Գլխավոր Լրահոս

Ավելցուկը կա, կուտակիչը՝ ոչ․ Հայաստանի արևային էներգետիկայի բացը

Ավելցուկը կա, կուտակիչը՝ ոչ․ Հայաստանի արևային էներգետիկայի բացը

Հայաստանում արևային էներգետիկան արագ է զարգանում, սակայն ցերեկային ժամերին արտադրվող էլեկտրաէներգիայի ավելցուկը պահեստավորելու հնարավորություն չկա։ Արդյունքում համակարգի օպերատորը ստիպված է սահմանափակել որոշ արևային կայանների արտադրությունը։ Լուծումներից մեկը կուտակիչներն են։ Դրանք թույլ կտան ցերեկը արտադրված էներգիան օգտագործել պիկ ժամերին։ Կուտակման որքա՞ն հզորություն է անհրաժեշտ Հայաստանին, ի՞նչ ներդրումներ կպահանջվեն, ո՞վ է վճարելու դրանց համար, և կարո՞ղ են արդյոք կուտակիչները մեծացնել երկրի էներգետիկ անվտանգությունը։

Հայաստանում տեղադրված արևային պանելների համախառն հզորությունը 2020-ի 111 ՄՎտից 2025-ին հասել է 1098 ՄՎտի՝ ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալների։ 640 ՄՎտը բաժին է ընկնում ինքնավար էներգասպառողներին, իսկ 458-ը՝ արևային էլեկտրակայաններին։ Համեմատության համար՝ Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի հզորությունը 410 ՄՎտ է։

Արևային արտադրության արագ աճը, սակայն, խնդիրներ է ստեղծել էներգահամակարգի համար։ Էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը պետք է յուրաքանչյուր պահի հավասարակշռված լինեն։ Երբ արևային կայաններն ավելի շատ էլեկտրաէներգիա են արտադրում, քան համակարգը կարողանում է օգտագործել, համակարգի օպերատորը ստիպված է սահմանափակել դրանց արտադրությունը։

Արտադրության սահմանափակումները վերաբերում են արդյունաբերական նշանակության խոշոր արևային կայաններին։ Չարտադրված էլեկտրաէներգիայի դիմաց պետությունը տարեկան 3-4 մլրդ դրամի փոխհատուցում պետք է վճարի։

«Խնդիրն այն է, որ սա պարզապես թանկ է։ Մենք այսօր վճարում ենք կայաններին ու փաստացի կանգնեցնում դրանք, այսինքն՝ չենք օգտագործում»,- ասում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին փոխնախարար Հակոբ Վարդանյանը, որը համակարգել է էներգետիկայի ոլորտը 2018-24 թվականներին։

Հակոբ Վարդանյանը։ Էկրանակադրը՝ ՍիվիլՆեթի տեսանյութից։
Հակոբ Վարդանյանը։ Էկրանակադրը՝ ՍիվիլՆեթի տեսանյութից։

Հայաստանում արևային էներգետիկայի զարգացումը տարիներ շարունակ խրախուսվել է պետական ծրագրերով։ 2022-ին կառավարությունը սկսեց սուբսիդավորել արևային վահանակների տեղադրման վարկերը։ Սակայն արտադրական հզորությունների աճին զուգահեռ կուտակման համակարգերն ու էներգահամակարգի ճկունությունն ապահովող այլ լուծումներ նույն թափով չզարգացան։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Հովհաննես Աբրահամյանի խոսքով՝ նախարարությանը հաճախ մեղադրում են արևային կայանների շուկայի անկանոն զարգացման համար։ Նման իրավիճակից խուսափելու նպատակով այժմ կուտակման համակարգերի շուկայում ուսումնասիրություն է իրականացվում։

Նրա խոսքով՝ խնդրի լուծման բանալին պահեստավորման համակարգերն են, խոշոր ծրագրերը։ Աբրահամյանը նշում է նաև, որ մասնավոր հատվածում պահեստավորման կայանների ներդրման խնդիր կա։

Հովհաննես Աբրահամյանը։ Էկրանակադրը՝ ՍիվիլՆեթի տեսանյութից։
Հովհաննես Աբրահամյանը։ Էկրանակադրը՝ ՍիվիլՆեթի տեսանյութից։

Որքա՞ն կարժենա կուտակիչների ներդրումը, և ո՞վ է վճարելու

Հայաստանում կուտակման անհրաժեշտ հզորությունների վերաբերյալ գնահատականները տարբեր են։ Հակոբ Վարդանյանի հաշվարկով՝ ներկայիս արևային արտադրության պայմաններում երկրին անհրաժեշտ է առնվազն 3,000 ՄՎտ/ժ տարողությամբ կուտակման համակարգ, որը կկարողանա էլեկտրաէներգիա մատակարարել վեց ժամ շարունակ։

