Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Բանտարկված ընդդիմադիր քաղաքական գործիչ Էլենե Խոշտարիային առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ ընտանիքի և կուսակիցների մտահոգություններից հետո կտեղափոխեն Թբիլիսիի Vivamedi կլինիկա։
Այս մասին հունիսի 29-ին հայտարարեց Քրեակատարողական ծառայության ղեկավար Գիորգի Պատարիձեն՝ Խոշտարիայի բժիշկներ Մակա Իոսելիանիի և Աննա Կավթարաձեի հետ հանդիպումից հետո։
Պատարիձեի խոսքով՝ որոշումը կայացվել է քաղաքական գործչի «լավագույն շահերից ելնելով»։ Նա ասաց, որ Խոշտարիային «մոտ երկու օրից» կտեղափոխեն Vivamedi, որտեղ նա իր երկու բժիշկների հսկողությամբ կանցնի «լրացուցիչ հետազոտություններ»։
«Դրոա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Խոշտարիան մեկուկես տարվա ազատազրկում է կրում Ռուսթավի քաղաքի մերձակայքում գտնվող կանանց քրեակատարողական հիմնարկում։
«Կանցկացվեն բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, ինչպես նաև խորհրդատվություններ բոլոր այն մասնագետների հետ, որոնց ներգրավումը կհամարվի անհրաժեշտ»,- ասել է Իոսելիանին՝ հավելելով.
«Միայն վարակային հիվանդությունն ամբողջությամբ բացառելուց հետո կսահմանվի ախտորոշումը, և բուժումը կսկսվի միջազգային ուղեցույցներին համապատասխան»։
Մինչ Պատարիձեն հանդիպում էր բժիշկների հետ, Խոշտարիայի կուսակիցներն ու աջակիցները բողոքի ակցիա էին անցկացնում Քրեակատարողական ծառայության շենքի դիմաց։
Մինչ տեղափոխման մասին հայտարարությունը, Խոշտարիան բանտից զանգահարել էր՝ շնորհակալություն հայտնելով նրանց աջակցության համար։
Տե՛ս նաև՝ Վրաստանում բանտարկված ընդդիմադիր գործչի առողջական վիճակը վատթարանում է․ փաստաբան
«Անտանելին ֆիզիկական ցավը չէ․ ես կարող եմ դիմանալ դրան, նույնիսկ ավելի ծանրին։ Իսկապես անտանելին այն է, որ այս երկրում կյանքը, առողջությունը, արժանապատվությունն ու ճշմարտությունն այլևս արժեք չունեն։ Դա է, որ մենք պետք է փոխենք»,- ասել է նա։
Խոշտարիան կոչ է արել իր աջակիցներին չանհանգստանալ իր համար և նշել, որ անկախ այն բանից, թե Քրեակատարողական ծառայությունն ինչ որոշում կկայացնի իր առողջական վիճակի վերաբերյալ, «նրանք չեն կարողանա ինձ կոտրել»։
Նույն երեկոյան Vivamedi-ի տնօրեն Նինո Նադիրաձեն, որը հայտնի է իր իշխանամետ դիրքորոշմամբ, Adjara TV-ի եթերում հայտարարեց, որ Խոշտարիայի հարցով իրեն դեռ ոչ ոք չի դիմել։
«Գոնե թույլ տվեցին հանգստյան օրերս վայելել» - ասել է նա՝ մեկնաբանություն, որը շատերը գնահատել են որպես քաղաքական գործչի նկատմամբ արհամարհական վերաբերմունք։
Խոշտարիայի փաստաբան Շոթա Տուտբերիձեն առաջին անգամ նրա առողջական խնդիրների մասին հայտնել էր հունիսի 17-ին՝ նախազգուշացնելով, որ պատշաճ բուժօգնության բացակայության դեպքում քաղաքական գործչի առողջությանը կարող է «անդառնալի վնաս» հասցվել։
«Խոսքը հոդերի ուժեղ ցավերի, շարժվելու դժվարությունների և երբեմն նաև հոդերի շարժունակության սահմանափակման մասին է, ինչի հետևանքով նա երբեմն չի կարողանում նույնիսկ գրել և քայլելիս ստիպված է ձեռնափայտ օգտագործել»,- ասել էր Տուտբերիձեն։
Իր հերթին Քրեակատարողական ծառայությունը պնդել էր, որ Խոշտարիային տրամադրվել են բոլոր անհրաժեշտ ծառայությունները, այդ թվում՝ բժշկական օգնություն, և հերքել էր նրա առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկությունները։
Գերատեսչությունը հայտարարել էր, որ նրա ախտորոշումների «ճնշող մեծամասնությունը» վաղուց առկա քրոնիկական հիվանդություններ են, որոնք «բնութագրվում են պարբերական սրացումներով»։
Ի պատասխան՝ «Դրոա» կուսակցությունը հայտարարել էր.
