Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ ուսումնասիրություն է սկսվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առնչությամբ։ Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանության պարտավորությունը կրում է պետությունը։
ՄԻՊ-ի հաղորդագրության համաձայն՝ ուսումնասիրության շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից՝ Պաշտպանի մանդատին վերաբերող հարցերը պարզելու նպատակով։
«Պետությունը պարտավոր է ապահովել նաև մահվան դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը»,- ասված է հայտարարության մեջ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի նախկին թեկնածու Արսեն Գևորգյանը մահացել է նոյեմբերի 10-ի առավոտյան՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
Քրեակատարողական ծառայության փոխանցմամբ՝ Գևորգյանի ինքնազգացողության վատթարացումից հետո նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերել հերթապահ բուժակը, այնուհետև շտապօգնություն է կանչվել։ Բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի պնդմամբ՝ Գևորգյանը կալանավայրում գտնվելու ընթացքում առողջական խնդիրների վերաբերյալ գանգատներ չի ներկայացրել։ Նրա խոսքով՝ Գևորգյանն ինքնազգացողության վատթարացումից բողոքել է նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան։
Գալյանի փոխանցմամբ՝ Գևորգյանի մոտ արձանագրվել է սրտի կանգ։
Գևորգյանը հոկտեմբերի 21-ից կալանքի տակ էր՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով։ Նա չէր ընդունում մեղադրանքը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քրեական հետապնդումը որակել էր քաղաքական, իսկ նրա մահից հետո տարածած հայտարարությամբ անուղղակիորեն մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ազգային ժողովի փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ քննադատել է կալանքի կիրառման պրակտիկան՝ պնդելով, որ պետությունը չի ապահովում կալանավորված անձանց բժշկական օգնության նվազագույն երաշխիքները։