Նրա խոսքով՝ կուտակիչները պետք է տեղադրվեն ոչ թե մեկ վայրում, այլ երկրի տարբեր հատվածներում՝ հաշվի առնելով էներգահամակարգի առանձնահատկությունները։ «Խրախուսումն այնպիսին պետք է լինի, ինչպես որ արևի կայաններն են։ Մարդիկ ինքնավար կայանների մոտ պետք է դնեն, իրենց կայանների»,- ասում է Վարդանյանը։

Կուտակիչների կառուցումը մեծ ներդրումներ է պահանջում։ 2025-ին Հայաստանի էներգահամակարգում դրանց ներդրման հնարավորություններն ուսումնասիրել է գերմանական German Economic Team խորհրդատվական ընկերությունը։

Դիտարկվել է երկու տարբերակ՝ 200 ՄՎտ/ժամ տարողությամբ համակարգ՝ 78 մլն դոլար արժեքով, և 120 ՄՎտ/ժ տարողությամբ համակարգ՝ 41 մլն դոլար արժեքով։ Գերմանացի մասնագետներն առավել նպատակահարմար են համարել երկրորդ տարբերակը՝ հաշվի առնելով ֆինանսական ռիսկերն ու հնարավոր եկամուտները։

Վարդանյանի գնահատմամբ՝ Հայաստանի ներկայիս կարիքները բավարարելու համար անհրաժեշտ կուտակիչների ներդրումը կարող է արժենալ 400-500 մլն դոլար։

Կառավարությունը նախատեսում է մինչև 2031-ը երկրում ունենալ առնվազն 800 ՄՎտ հզորությամբ էլեկտրաէներգիայի կուտակիչ կայաններ։ Դրանց ներդրումը պետք է նպաստի էներգահամակարգի ճկունության և կայունության բարձրացմանը։

Հայաստանում այս տարի Էներգետիկայի մասին օրենքում կատարվել են փոփոխություններ, սակայն կուտակիչների գործունեությունը կարգավորող ենթաօրենսդրական ակտերը դեռ մշակման փուլում են։

«Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիայի» տնօրեն Ջուլիետա Սիմոնյանի խոսքով՝ կուտակիչների շուկան Հայաստանում արդեն զարգանում է, սակայն օրենսդրական կարգավորումները, տեխնիկական ստանդարտներն ու վերահսկողության մեխանիզմները համաքայլ չեն զարգացման այդ տեմպին։ Նա ասում է, որ չի կարելի կրկնել արևային կայանների շուկայում առաջացած խնդիրները, երբ բիզնեսն ավելի արագ զարգացավ, քան անհրաժեշտ կարգավորումներն ու ենթակառուցվածքները։

«Այսօրվա կանոնները թույլ չեն տալիս կուտակիչային համակարգերի շուկայում գործող բիզնեսներին զարգանալ այն տեմպով, ինչը նրանք կուզեին։ Շուկայի ստեղծումն ու զարգացումն ուղղակիորեն կախված են պետության կարգավորումներից»,- ասում է Սիմոնյանը։

Ջուլիետա Սիմոնյանը
Ջուլիետա Սիմոնյանը

Սիմոնյանը կարևորում է նաև կուտակիչների որակի, անվտանգության և երաշխիքային սպասարկման վերահսկողությունը։ Նրա խոսքով՝ Հայաստանում արդեն ներկրվում ու տեղադրվում են կուտակիչներ, մինչդեռ սպառողները միշտ չէ, որ բավարար տեղեկություն ունեն դրանց տեխնիկական հատկանիշների և օգտագործման պայմանների մասին։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանի խոսքով՝ նախատեսվում է կուտակիչների գործունեության երկու հիմնական մոդել՝ երաշխիքով և առանց երաշխիքի։

«Երաշխիքով կայանները գործելու են համակարգի օպերատորի կարգավարման ներքո, այսինքն՝ պետք է պատրաստ լինեն համակարգի օպերատորի հրահանգով լիցքավորվելուն կամ լիցքաթափվելուն, և նրանք կունենան կարգավորվող սակագին, այդ սակագնով կվճարվեն։ Իսկ առանց երաշխիքի պահուստավորման կայանները գործելու են մրցակցային շուկայում։ Նրանց համար սակագին չի սահմանվելու։ Իրենք են որոշելու սակագինը՝ շուկայում առաջարկից ու պահանջարկից ելնելով»,- բացատրում է Ուլիխանյանը։

Աշոտ Ուլիխանյանը։ Էկրանակադրը՝ ՍիվիլՆեթի տեսանյութից։
Աշոտ Ուլիխանյանը։ Էկրանակադրը՝ ՍիվիլՆեթի տեսանյութից։

