Ընդդիմությունը որևէ ձևով չի պատրաստվում որևէ պաշտոն ստանձնել: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Մենք առևտրական չենք և առևտրով չենք զբաղվում: Կա համապետական խնդիր, որը պահանջում է համապետական լուծում»,- ասաց նա:
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին` Մարտիրոսյանը նշեց, որ իր կարծիքով` այս պայքարն արդյունք ունենալու է, և ավագանու ընտրություններն այս պայքարի մի օղակն են: Նրա խոսքով` «Ժառանգությունը» կողմ է այս ընտրություններին համապարփակ միասնական ցուցակով մասնակցությանը, որն իր մեջ կամփոփի համազգային պայքարը:
Ինչ վերաբերում է ընդդիմության` մանդատները վայր դնելու հնարավորությանը, ապա Մարտիրոսյանը դժվարացավ նշել, թե գործնականում որքանով է դա հնարավոր, թեև նշեց, որ քայլը վստահորեն արդյունք կտա և արտահերթ ընտրություններ անցկացնելու պրոցեսն ավելի կարագացնի:
Խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մասին` «Ժառանգության» փոխնախագահն այն սովորական հանդիպումների շարքին դասեց: «Դրա արդյունքը եղավ այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ կուսակցական պայքար չի լինելու, կա համազգային պայքար և ժողովուրդ: Այս պարագայում մենք ընդամենը այդ պայքարի մեջ ենք տեղավորվում և բոլոր այն ուժերը, որոնք կցանկանան միանալ այս պայքարին, ողջունելի կլինի»,- ասաց Մարտիրոսյանը:
Նշենք, որ Ազատության հրապարակ էին այսօր այցելել ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, իսկ Մարտիրոսյանի ասուլիսի ընթացքում այնտեղ էր նաև ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը նստել էր Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին:
Civilnet











