանը մեղադրելով երկիրը Ռուսաստանին մերձեցնելու մեջ։
Խոշտարիան այդ քայլով աջակցություն էր հայտնել 23-ամյա Մեգի Դիասամիձեին, որին մի քանի օր առաջ ձերբակալել էին Կալաձեի մեկ այլ պաստառի վրա ներկով նույն բառերը գրելու համար։ Հետագայում Դիասամիձեն գրավի դիմաց ազատ էր արձակվել։
Խոշտարիայի նկատմամբ նույնպես գրավ էր սահմանվել, սակայն նա ի նշան բողոքի հրաժարվել էր վճարել այն և մնացել նախնական կալանքի տակ։ Մարտի 24-ին նրան դատապարտել էին մեկուկես տարվա ազատազրկման՝ պաստառը «վնասելու» համար։ Պատժի ժամկետը հաշվարկվել է նախնական կալանքի օրվանից։
Բանտում գտնվելու ընթացքում Խոշտարիային մեղադրանք է առաջադրվել նաև այսպես կոչված «դիվերսիայի» գործով, որով մեղադրվում են նաև ընդդիմադիր յոթ այլ քաղաքական գործիչներ։ Խոշտարիային մի քանի մեղադրանք է առաջադրված, որոնցից ամենածանրով նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։
Մարտին Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Վրաստանում «քաղաքական դրդապատճառներով» ձերբակալությունները, այդ թվում՝ Խոշտարիայի կալանավորումը, և իշխանություններին կոչ արել ազատ արձակել այդ հիմքով կալանավորվածներին։
Տե՛ս նաև՝ Վենետիկի հանձնաժողովը զգուշացնում է՝ Վրաստանի օրենքները սպառնում են ժողովրդավարական բազմակարծությանը












