«Գազպրոմի» ամերիկյան դեպոզիտար ստացականներն արժեզրկվել են շուրջ 3%-ով, և ընկերության շուկայական կապիտալիզացիան 2009-ից ի վեր առաջին անգամ նվազել է $100 մլրդ-ից, գրում է ռուսական «Վեդոմոստի» պարբերականը։
Մոսկվայի և Լոնդոնի ֆոնդային բորսաներում ընկերության բաժնետոմսերն էժանացել են համապատասխանաբար 1,5%-ով և 2,7%-ով՝ արձանագրելով վերջին չորս տարիների նվազագույն ցուցանիշը: Վերջին մեկ տարում ընկերության շուկայական կապիտալիզացիան նվազել է մեկ երրորդով, և այժմ Ռուսաստանում էլ ընկերություն չկա, որի շուկայական արժեքը գերազանցում է $100 մլրդ-ը։
2008թ. հունիսին, երբ «Գազպրոմի» կապիտալիզացիան $360 մլրդ էր, գազային մոնոպոլիստի ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտարարում էր, թե հաջորդող 7-8 տարիներին այն կդառնա աշխարհի խոշորագույն բաժնետիրական ընկերությունը՝ $1 տրլն շուկայական կապիտալիզացիայով:
Ներկայում Մոսկվայի միջբանկային արժութային բորսայում «Գազպրոմի» բաժնետոմսերի գնանշումները 2,5 անգամ գերազանցում են ակնկալվող շահույթը, ինչը բորսայում ցուցակված ընկերությունների շրջանում վատթարագույն ցուցանիշն է։ Ներդրողներին հիասթափեցրել են նաև «Գազպրոմի» շահաբաժինները: Բացի այդ՝ մեծ է ռիսկը, որ ընկերության պայմանագրերում դեպի նվազում կվերանայվեն գազի մատակարարման գները, ինչը, իր հերթին, կկրճատի եկամուտները։ Այս պայմաններում բաժնետոմսերի հետագա արժեզրկումը անխուսափելի է։
Թերթաքարը մրցակից չէ
«Գազպրոմը» հոռետեսորեն է նայում ԱՄՆ-ում թերթաքարային գազի արդյունահանման հեռանկարին՝ այն համարելով «օճառե պղպջակ», որը պայթելու է մոտ ապագայում։
«ԱՄՆ-ում թերթաքարային գազի արդյունահանումը շահութաբեր չի լինի։ Մինչ այժմ մեզ հայտնի չէ որևէ նախագիծ, երբ թերթաքարային գազի հորատանցքերում արդյունահանումը շահութաբեր եղած լինի: ԱՄՆ-ը մեր մրցակիցը չէ, և ռիսկեր չկան։ Ավելին՝ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ գազի դեֆիցիտ ունեցող երկիր»,– ասել է Միլերը: Նա ԱՄՆ-ում թերթաքարային գազի արդյունահանման ծավալների ավելացումը ոչ թե գազի աճող պահանջարկով է պայմանավորել, այլ ԱՄՆ-ի էներգետիկ անվտանգության ապահովման նկատառումներով։

Civilnet










