Սերժ Սարգսյանի ցանկացած համալիր առաջարկ, որը չի լինի ուշացած, պատրաստ եմ քննարկել, այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը մարտի 10-ից հացադուլ է հայտարարել:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանի` հրապարակ այցելելու դեպքում դուրս կգա հացադուլից` Հովհաննիսյանն ասաց, որ որպես սկզբունք ինքը եթե-ները չի ընդունում:
«Կողջունեմ, որ Սերժ Սարգսյանը գա, կողջունեմ, որ Սահմանադրական դատարանն արդար, իրավացի վճիռ կայացնի: Ես հավատում եմ, որ մարդը կարող է մաքրվել և ուղղվել: ՍԴ-ն ունի վերջին հնարավորությունը` իր հետագիծը մաքրելու և ներկայացնելու արդարացի վճիռ: Հույս ունեք, որ չի վավերացնելու ակնհայտորեն գողացված, կեղծված ընտրությունները»,- ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ սիրով կլսի Սերժ Սարգսյանի` հանգուցալուծման առաջարկությունները և այլևս ոչ մի բան չի առաջարկի:
«Եթե դատարանից կամ Սերժ Սարգսյանից ստանամ այդ երաշխավորված հանգուցալուծումը, որը թույլ կտա դուրս գալու այս իրավիճակից, իհարկե դուրս կգամ հացադուլից»,- հայտարարեց «Ժառանգության» ղեկավարը:
Civilnet