«Ճիշտ է, մինչև ձերբակալվելը Էլենե Խոշտարիայի մոտ ախտորոշվել էին քրոնիկական հիվանդություններ, սակայն Քրեակատարողական ծառայությունը կալանքի ընթացքում հրաժարվում է ապահովել դրանց շարունակական բուժումը»։
Հաջորդ օրերին նրա առողջական վիճակի վերաբերյալ մտահոգությունները խորացան, ինչից հետո ընդդիմադիր կուսակցություններն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կոչ արեցին ապահովել Խոշտարիայի պատշաճ բուժումը։
Հարցին անդրադարձել էր նաև Լիբերալների և դեմոկրատների դաշինքը հանուն Եվրոպայի (ALDE), որի անդամ է «Դրոա»-ն։
Հունիսի 25-ին բանտ այցից հետո Իոսելիանին հայտնել էր, որ Խոշտարիայի մոտ հայտնաբերվել է մի քանի հոդերի ախտահարում։ Նա նշել էր, որ ապրիլին կատարված ռենտգենաբանական հետազոտության վերանայումը ցույց է տվել ռևմատիկ հիվանդություններին բնորոշ փոփոխություններ։
«Առկա տվյալների հիման վրա կարելի է ենթադրել, որ սա հոդերի բորբոքային հիվանդություն է, որը, հավանաբար, առաջընթաց է գրանցում, քանի որ 2024-ին ախտահարված էին միայն ծայրամասային հոդերը»,- հավելել էր բժիշկը։
Իոսելիանին նաև ընդգծել էր, որ ուժեղ ցավերի պատճառով Խոշտարիային հնարավոր չէ լիարժեք հետազոտել բանտում, և անհրաժեշտ է նրան տեղափոխել բազմապրոֆիլ կլինիկա։
Բժշկի այցը հետաձգվել էր․ Խոշտարիայի կողմը դրա համար մեղադրել էր Քրեակատարողական ծառայությանը, մինչդեռ ծառայությունը պնդել էր, որ ուշացումը պայմանավորված էր բժշկի՝ փաստաթղթերի ուշ ներկայացմամբ։
Երկուշաբթի Խոշտարիայի տեղափոխման մասին հայտարարելով՝ Պատարիձեն խոսեց վերջին օրերին շարունակվող «շահարկումների» մասին։
Ինչպես նա, այնպես էլ արդարադատության նախարար Պաատա Սալիան՝ դեռ մինչև Իոսելիանիի հունիսի 25-ի հայտարարությունը, նշել էին, որ Խոշտարիայի կողմի կասկածած «կոնկրետ հիվանդությունը բացառվել է»։
Թե որ հիվանդության մասին է խոսքը, նրանք չեն հստակեցրել։ Սալիան նշել էր, որ դա անձնական բնույթի տեղեկություն է։
«Հավատացեք, համապատասխան լաբորատոր հետազոտությունները բազմիցս իրականացվել են»,- հավելել է Պատարիձեն։
Vivamedi կլինիկան, ուր նախատեսվում է տեղափոխել Խոշտարիային, Քրեակատարողական ծառայության հիմնական բժշկական գործընկերն է։
Այդ նույն կլինիկայում 2022-ի մայիսից մինչև 2025-ի նոյեմբեր բուժում էր ստանում բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որից հետո նրան վերադարձրել էին քրեակատարողական հիմնարկ։
Ձերբակալվել էր նախընտրական պաստառի վրա գրելու համար
Խոշտարիան ձերբակալվել էր 2025-ի հոկտեմբերին տեղական ինքնակառավարման ընտրություններից անմիջապես առաջ, երբ Կախա Կալաձեն կրկին առաջադրվել էր Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում։ Կալաձեն նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղարն է։
Սեպտեմբերի 14-ին Խոշտարիան Կալաձեի նախընտրական շտաբի շենքի վրա փակցված պաստառի վրա գրել էր «Ռուսական երազանք»։ Այդ արտահայտությունը հաճախ օգտագործում են «Վրացական երազանքի» քննադատները՝ իշխանություններին Ռուսաստանին մոտեցնելու մեջ մեղադրելու համար։
Խոշտարիան այդ կերպ համերաշխություն էր հայտնել 23-ամյա Մեգի Դիասամիձեին, որը մի քանի օր առաջ ձերբակալվել էր Կալաձեի մեկ այլ նախընտրական պաստառի վրա նույն գրառումն անելու համար։
Դիասամիձեն հետագայում գրավի դիմաց ազատ արձակվեց մինչև դատավարությունը։
Խոշտարիայի նկատմամբ նույնպես գրավ էր կիրառվել, սակայն նա բողոքի նշանով հրաժարվել էր վճարել այն և մնացել նախնական կալանքի տակ։
Մարտի 24-ին նա դատապարտվեց մեկուկես տարվա ազատազրկման՝ պաստառը «վնասելու» մեղադրանքով։ Պատժի ժամկետը հաշվարկվել է նախնական կալանքի առաջին օրվանից։
Բանտում գտնվելու ընթացքում Խոշտարիային մեղադրանք է առաջադրվել նաև այսպես կոչված «սաբոտաժի» գործով, որով անցնում են ևս յոթ ընդդիմադիր քաղաքական գործիչներ։
Նրան առաջադրված մեղադրանքներից ամենածանրը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում։
Մարտին Եվրոպական խորհրդարանը բանաձև ընդունեց՝ դատապարտելով Վրաստանում «քաղաքական դրդապատճառներով» իրականացված ձերբակալությունները, այդ թվում՝ Խոշտարիայի գործը, և կոչ արեց իշխանություններին ազատ արձակել այդ հիմքերով կալանավորված անձանց։












