Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի բանտարկված նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պահանջել է իր դատավարությունն անցկացնել դռնբաց՝ պնդելով, որ իշխանությունները փորձում են թաքցնել իր նկատմամբ քաղաքական հետապնդման և ճնշումների ապացույցները։
Ղարիբաշվիլին ազատազրկման պատիժ է կրում փողերի լվացման աղմկահարույց գործով։ 2026-ի օգոստոսից նա բանտից նամակներ է հրապարակում, որոնցում քննադատում է «Վրացական երազանքում» իր նախկին գործընկերներին և պնդում, որ իրեն ստիպել են խոստովանել չգործած հանցանքը։
Նոր մեղադրանքները նրան առաջադրվել են օգոստոսի 24-ին, երբ Ղարիբաշվիլին բանտից սկսեց հրապարակել իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն ու նրա ղեկավարությանը քննադատող նամակներ։ Դատախազությունը նրան մեղադրում է նախնական համաձայնությամբ գործող խմբի կազմում առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ՝ վարչապետի պաշտոնավարման տարիներին ենթադրյալ կոռուպցիայի առնչությամբ։
Տե՛ս նաև՝ Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիին կուսակցությանը քննադատելուց հետո նոր մեղադրանք է առաջադրվել
Նոյեմբերի 9-ին հրապարակված՝ բանտից իր 10-րդ նամակում Ղարիբաշվիլին քննադատել է նոյեմբերի 2-ին սկսված դատավարությունը փակ անցկացնելու որոշումը՝ պնդելով, որ ցանկանում էր հրապարակայնորեն խոսել իր նկատմամբ, իր բնորոշմամբ, քաղաքական հետապնդման և ճնշումների մասին։
Սա նրա վերջին հրապարակային հայտարարությունն է, որում նա իշխանություններին մեղադրում է իր դեմ քրեական վարույթը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելու մեջ։ Ղարիբաշվիլին նաև պնդում է, որ իր պաշտպաններին հասանելիություն չեն տվել առանցքային ապացույցներին, իսկ իշխանությունները չեն հետաքննել շանտաժի վերաբերյալ իր պնդումները։
Ղարիբաշվիլին ասել է, որ ցանկանում էր գործի ըստ էության քննության սկզբում հրապարակային հայտարարություն անել, սակայն դատարանը որոշել է նիստերն անցկացնել դռնփակ։
Նա այդ որոշումը խտրական է անվանել և պնդել, որ այն խախտում է արդարադատության հրապարակայնության սկզբունքը, քանի որ նմանատիպ մեղադրանքներով այլ անձանց գործերը քննվել են դռնբաց։
«Սա երկակի չափանիշների ակնհայտ ապացույց է. նույն համատեքստում կամ նմանատիպ մեղադրանքներով այլ անձանց գործերը հիմնականում քննվել են դռնբաց, մինչդեռ իմ դատավարությունը փակ է անցկացվում»,- գրել է Ղարիբաշվիլին։
Նա դատավարությունը բնորոշել է նաև որպես «ստվերային արդարադատության» օրինակ՝ պնդելով, որ նիստերը փակելու նպատակն է թույլ չտալ հանրային վերահսկողություն և թաքցնել քաղաքական շահերը, ճնշումներն ու այն կեղծիքները, որոնք, նրա պնդմամբ, առկա են իր գործում։
«Իշխանությունների որոշումը թելադրված է վախով և նպատակ ունի ապահովել, որ գործընթացն ընթանա «մթության մեջ»։ Ուզում եմ հայտարարել, որ թաքցնելու ոչինչ չունեմ։ Հետևաբար պահանջել եմ, որ դատավարությունը բաց լինի և «լույս» լինի»,- գրել է նա։
Ղարիբաշվիլին նաև պնդել է, որ փակ նիստի ժամանակ դատավորին հայտնել է իր նկատմամբ հոգեբանական ահաբեկման, խոշտանգումների և ճնշումների, ինչպես նաև իր քաղաքական գործունեությանը խոչընդոտելու փորձերի մասին։
Նրա խոսքով՝ այդ գործողությունները խախտում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 6-րդ և 18-րդ հոդվածները։
Նախկին վարչապետը հիշատակել է նաև օգոստոսի 17-ին սոցիալական ցանցերում հրապարակած նամակը, որն, ըստ նրա, իշխանություններն էին ուղարկել իրեն և որը պարունակում էր սպառնալիքներ ու վերջնագիր։
Ղարիբաշվիլին ասել է, որ ակնկալում էր իշխանությունների կողմից հետաքննություն, սակայն այն չի սկսվել։
Նա դատախազությանը մեղադրել է ենթադրյալ շանտաժը չհետաքննելու և դրա փոխարեն, նամակում պարունակվող վերջնագրին համապատասխան, իր դեմ նոր մեղադրանք առաջադրելու մեջ։
«Երբ Գլխավոր դատախազությունն ու դատարանը գիտեին շանտաժի և նամակի մասին, բայց ոչ միայն չհետաքննեցին այդ հանգամանքները, այլև նամակում պարունակվող վերջնագրին համապատասխան իմ դեմ անհեթեթ նոր մեղադրանք առաջադրեցին, պետությունն ինքն իր վրա վերցրեց այս հանցագործության պատասխանատվությունը»,- գրել է նա։
Ղարիբաշվիլին նաև պնդել է, որ իր պաշտպաններին թույլ չեն տվել նամակը դատարանում ներկայացնել որպես առանցքային ապացույց և հասանելիություն չեն տվել գործի որոշ նյութերի։ Նրա խոսքով՝ դա խախտում է կողմերի հավասարության սկզբունքը։
Նամակի վերջում Ղարիբաշվիլին դատավարությունը փակ անցկացնելու որոշումը կապել է իր նկատմամբ քաղաքական հետապնդման և վրեժխնդրության ավելի լայն արշավի հետ՝ հիշատակելով բանտում ճնշումներն ու շանտաժը, ապացույցների անտեսումը, գործի նյութերին հասանելիության սահմանափակումներն ու հանրությանը դատական նիստերից հեռու պահելը։
Նա պնդել է, որ այս գործընթացը «օրենքի հետ որևէ կապ չունի» և քաղաքական դրդապատճառներ ունի։
Միաժամանակ Վրաստանի Հանրային պաշտպանը սկսել է ուսումնասիրել Ղարիբաշվիլիի հրապարակային հայտարարությունում բարձրացված հարցերը։
Հանրային պաշտպանի գրասենյակը հայտնել է, որ կապ կհաստատի համապատասխան քննչական մարմինների հետ՝ տեղեկություն ստանալու համար, թե արդյոք հետաքննություն է սկսվել Ղարիբաշվիլիի նկարագրած ենթադրյալ ճնշումների, շանտաժի և հարկադրանքի վերաբերյալ, և ինչ քայլեր են ձեռնարկվել դրանց առնչությամբ։
Գրասենյակը կուսումնասիրի նաև հայտարարությունում նշված իրավունքների ենթադրյալ մյուս խախտումները, այդ թվում՝ դատական նիստերը փակ անցկացնելու իրավական հիմքերը, ինչպես նաև պաշտպանական կողմի՝ ապացույցներ ներկայացնելու և գործի նյութերին հասանելիություն ստանալու հետ կապված խնդիրները։
Ղարիբաշվիլին վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2013-2015-ին և 2021-2024-ին, իսկ 2019-2021-ին եղել է պաշտպանության նախարար։ 2024-ի հունվարին վարչապետի պաշտոնը թողնելուց հետո նա դարձել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ, իսկ 2025-ի ապրիլին հրաժարական տվել և հեռացել քաղաքականությունից։
Նրա պաշտոնավարման տարիների նախկին պաշտոնյաների նկատմամբ հետաքննությունները սկսվել են 2025-ի ամռանը և ի վերջո հասել Ղարիբաշվիլիին։ 2026-ի հունվարին նա մեղքի ընդունման համաձայնագիր է կնքել, մեղավոր ճանաչվել և դատապարտվել հինգ տարվա ազատազրկման։ Օգոստոսի 24-ին, բանտից հրապարակային հայտարարությունները վերսկսելուց հետո, նրան կոռուպցիոն նոր մեղադրանքներ են առաջադրել, որոնց համար նախատեսված է 11-15 տարվա ազատազրկում։












