Գլխավոր Լրահոս

Թեթչերի դասերը Եվրոպայի համար

Թեթչերի դասերը Եվրոպայի համար

Project Syndicate կայքում Փրինսթոնի համալսարանի միջազգային հարաբերությունների և պատմության պրոֆեսոր Հարոլդ Ջեյմսը հոդված է հրապարակվել Եվրոպայում Բրիտանիայի 1980-ականների վարչապետ Մարգարեթ Թեթչերի ունեցած դերի մասին: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Մարգարեթ Թեթչերը ավելի շատ հարգանք էր վայելում Բրիտանիայից դուրս, քան իր սեփական երկրում: ԱՄՆ-ում, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայում նա ճանաչված է որպես հերոսուհի` հատկապես տնտեսական քաղաքական ազատությունների համար իր մղած պայքարի համար:
Ազատության և դինամիզմի այդ տեսլականը երբեք իրապես այդքան ժողովրդականություն չէր վայելել բրիտանացիների շրջանում կամ հասկացվել նրանց կողմից: Ի վերջո, Թեթչերի ձեռքբերումը խեղաթյուրվեց նաև իր իսկ սխալների պատճառով, երբ նա առնչվում էր կոմունիզմի փլուզման արդյունքում արագ փոփոխվող Եվրոպայի բարդ քաղաքականությանը:

Բրիտանիայում մարդկանց մեծամասնությունը նրան՝ որպես վարչապետի, չէր սիրում` հիմնականում վատ պատճառներով: Իր քաղաքական կարիերայի ընթացքում նա երկու ճակատով է պայքարել` ընդդեմ սոցիալիզմի, սակայն նաև ընդդեմ կառավարող վերնախավի: Երբեմն այս երկու թատերաբեմերը, կարծես, միաձուլվում էին:

Բրիտանական կառավարող վերնախավը խստորեն հետևում էր այն պակտին, որի արմատները գալիս էին Մեծ դեպրեսիայի և Երկրորդ համաշխարհային պատերազմի փորձից: Իր տարօրինակ ծիսակարգերը, հնադարյան հիերարխիան, բարձր տիտղոսները և նուրբ տարբերությունները պահպանելու թույլտվության դիմաց այն համակերպվում էր հարկերի բարձր մակարդակի և ռեսուրսների հսկայական վերաբաշխման հետ: Արդյունքը եղավ լայնատարած անարդյունավետությունը, աշխատանքային ընդվզումների սարսափելի մակարդակը, ցածր արտադրողականությունը և տնտեսական լճացումը:

Թեթչերը ցանկանում էր վերափոխել Բրիտանիան ըստ ամերիկյան կենսակերպի լավագույն ասպեկտների` անհատական նախաձեռնությունների և ձեռնարկատիրության ներուժի նկատմամբ հավատ և կյանքում «ես կարող եմ դա անել» մոտեցում:

Թեթչերի քաղաքական փորձի մեջ պատահականության տարր կար: Նա ընտրվել էր Պահպանողական կուսակցության առաջնորդ, քանի որ ավելի հավանական և ավելի լավ ճանաչված աջ թևին հարող թեկնածուն դուրս էր մնացել պայքարից իր իսկ անխոհեմ և հակասական ելույթի պատճառով:

Նա դաժանորեն օգտվում էր իր կին լինելու հանգամանքից: Որպես ընդդիմության առաջնորդ՝ նա այցելել է ամենահին և ամենապահպանողական քոլեջը Քեմբրիջի համալսարանում, որպեսզի ելույթով դիմի պահպանողականությանը հակված գիտնականների բավական սակավաթիվ փոքրամասնությանը: Փայտե կահավորանքով սենյակը երեկոյան լուսավորված էր միայն  մոմերով` քողարկված կարմրադեղին երանգներով: Նա ելույթը սկսեց ասելով, որ սենյակն ավելի շատ գիշերային ակումբ է հիշեցնում, քան համալսարան, իսկ հետո հանեց բաճկոնը, պտտեց գլխավերևում՝ ասես պատրաստվում էր մերկապար սկսել:

