Կենտրոնական բանկերը դրամավարկային ընդլայնողական քաղաքականության միջոցով կարող են տնտեսությունը խթանել միլիարդավոր դոլարներով՝ առանց գնաճի տեմպի կտրուկ արագացման ռիսկերի, ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» զեկույցի նախնական տարբերակում, որն ամբողջությամբ կհրապարակվի հաջորդ շաբաթ։
ԱՄՀ փորձագետների կարծիքով՝ վերջին մի քանի տասնամյակում գործազրկության և գնաճի միջև կապը թուլացել է, և գործազրկության մակարդակի կտրուկ նվազումը չի զսպի գների աճը։ «Ինչ վերաբերում է ապագային, ուսումնասիրությունները վկայում են, որ դրամական խթանումները հազիվ թե գնաճային զգալի հետևանքներ ունենան, քանի դեռ գնաճային սպասումները բարձր չեն: Հետևապես՝ այս տեսանկյունից կենտրոնական բանկերի անկախության պահպանումը առանցքային է»,– ասվում է զեկույցում:
Տնտեսության ժամանակավոր խթանումները, ըստ ԱՄՀ փորձագետների, գնաճի վրա միայն ոչ շոշափելի ազդեցություն են ունենում:
Զեկույցի հեղինակները նշում են, որ նման քաղաքականության արդյունքներից թերևս գոհ կլինի միայն Մեծ Բրիտանիայի կառավարությունը, որը Անգլիայի բանկի ապագա նախագահ Մարկ Քարնիից տնտեսության վերականգնմանն ուղղված արմատական միջոցառումներ է ակնկալում:
Անգլիայի բանկն արդեն 375 մլրդ ֆունտ ստեռլինգ է ներարկել տնտեսություն, որը երկրի պատմության ամենախոշոր դրամական խթանումն է: Մեծ Բրիտանիայի ԿԲ ներկայիս նախագահ Մերվին Քինգն առաջարկել է ևս 25 մլրդ ֆունտ ստեռլինգի խթանում, որը կառույցի կողմից մերժվել է։
Civilnet