Դեռ պարզ չէ, թե կուտակիչների ներդրումն ինչպես կանդրադառնա սպառողների վճարած էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ Ուլիխանյանի խոսքով՝ դրանք մի կողմից լրացուցիչ ծախսեր են առաջացնելու էներգահամակարգում, մյուս կողմից հնարավորություն են տալու նվազեցնել արդեն գոյություն ունեցող որոշ ծախսեր։

«Համակարգում սակագների վրա ազդող բազմաթիվ գործոններ կան, ու այս գործոնների հանրագումարում դա կարող է այնպիսի փոքր ազդեցություն ունենալ, որ սպառողի վրա անգամ ազդեցություն չունենա։ Այդ իսկ պատճառով, միայն այդ մի գործոնով խոսելը ճիշտ չէ՝ սպառողի վրա սակագնի ազդեցության տեսանկյունից»,- ասում է հանձնաժողովի ներկայացուցիչը։

Կուտակիչները կարող են նվազեցնել գազի սպառումը

Կուտակիչների ներդրումը դիտարկվում է նաև Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու տեսանկյունից։ Երկրի ընդհանուր էներգետիկ կախվածությունը գնահատվում է շուրջ 70 տոկոս։ Բնական գազի օգտագործումը ներկայում տնտեսապես մատչելի է, քանի որ Հայաստանը արտոնյալ գնով է ձեռք բերում ռուսական գազը՝ 177,5 դոլար 1,000 խմ-ի համար։ Հայաստան ներկրվող գազի ավելի քան 85 տոկոսը գալիս է Ռուսաստանից, մնացածը՝ Իրանից։

Կուտակիչ կայանների կառուցումը ծախսատար է, սակայն այդ հզորությունների մեծացումը կարող է նվազեցնել գազով արտադրվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինը և կախվածությունը ներկրվող էներգառեսուրսից։

Էներգետիկայի ոլորտի մասնագետ Գայանե Կոլյանի գնահատմամբ՝ արևային էներգետիկայի զարգացման արդյունքում առաջացած խնդիրները հնարավոր չէ լուծել միայն կուտակիչների ներդրմամբ։ Անհրաժեշտ է նաև արդիականացնել էլեկտրահաղորդման ցանցերը, զարգացնել պահանջարկի կառավարման գործիքները և ընդլայնել հարևան երկրների հետ էլեկտրաէներգիայի փոխանակման հնարավորությունները։

«Այս հարցի լուծմանը համալիր մոտեցումը շատ կարևոր է […]: Բարեփոխումներ անել, հզորացնել ցանցը, նոր գործիքներ ներդնել»,- ասում է Կոլյանը։

 Գայանե Կոլյանը: Էկրանակադրը՝ ՍիվիլՆեթի տեսանյութից։
Գայանե Կոլյանը: Էկրանակադրը՝ ՍիվիլՆեթի տեսանյութից։

Կոլյանը կարևորում է նաև պահանջարկի կառավարման գործիքների կիրառումը։ Դրանք հնարավորություն են տալիս էլեկտրաէներգիայի սպառումը հարմարեցնել համակարգի հնարավորություններին։ Նրա խոսքով՝ նման գործիքները լայնորեն կիրառվում են եվրոպական երկրներում, որտեղ նույնիսկ փոքր սպառողները կարող են մասնակցել էներգահամակարգի հավասարակշռման խնդիրների լուծմանը։

Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեն նաև Իրանի և Վրաստանի հետ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի ծրագրերը։ Դրանք հնարավորություն կտան արևային արտադրության ավելցուկի ժամերին էլեկտրաէներգիա արտահանել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ներմուծել։

Էլեկրտահաղորդման գծերի կառուցման այս երկու ծրագրերն էլ դոփում են տեղում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխանցմամբ՝ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման ծրագրի երեք հատվածների կառուցման գործընթացը դեռ մրցութային փուլում է։

Հայաստան-Իրան նոր էլեկտրահաղորդման գծի կառուցումը ևս շարունակ ուշանում է։

. . .

Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդման ծրագրերին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Եվրամիությունը։ 2026-ի մայիսին Երևանում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց Հայաստանի էներգետիկ ոլորտում, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերում ներդրումներին աջակցելու ԵՄ պատրաստակամության մասին։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Համաշխարհային բանկի հետ համատեղ ուսումնասիրություն է իրականացնում՝ պարզելու, թե որքան հզորության կուտակիչներ են անհրաժեշտ Հայաստանի էներգահամակարգին և որտեղ պետք է դրանք տեղակայվեն։ Զուգահեռաբար մշակվում են դրանց գործունեությունը կարգավորող ենթաօրենսդրական ակտեր։ Նախատեսվում է, որ դրանք ուժի մեջ կմտնեն 2026-ի դեկտեմբերի 4-ից, ինչից հետո հնարավոր կլինի սկսել կուտակիչ կայանների լիցենզավորման գործընթացը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում