Գլխավոր Լրահոս

Վրաստանում բանտարկված ընդդիմադիր գործչի առողջական վիճակը վատթարանում է․ փաստաբան

Էլենե Խոշտարիան

Էլենե Խոշտարիան

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Բանտարկված վրացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Էլենե Խոշտարիայի պաշտպանները մտահոգություն են հայտնել նրա առողջական վիճակի վատթարացման կապակցությամբ։ Խոշտարիայի փաստաբան Շոթա Թութբերիձեն, հղում անելով բժիշկների գնահատականներին, զգուշացրել է, որ առանց պատշաճ բուժօգնության քաղաքական գործիչը կարող է բախվել «անդառնալի վնասների»։

«Դրոա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Խոշտարիան պատիժը կրում է Ռուսթավիի մերձակայքում՝ կանանց քրեակատարողական հիմնարկում։ Նա դատապարտվել է մեկուկես տարվա ազատազրկման՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական պաստառի վրա մարկերով գրություն կատարելու համար, ինչը դատարանը որակել է որպես գույքի վնասում։

Հունիսի 17-ի ճեպազրույցում Թութբերիձեն նշել է, որ Խոշտարիան, որը կալանքի տակ է 2025-ի սեպտեմբերից, մոտ չորս ամիս առաջ սկսել է առողջական վիճակի «աստիճանական և նկատելի վատթարացում» ունենալ։

Տե՛ս նաև՝ «Վրացական երազանք»-ի պաստառը վնասած ընդդիմադիր Էլենե Խոշտարիան դատապարտվել է ազատազրկման

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր այցի ընթացքում ինքը և մյուս փաստաբանները նկատել են «ախտանիշներ, որոնք կարող են վկայել լուրջ և մտահոգիչ հիվանդության մասին»։

«Խոսքը հոդերի ուժեղ ցավերի, շարժվելու դժվարությունների և երբեմն նաև հոդերի շարժունակության սահմանափակման մասին է, ինչի պատճառով նա երբեմն նույնիսկ չի կարողանում գրել և քայլելիս ստիպված է ձեռնափայտ օգտագործել», - ասել է փաստաբանը։

Թութբերիձեն ընդգծել է, որ Խոշտարիան դժգոհություններ չունի բանտի բուժքույրերից կամ աշխատակիցներից։ Սակայն, նրա խոսքով, հիմնարկի տնօրինության և բուժանձնակազմի մոտեցումը՝ մասնավորապես վերջին չորս ամիսների ընթացքում իրականացված հետազոտություններն ու բուժական միջամտությունները, եղել են «ոչ համակարգված, անկանոն և անարդյունավետ»։

Փաստաբանի խոսքով՝ քանի որ Խոշտարիան «մինչ օրս չի ստացել անհրաժեշտ պատասխաններ կամ բուժման ծրագիր», պաշտպանները դիմել են թուրքական կլինիկայի և նրա բուժող բժիշկների օգնությանը։

«Թուրք բժիշկների գնահատմամբ՝ եթե նրա վիճակը շարունակի վատթարանալ առանց համապատասխան բուժման, Էլենեն կարող է առողջությանը անդառնալի վնասներ կրել։ Օրինակ՝ ապագայում կարող է չկարողանալ տեղաշարժվել առանց հաշմանդամի սայլակի», - նշել է Թութբերիձեն։

Նա հավելել է, որ թուրք բժիշկների եզրակացություններն ու առաջարկությունները ստանալուց անմիջապես հետո՝ մոտ երկու ամիս առաջ, փոխանցվել են բանտի բժշկական անձնակազմին։ Հունիսի սկզբին պաշտպանները նաև պաշտոնապես պահանջել են մշակել Խոշտարիայի բուժման ծրագիրը և կազմակերպել հանդիպում՝ նրա բուժման հարցերը քննարկելու համար։

Թութբերիձեի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկը մինչ այժմ չի արձագանքել այդ դիմումին, ինչը, ըստ նրա, «կրկին ցույց է տալիս պատժակատարողական ծառայության անտարբեր վերաբերմունքը կալանավորվածների առողջության և իր իրավական պարտավորությունների նկատմամբ»։

Նա նաև նշել է, որ Խոշտարիան սկզբում չէր ցանկանում իր առողջական վիճակի մասին տեղեկությունները հրապարակել։ Սակայն, համոզվելով, որ «ոչ բուժանձնակազմը, ոչ էլ հիմնարկի տնօրենը պատշաճ ուշադրություն չեն դարձնում խնդրին», որոշել է խոսել դրա մասին։

