Հայաստանն արագ ընդլայնում է արհեստական բանականության (ԱԲ) հաշվողական ենթակառուցվածքները։ Սակայն ավելի մեծ տեղական ԱԲ արդյունաբերություն զարգացնելու համար երկրին պակասում են մասնագետներ, հետազոտական կարողություններ և ներդրումներ։ Այս մասին ասվում է Հայաստանի նորարարության հիմնադրամի (AIF) նոր զեկույցում, որի մասին նոյեմբերի 18-ին գրել է Yahoo Finance-ը։
«AIF Blueprint: Artificial Intelligence» զեկույցում նշված է ԱԲ-ի հետ կապված 118 ընկերություն։ Հիմնադրամը առաջնահերթ է համարում հինգ խորը տեխնոլոգիական ոլորտ, և դրանցից ամենամեծը ԱԲ-ն է։ AIF-ը գործում է վարչապետին առընթեր Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի ուղղորդմամբ։ Վերլուծության հիմքում հարկային տվյալներ, պաշտոնական վիճակագրություն և հարցազրույցներ են՝ մինչև 2026-ի հուլիսը։
Զեկույցի համաձայն՝ 2025-2026-ին ոլորտի կենտրոնը կիրառական ԱԲ ծրագրերից տեղափոխվել է հաշվողական ենթակառուցվածքների վրա։ Այս շրջադարձին նախորդել է 2024-ին Հայաստանի առաջին ազգային գերհամակարգչային կենտրոնի բացումը։
Ինչպես գրում է Yahoo Finance-ը, Firebird AI ընկերության ԱԲ գործարանը Հրազդանում բացվել է օգոստոսին։ Այն կառուցվել է Nvidia-ի և կառավարության հետ համագործակցությամբ ու ունի ավելի քան 6,000 Nvidia Blackwell գրաֆիկական պրոցեսոր։ Առաջին փուլի ներդրումները կազմել են 500 միլիոն դոլար։ Երկրորդ փուլից հետո ընդհանուր ներդրումները կհասնեն մոտ 4 միլիարդ դոլարի, իսկ հզորությունը մինչև 2027-ի վերջը՝ 300 ՄՎտ-ի։ Մարտին Արդշինբանկը, Ակբա բանկը, Էվոկաբանկը և Ֆասթ բանկը Ամունդի-Ակբա և C-QUADRAT Ampega կենսաթոշակային ֆոնդերի հետ մասնակցել են 300 միլիոն դոլարի սինդիկացված վարկի տրամադրմանը։ [LINK-TBD-CIVILNET]
Eleveight AI ընկերության կենտրոնը Գագարին գյուղում ունի 512 Nvidia B300 պրոցեսոր։ Կենտրոնի 1.5 ՄՎտ հզորությունն ամբողջությամբ զբաղված է, և այն նախատեսվում է ընդլայնել մինչև 40 ՄՎտ։ Ընկերությունը խոստացել է իր հաշվողական հզորության 20%-ը տրամադրել համալսարաններին և հետազոտական հաստատություններին։
Երևանի պետական համալսարանը հունվարին բացել է 80 գրաֆիկական պրոցեսորով տվյալների մշակման կենտրոն։ Դրան նախորդել են պետական հատկացումները՝ 2024-ին 3.4 միլիարդ դրամ (9.4 միլիոն դոլար), իսկ 2025-ին՝ 1.17 միլիարդ դրամ (մոտ 3.2 միլիոն դոլար)։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Firebird-ի և Amazon Web Services-ի հետ սուբսիդավորում է նաև ԱԲ նախագծերի մուտքը հաշվողական ռեսուրսներին։ 2026-ին ծրագրի բյուջեն 1.36 միլիարդ դրամ է (մոտ 3.8 միլիոն դոլար), իսկ 2027-ից այն տարեկան 2.5 միլիարդ դրամ (մոտ 6.9 միլիոն դոլար) կլինի։
Զեկույցի համաձայն՝ ենթակառուցվածքներն աճում են, բայց ԱԲ ոլորտի աշխատուժը փոքր է և կենտրոնացած է սակավաթիվ ընկերություններում։ AIF-ի վերլուծած Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2025-ի դեկտեմբերին ՏՏ ոլորտի ընտրված հիմնական գործունեության տեսակներում զբաղված է եղել 32,856 մարդ։ Վերլուծված 95,475 պաշտոնային գրառումներից միայն 882-ն են ուղղակիորեն վերաբերում ԱԲ-ին, մեքենայական ուսուցմանը կամ տվյալագիտությանը։ Դա կազմում է 0.9%։ Այս թվերը պաշտոնային գրառումներ են, ոչ թե առանձին աշխատակիցներ։ Ամենաշատ ԱԲ հաստիքներ ունեն Krisp-ը (60), Picsart-ը (58), ServiceTitan East-ը (36) և Nvidia Armenia-ն (28)։
Մասնագետների պատրաստման հնարավորությունները նույնպես սահմանափակ են։ Վեց համալսարանների ԱԲ և տվյալագիտության ծրագրերում սովորում է 858 ուսանող, սակայն այս ոլորտներում առանձին ասպիրանտական ծրագիր չկա։ Գիտահետազոտական ոլորտի աշխատողների թիվը 2021-ից մինչև 2025-ը 4,889-ից նվազել է 4,272-ի։ 2024-ին հետազոտողների 38.6%-ը 60 տարեկան և ավելի բարձր տարիքի էր։
Զեկույցում նշված է, որ 2026-ի հուլիսի դրությամբ Հայաստանն ԱԲ-ի առանձին ազգային ռազմավարություն չուներ։ Վեց տեղական վենչուրային ֆոնդ ԱԲ-ն ներառում է իր ներդրումային ուղղությունների մեջ, սակայն դրանց ներդրումները հիմնականում վաղ փուլերում են։ Զեկույցի համաձայն՝ հիմնականում Series A կամ ավելի ուշ փուլում ներդրումներ անող տեղական ֆոնդ չկա։
Yahoo Finance-ի փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկը Firebird-ի նախագիծը կապել է օտարերկրյա ուղղակի ներդրումների աճի հետ։ Միաժամանակ նա զգուշացրել է, որ տեղական ընկերությունները ԱԲ-ի կիրառման հարցում հետ են մնում։ Ռուսաստանի անվտանգության համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը պնդել է, թե կենտրոնը կարող է ծառայել ԱՄՆ հետախուզության շահերին։












