Հայաստանը չի ընդունում խաղաղության պայմանագրի ստորագրումը նոր Սահմանադրության ընդունմամբ պայմանավորելու Ադրբեջանի մոտեցումը և պատրաստ է համաձայնագիրը ստորագրել հենց այսօր։ Այս մասին նոյեմբերի 17-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Մենք չենք ընդունում այդ մոտեցումը։ Մենք համարում ենք, որ որևէ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրման, և հենց այսօր էլ պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- ասել է Ռուբինյանը։
ԱԺ նախագահի խոսքով՝ նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը բխում է Հայաստանի ներքին օրակարգից։ Միաժամանակ նա չի բացառել, որ դրա ընդունումը կարող է նաև արտաքին քաղաքական հետևանքներ ունենալ։
Ռուբինյանն անդրադարձել է ընդդիմության հարցադրումներին, թե արդյոք Սահմանադրության փոփոխությունից հետո Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագիրը և նոր նախապայմաններ չի ներկայացնի։
Նրա խոսքով՝ իշխանությունն այդ հարցերը տրամաբանական է համարել, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է դրանց շուրջ մտածելու և ընդդիմությանն առաջարկ ներկայացնելու մտադրության մասին։
«Եթե հավելյալ երաշխիքներ են պետք, գուցե արժի գնալ այդ երաշխիքների հետևից՝ ձեր առաջ բերած օրակարգի հարցի շուրջ»,- ասել է Ռուբինյանը։
Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը շարունակում է կապել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։ Բաքուն առարկում է գործող Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին արված հղմանը։ Հռչակագրում հիշատակվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը։ Երևանը պնդում է, որ Հայաստանի գործող Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում։
Նոյեմբերի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանն ընդունում է՝ Հայաստանի Սահմանադրությունը երկրի ներքին գործն է։ Նրա խոսքով՝ Իլհամ Ալիևն իր հետ զրույցներում ընդունել է դա, սակայն ադրբեջանական կողմը գործող սահմանադրական կարգավորումների պայմաններում չի ցանկանում ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը։
«Ադրբեջանը Հայաստանից սահմանադրության փոփոխություն չի պահանջում, և Ադրբեջանը Հայաստանից սահմանադրության փոփոխություն պահանջել չի կարող»,- ասել էր Փաշինյանը։
Հայաստանում միաժամանակ ընթանում է նոր Սահմանադրության մշակման գործընթացը։ Նոյեմբերի 2-ին Փաշինյանը հայտնել էր, որ նախագիծը նախատեսվում է հրապարակել նոյեմբերին, որից հետո կմեկնարկեն հանրային քննարկումները։
Հոկտեմբերի 30-ին Ռուբինյանն առաջարկել էր ընդդիմությանը չխոչընդոտել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն, այնուհետև գլխավորել «Ոչ»-ի շտաբը և հանրությանը ներկայացնել իր փաստարկները։
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիրը նախաստորագրել են 2025-ի օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում։ Փաստաթղթի համաձայնեցված տեքստը հրապարակվել է օգոստոսի 11-ին, սակայն համաձայնագիրը մինչ օրս չի ստորագրվել։