Քրեակատարողական ծառայությունը Թութբերիձեի հայտարարությունները որակել է որպես «ապատեղեկատվություն»՝ պնդելով, որ Խոշտարիան «ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով և անընդհատ օգտվում է բոլոր ծառայություններից, այդ թվում՝ բժշկական օգնությունից»։

Գերատեսչությունը նաև նշել է, որ Խոշտարիան «չի հայտնել որևէ դժգոհություն կամ անհամաձայնություն բուժանձնակազմի աշխատանքի վերաբերյալ»։

«Նրա առողջական վիճակը որևէ կերպ չի վատթարացել», - հայտարարել է ծառայությունը՝ հավելելով, որ «ախտորոշումների ճնշող մեծամասնությունը հաստատվել էր դեռևս մինչև քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելը և վերաբերում է քրոնիկական հիվանդությունների, որոնց բնորոշ են պարբերական սրացումները»։

Ինչ վերաբերում է բուժման ծրագրի վերաբերյալ դիմումին, ծառայությունը նշել է, որ «ձեռնարկել է համապատասխան քայլեր» և Թութբերիձեին «անհապաղ տրամադրել է տեղեկություններ դատապարտյալի առողջական վիճակի մասին»։

«Էլենե Խոշտարիայի փաստաբանը, ինչպես նաև ցանկացած մեղադրյալի կամ դատապարտյալի պաշտպան, կարող է առանց խոչընդոտների հանդիպել ինչպես քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը, այնպես էլ բուժանձնակազմին», - ասված է հայտարարությունում։

«Դրոան» հերքել է ծառայության պնդումները՝ հայտարարելով, որ Խոշտարիայի վիճակն իսկապես «անդառնալիորեն վատթարանում է», իսկ իրականացվող բուժումը «միտված է միայն առանձին ախտանիշների ճնշմանը»։

Կուսակցությունը նաև հերքել է, թե պատժակատարողական ծառայությունը որևէ քայլ է ձեռնարկել բուժման ծրագիր կազմելու վերաբերյալ դիմումի կապակցությամբ։

Խոշտարիան կալանավորվել էր 2025-ի տեղական ինքնակառավարման ընտրություններից կարճ ժամանակ առաջ, երբ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն պայքարում էր վերընտրվելու համար։ Կալաձեն նաև կուսակցության գլխավոր քարտուղարն է։

2025-ի սեպտեմբերի 14-ին Խոշտարիան Կալաձեի նախընտրական շտաբի շենքին փակցված պաստառի վրա գրել էր «Ռուսական երազանք» արտահայտությունը։ Այդ ձևակերպումը հաճախ օգտագործվում է իշխող կուսակցության քննադատների կողմից՝ այն Ռուսաստանին մոտեցնելու մեղադրանքներով։

Խոշտարիայի գործողությունը համերաշխության դրսևորում էր 23-ամյա Մեգի Դիասամիձեի նկատմամբ, որը մի քանի օր առաջ ձերբակալվել էր Կալաձեի մեկ այլ պաստառի վրա նույն գրությունը կատարելու համար։ Ավելի ուշ Դիասամիձեն ազատ էր արձակվել գրավի դիմաց։

Գրավ էր սահմանվել նաև Խոշտարիայի համար, սակայն նա հրաժարվել էր վճարել այն՝ որպես բողոքի քայլ, և մնացել էր նախնական կալանքի տակ։

2026-ի մարտի 24-ին դատարանը նրան դատապարտել էր մեկուկես տարվա ազատազրկման՝ պաստառը «վնասելու» համար։ Պատժի հաշվարկը սկսվել է նախնական կալանքի օրվանից։

Բանտում գտնվելու ընթացքում Խոշտարիային մեղադրանք է առաջադրվել նաև այսպես կոչված «սաբոտաժի գործով», որով անցնում են ևս յոթ ընդդիմադիր քաղաքական գործիչներ։ Նրան առաջադրված մեղադրանքներից ամենածանրը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում։

Մարտին Եվրոպական խորհրդարանը ընդունել էր բանաձև, որով դատապարտել էր Վրաստանում «քաղաքական շարժառիթներով» իրականացվող ձերբակալությունները, այդ թվում՝ Խոշտարիայի կալանավորումը, և կոչ արել ազատ արձակել այդ հիմքով պահվող անձանց։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում