«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացած՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի նախկին թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնում են Քննչական կոմիտեից։
Գևորգյանը մահացել է նոյեմբերի 10-ի առավոտյան։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Գևորգյանը վաղ առավոտյան բողոքել է ինքնազգացողության վատթարացումից։ Նրան զննել է հերթապահ բուժակը, այնուհետև շտապօգնություն է կանչվել։ Նախարարի խոսքով՝ արձանագրվել է սրտի կանգ։ Մահվան պատճառի վերաբերյալ վերջնական բժշկական եզրակացություն դեռ չի հրապարակվել։
Գալյանը նաև հայտնել է, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում Գևորգյանն առողջական խնդիրների մասին չի բարձրաձայնել։
Հոկտեմբերի 21-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից չորս օր առաջ, իրավապահները Ստեփանավանում խուզարկություններ և քննչական գործողություններ էին իրականացրել, որոնց ընթացքում ձերբակալվել էր 14 անձ, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստանի» ընտրական ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանը։ Նույն օրը Հակակոռուպցիոն դատարանը որոշել էր նրան երկու ամսով կալանավորել։
Հակակոռուպցիոն կոմիտեն Գևորգյանին մեղադրում էր խմբի կազմում ընտրակաշառք տալու համար։ Ըստ քննչական մարմնի վարկածի՝ ընտրություններին մասնակցելու և «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելու պայմանով մի քանի տասնյակ ընտրողների ընտրակաշառք էր առաջարկվել կամ տրվել։ Գևորգյանի փաստաբանական թիմը հերքում էր մեղադրանքը՝ հայտարարելով, որ քրեական վարույթում ներկայացված գումարները կապ չունեն ընտրակաշառքի հետ։
Գևորգյանը չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քրեական հետապնդումը որակել էր քաղաքական՝ այն կապելով Ստեփանավանի ընտրությունների հետ։ Գևորգյանի մեղավորությունը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված չէր։
Հայաստանում կալանքի ընթացքում մահվան մեկ այլ դեպք էր արձանագրվել 2022-ի հուլիսի 15-ին։ Այդ օրը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ իր գործով նախնական դատալսումների ժամանակ, մահացել էր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Նա ևս կալանքի տակ էր։ Դատական նիստի ընթացքում Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, նա կորցրել էր գիտակցությունը, իսկ ժամանած շտապօգնության բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը։
Գրիգորյանը կալանավորվել էր 2022-ի մայիսի 17-ին՝ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու վերաբերյալ քրեական գործով։












