Եվրահանձնաժողովը մտադիր է մինչև այս տարվա վերջ միջոցառումների փաթեթ ներկայացնել՝ ուղղված եվրապական տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում պարգևավճարների սահմանափակմանը: Այս մասին գերմանական Frankfurter Allgemeine Sonntagszeitung պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է ներքին շուանաերի հարցով հանձանակատար Միշել Բառնյեն:
«Եվրամիության՝ բորսաներում ցուցակված բոլոր ընկերությունների թոփ մենեջերների աշխատավարձերի չափը պետք որոշեն ընկերությունների բաժնետերերը: Դա վերաբերում է նաև «ոսկե օդապարիկներին»», -ասել է Բառնյեն: Նրա խոսքով՝ այս փաթեթի շրջանակում նախատեսվում է խստացնել կապիտալի թափանցիկության ապահովմանն ուղղված միջոցառումները: «Այսպես՝ ընկերության տարեկան հաշվետվության մեջ կհրապարակվեն կառավարող մարմիների աշխատավարձերի չափերը, ինչը հասարակությանն ու ներդրողներին հնարավորություն կտա համեմատել առանձին ընկերություններ», -նշել է եվրահանձնակատարը:
Բրյուսելում կարծում են, որ մի շարք թոփ մենեջերների աշխատավարձերի ներկայիս չափը որևէ կերպ չի համապատասխանում եկամուտների արդար բաշխման մասին պատկերացումներին: «Այս ամենի նպատակը վերադարձն է դեպի սոցիալական ուղղվածություն ունեցող տնտեսությանը, և դրա համար անհրաժեշտ է վերացնել բանակին սեկտորի չափազանց բարձր աշխատավարձերը: Իշխանությունը ընկերություններում պետք է վերադարձնենք բաժնետերերին», -նշել է Բառնյեն: Որպես այս քաղաքականության ակտուալ լինելու օրինակ՝ նա մատնանշելէ Շվեյցարիայի հանրաքվեի արդյունքները, որով օրենսդրորեն բոլոր ընկերություներում սահմանափակվում են պարգևավճարների ծավալները:
Բառնյեն՝Մեծ Բրիտանիայի՝ պարգևավաճարների սահմանափակման հարցում բացասական դիրքորոշման վերաբերյալ նշել է, որ Լոնդոնի հետ որոշակի փոխզիջում, այնուհանդերձ, ձեռք կբերվի: «Հնարավոր է՝ որոշակի շտկումներ կատարվեն, սակայն նախաձեռնությունը բովանդակային զգալի փոփոխություններ չի կրի», -ասել է պաշտոնյան:
Փետրվարի վերջին Եվրահանձնաժողովը և Եվրախորհրդարանը հաստատել են որոշումը, ըստ որի՝բանկային ոլորտի պարգևավճարները չպետք է գերազանցեն հիմնական աշխատավարձի չափը կամ կարող են երկու աշխատավարձի չափով լինել՝ բաժնետերերի համապատասխան որոշման դեպքում:
Civilnet











