Ցուկերբերգը պաշտոնապես հայտարարել է քաղաքական շարժման ստեղծման մասին

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը պաշտոնապես հայտարարել է, որ ինտերնետային տեխնոլոգիաների ոլորտում այլ առաջնորդների հետ համատեղ ստեղծել է քաղաքական շարժում, հաղորդում է Associated Press-ը:
Քաղաքական խումբը ստացել է Fwd.us ("forward us") անունը: Այս մասին Ցուկերբերգը տեղեկացրել է ամերիկյան Washington Post պարբերականին: Շարժումը, մասնավորապես, ֆինանսավորելու է գիտական հետազոտություններ և օրենսդրական բարեփոխումներ է նախաձեռնելու տարբեր ոլորտներում՝ ներգաղթից մինչև կրթություն:
Facebook-ի հիմնադրի խոսքով՝ ԱՄՆ-ին անհրաժեշտ է նոր մոտեցում այս խնդիրների լուծման հարցում, որպեսզի երկիրը ծաղկի տնտեսական առումով և ստեղծի ավելի շատ աշխատատեղեր, նորարարություններ: «Մենք ունենք միգրացիոն տարօրինակ քաղաքականություն, որը չի համապատասխանում այսօրվա աշխարհին»,- ասել է նա՝ նշելով, որ կարևոր է բարձր որակավորում ունեցող երիտասարդ ներգաղթյալների համար հեշտացնել քաղաքացիություն ստանալը:
Ցուկերբերգը կողմ է «ներգաղթային համապարփակ բարեփոխմանը», ինչը «թույլ կտա ներգրավել ամենատաղանդավոր ու աշխատասեր մարդկանց՝ անկախ նրանց ծննդավայրից»: Նա նաև դպրոցներում ավելի բարձր ստանդարտների կոչ է անում:
Քաղաքական շարժմանն աջակցում են ինտերնետային ընկերությունների ղեկավարները, մասնավորապես՝ LinkedIn Corp.-ի հիմնադիր Ռեյդ Հոֆմանը, ինչպես նաև Google Inc.-ի ղեկավար Էրիկ Շմիդտը, Yahoo Inc.-ի գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը և այլք:
Ներգաղթային բարեփոխումը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախընտրական արշավի կարևոր խնդիրներից էր 2012թ. նախագահական ընտրություններում: Բարեփոխման նպատակն է լուծել ԱՄՆ-ում ապրող 11 մլն անօրինական ներգաղթյալների խնդիրը: Օբաման առաջարկում է միջոցառումներ, որոնք նրանց կստիպեն դուրս գալ ստվերից և դառնալ երկրի բարեխիղճ բնակիչներ: Սակայն նախքան քաղաքացիություն ստանալը անօրինական ներգաղթյալները պետք է հաստատեն անգլերենի իմացությունը և վճարեն հարկերն ու տուրքերը: Նախագահի առաջարկած բարեփոխումը նաև նախատեսում է պայքար անձնագրերի ու այցագրերի կեղծման դեմ, հանցագործների արտաքսում և միգրացիոն հարցերում ամերիկյան դատական համակարգի աշխատանքի կատարելագործում:
Civilnet










