Նավթի «խելամիտ» գինը 100 $/բարել-ն է, որի դեպքում գլոբալ տնտեսության աճը չի զսպվի, այսպիսի տեսակետ է հայտնել Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ Նաիմին, հաղորդում է Bloomberg-ը:
«Մոտ ապագայում գները կպահպանվեն ներկայիս մակարդակում, և դրանք չեն ազդի Ասիայի տնտեսական աճի վրա», – նշել է նախարարը:
Սաուդյան Արաբիան հում նավթի խոշորագույն արտահանողն է աշխարհում: Հունվարին թագավորությունն ավելացրել է նավթի արդյունահանման ծավալները: Փետրվարին արդյունահանումը կրկին ավելացել է՝ հասնելով 9,25 մլն բարել/օր-ի:
Նավթի գների ամենից շատ տատանումներն արձանագրվել են վերջին 15 տարում: «Որպես նախարար՝ Ասիայիում առաջին ելույթս եղել է Սինգապուրում, 1996թ.: Այդ ժամանակ նավթի գինը 20 $/բարել էր, և ես լսարանին ասացի, թե դա խելամիտ գին է»,– նշել է նախարարը: Դրանից չորս տարի անց նավթը թանկացավ մինչև 27 $/բարել:
«Հիմա նավթի գինը շուրջ 100 $/բարել է, և թվում է՝ դա է խելամիտ գինը»,– ասել է Նաիմին: Ըստ նրա՝ Սաուդյան Արաբիան ներկայում մտահոգված է ոչ թե նավթի գնի պահպանմամբ, այլ գլոբալ տնտեսական աճի հեռանկարներով: Նախարարը հավաստիացրել է, որ Սաուդյան Արաբիայի՝ նավթի բարձր գների պահպանման փորձերի մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։
Նաիմիի խոսքով՝ թագավորությունը շարունակում է մնալ հում նավթի հուսալի մատակարար։ Երկիրը ապագայում ևս կփորձի պահպանել արտահանման տեմպերը, իսկ էներգակիրների ներքին պահանջարկի աճը կփորձի ապահովել էներգիայի վերականգնվող, ինչպես նաև բնական գազի աղբյուրների հաշվին։
«Նավթի ներքին պահանջարկի ներկայիս աճը ժամանակավոր երևույթ է: Մեր՝ որպես Ասիա և աշխարհի մյուս երկրներ նավթի հուսալի մատակարարի կարգավիճակը կպահպանվի»,– նշել է Նաիմին:
Ըստ նրա՝ 1997-ից ի վեր Ասիա նավթի արտահանումն աճել է 50%-ով։

Civilnet










