Գլխավոր Լրահոս

Կիպրոսը բանկային համակարգը փրկում է՝ հարկելով ավանդատուներին

Կիպրոսը բանկային համակարգը փրկում է՝ հարկելով ավանդատուներին

Եվրամիությունը և Արժույթի միջազգային հիմնադրամը մարտի 16-ին Կիպրոսին €10 մլրդ-ի ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին որոշում են կայացրել՝ երկիրը սնանկացումից փրկելու համար։ Ընդ որում՝ անհրաժեշտ միջոցների զգալի մասը նախատեսվում է ներգրավել կիպրական բանկերի ավանդատուների միանվագ հարկման ճանապարհով, հաղորդում է Reuters-ը։ Ենթադրվում է, որ €100 հազ-ը գերազանցող ավանդների համար դրույքաչափը կկազմի 9,9%, ավելի փոքր ծավալի ավանդների դեպքում՝ 6,75%: Կիպրական իշխանությունների այս որոշումը դեռ պիտի հաստատի երկրի խորհրդարանը։ Մինչ այդ երկրում փակ կմնան բանկերը։

Կիպրական բանկերում ավանդների ընդհանուր ծավալը €68 մլրդ է, որոնց հարկման արդյունքում բյուջե կմտնի $5,8 մլրդ: Ընդ որում՝ հարկային բեռի գրեթե կեսը բաժին կընկնի այդ բանկերում ավանդներ պահող օտարերկրացիներին, այդ թվում՝ ռուսաստանցիներին և բրիտանացիներին։

Ըստ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի՝ Նիկոսիան այս որոշումն ընդունելիս այլընտրանք չի ունեցել, քանի որ Եվրոպական կենտրոնական բանկը սպառնացել է դադարեցնել կիպրական Laiki բանկի վերակապիտալիզացիան, ինչը կհանգեցներ երկրի ֆինանսական համակարգի դեֆոլտի։

ԵՄ որևէ երկրի փրկությանն ուղղված միջոցառումների շրջանակում մինչ այժմ եվրոպացի ավանդատուները ֆինանսական կորուստներ չեն ունեցել, կիպրական իշխանությունների որոշումն այս առումով աննախադեպ է։

Կիպրական բանկերը, որոնք ակտիվորեն վարկավորել են հունական ընկերությունները և ձեռք բերել հունական պարտատոմսեր, դարձել են Հունաստանի պարտքային ճգնաժամի ու պարտքի վերակառուցման «զոհը»: Ընդ որում՝ Կիպրոսի բանկային համակարգը ութ անգամ գերազանցում է երկրի տնտեսության ծավալները, և հենց այս հանգամանքով է պայմանավորված նրա «փրկության ծրագրերի» դժվարությունը:

Մինչ այս դոնորների միջազգային եռյակը Կիպրոսի փրկությանն անհրաժեշտ միջոցների ծավալը €17 մլրդ էր գնահատել, որից միայն €10 մլրդ-ը՝ բանկերի վերակապիտալիզացիայի համար: Այս գումարը համարժեք է երկրի ՀՆԱ-ի 100%-ին։ «Սա առանձնահատուկ իրադրություն է, և խոսքը բանկային հատուկ համակարգի մասին է՝ հատուկ ծավալներով և կառուցվածքով, հետևապես նրա փրկության ծրագիրը ևս առանձնահատուկ բնույթ է կրում»,– ասել է Եվրախմբի նախագահ Յերուն Դեյսելբլումը՝ մեկնաբանելով Կիպրոսի իշխանությունների որոշումը:

Բանկերի վերակապիտալիզացիայում ավանդատուների ներգրավումը, չի բացառվում, կդյուրացնի Գերմանիայի, Նիդեռլանդների և եվրոպական այլ երկրների կողմից Կիպրոսին տրամադրվելիք միջոցների հատկացումը։ Ավանդատուների հարկադրման օգտին հանդես էր եկել նաև Արժույթի միջազգային հիմնադրամը:

Բացի այդ՝ Նիկոսիան պարտավորվել է արագացնել պետական ակտիվների սեփականաշնորհման գործընթացը, որը €1,4 մլրդ-ի հավելյալ մուտքեր կապահովի բյուջե՝ ծախսերը կրճատելով ՀՆԱ-ի 4,5%-ի չափով։ Կիպրական բանկերին միջոցներ կտրամադրի նաև ԵԿԲ-ն՝ նպատակ ունենալով մեղմացնել ավանդների արտահոսքի հնարավոր հետևանքները։ Ակնկալվում է, որ նախատեսված միջոցառումների արդյունքում մինչ 2020թ. Կիպրոսի պարտքը կհասնի ՀՆԱ-ի 100%-ին՝ ներկայիս 93%-ի համեմատ: Մինչ 2018թ. Կիպրոսի բանկային սեկտորի ծավալը պետք է կրճատվի մինչև միջին եվրոպական մակարդակի: Կիպրոսին, որին բաժին է ընկնում ԵՄ տնտեսության 0,2%-ը, վարկի տրամադրման գործընթացը պետք է ավարտվի ապրիլին։

Եվրոպական բանկերը չեն խուսափի. Moody’s
Ըստ միջազգային վարկանշային Moody’s գործակալության՝ Կիպրոսին ֆինանսական աջակցություն տրամադրելու ԵՄ-ի որոշումը, որը ենթադրում է նաև ավանդատուների միանվագ հարկում, բացասական հետևանքներ կունենա եվրոպական բանկերի վարկային վարկանիշների վրա։

Գործակալության փորձագետների կարծիքով՝ այս որոշումը խոսում է բանկերին ֆինանսական աջակցության տրամադրման քաղաքականության փոփոխման մասին: «Կիպրոսի բանկային համակարգում ստեղծված իրադրությունը չի կարող էական ազդեցություն ունենալ եվրոպական շուկաների վրա և խորացնել պարտքային ճգնաժամը՝ հաշվի առնելով նրա տնտեսության փոքր ծավալները»,– ասվում է գործակալության տարածած զեկույցում:

Ըստ բրիտանական Barclays Capital-ի գնահատականների՝ կիպրական բանկերում ավանդների 40%-ը (€19 մլրդ) բաժին է ընկնում Ռուսաստանի քաղաքացիներին, որոնց միանվագ հարկումը մինչև €2,5 մլրդ կկազմի։

Ի դեպ, կիպրական իշխանությունները երկրում բանկերի աշխատանքի վերսկսման ժամկետները մարտի 19-ից հետաձգել են մինչև մարտի 20-ը։ Չի բացառվում, որ բանկերը չբացվեն նաև մարտի 20-ին, հաղորդում է ամերիկյան New York Times-ը: Սա պայմանավորված է նրանով, որ երկրի խորհրդարանում չի հաջողվում ապահովել ավանդատուների միանվագ հարկման որոշման հաստատմանն անհրաժեշտ ձայների քանակությունը։ Ավելի վաղ ակնկալվում էր, որ հարկերի դուրսգրումը կկատարվի հենց մարտի 18-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում