«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ ներքաղաքական այս լարված իրավիճակը չի ձգվի մինչև ապրիլի 9-ը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մարտիրոսյանը:
«Գործը չի հասնի ապրիլի 9-ին, քանի որ իշխանության մեջ ոչ միայն քրեաօլիգարխիկ տարրեր են հավաքված, այլև ողջամիտ մարդիկ, որոնք երկխոսություն կսկսեն և լուծումներ կառաջարկեն»,- ասաց Մարտիրոսյանը:
Նա նշեց նաև, որ իշխանությունն այսօր այլևս չի կարողանում քաղաքական գործընթացներն իր ձեռքում պահել:
«Իշխանությունը ցայտնոտի մեջ է ընկել, լուծման ուղիներ է փնտրում և ճիշտ է անում, քանի որ կա համապետական խնդիր, ճգնաժամ: Ես Հույս ունեմ, որ նախագահը չի լսի իր թիմակիցներին և ճիշտ որոշում կկայացանի, քանի որ ամբողջ պատասխանատվությունն իր վրա է: Հույս ունեմ, որ համապետական լուծումը երկար սպասեցնել չի տա»,- ասաց «Ժառանգության» փոխնածագահը:
Հիշեցնենք, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 10-ից հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում` մինչև ապրիլի 9-ը պահանջելով գործող նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը:
Civilnet