Քաղաքականության մեջ այլ կանանց նկատմամբ նա միանգամայն անհանդուրժող էր և սիրում էր շրջապատված լինել տղամարդկանցով: Քաղաքականության մեջ նրա գործողությունների ստանդարտ ռեժիմի մի մասը կախված էր սեթևեթանքից: Անձնական էմոցիաները նույնպես մասն էին կազմում նրա արտաքին քաղաքականության: Նա շատ լավ հարաբերություններ ուներ Գերմանիայի կանցլեր, սոցիալ-դեմոկրատ Հելմուտ Շմիդտի հետ, սակայն հայտնի էր քրիստոնյա-դեմոկրատ Հելմուտ Քոլի հետ վատ հարաբերություններով: (Անշուշտ, նրա և Շմիդտի միջև անձնական ակնհայտ հարաբերությունների պատճառով էր, որ հաստիքային աշխատողներից մեկն ասել էր, թե եթե Թեթչերը Բրիտանիայի վարչապետը չլիներ, իսկ Շմիդտը չլիներ Գերմանիայի կանցլերը, ապա նրանք իրար ձեռք բռնած կգնային ննջարան): 

Ինչ վերաբերում է Հռենոսի մյուս ափին, ապա այստեղ նա չափազանց շատ հակակրանք ուներ գոռոզ և արիստոկրատ նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենի նկատմամբ և բավական լավ կապեր էր ձևավորել Ֆրանսուա Միտերանի հետ, որն ի սկզբանե շատ արմատական սոցիալիստ էր: Այդ ամենից զատ, Թեթչերը հիանալի հարաբերություններ ուներ նախկին կինոդերասան, հմայիչ և քաղաքավարի Ռոնալդ Ռեյգանի հետ և վատ հարաբերություններ` Ջորջ Բուշ Ավագի հետ:

Թեթչերի անձնական զգացմունքների ուժն ու անթաքույց բնույթը չպետք է առիթ տան ենթադրելու, թե քաղաքականության մեջ նա ամբողջությամբ բնազդով էր առաջնորդվում: Նա հասկանում էր նաև քաղաքական հոգեբանությունն ու քաղաքական փորձը: Բրիտանիան տանելով հարկաբյուջետային քաղաքականության մասին լավ պատկերացումներ ձևավորելու ճանապարհով` նա երբեք թույլ չտվեց, որ զուտ շուկայական գաղափարախոսությունը վնասեր իր շահերին իր կարևոր քաղաքական ընտրատարածքներում:

Այդ ժամանակ  բավական տարածված էր նաև հնացած բարոյականությունը: Երբ Արևմտյան Եվրոպայի քաղաքական գործիչները և Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը մշակողները մտահոգված էին, որ Լեհաստանում «Համերաշխություն» առևտրային միությունը կարող է վտանգել Խորհրդային Միության հետ կայուն կապերը, նա համարձակորեն և ճշգրտորեն գիտակցեց, որ լեհական ընդդիմության հետ հարաբերություններ ստեղծելն այդ երկրում ազատությունը խթանելու լավ հնարավորություն է:

Նրա հարկաբյուջետային և տնտեսական ժառանգության վճռորոշ մասը հիմնվեց սկզբում, երբ նա առաջին անգամ ստանձնեց վարչապետի պաշտոնը: 1980-ականների սկզբին բախվելով համաշխարհային ռեցեսիային՝ նա, այդուհանդերձ, պնդեց, որ բյուջետային ծախսերը պետք է խստորեն կրճատվեն: Համալսարանական տնտեսագետները զայրացած էին, և 364 անվանի մտավորականների կողմից ստորագրված մի նամակ, որում նրանք բողոքում էին Թեթչերի տնտեսական ցիկլային քաղաքականությանն ակնհայտորեն կողմ հիմարության դեմ, տպագրվեց Լոնդոնի  The Times  պարբերականում, իսկ այնուհետև կառավարող վերնախավի գրանցամատյանում: 

Ավելին, նրա կողմից Բրիտանիայի արդյունաբերության հաջող ազատականացումը ոգեշնչման աղբյուր դարձավ Կենտրոնական Եվրոպայի երկրների բնակիչների համար, որոնք 1990-ակաների սկզբին պայքարում էին կոմունիստական կենտրոնական պլանավորման տնտեսական ժառանգության դեմ: Ճգնաժամով ուղեկցված երկամյա փորձարարությունից հետո, Ֆրանսիայում 1983թ. Թեթչերիզմը նաև կարծես քաղաքականության կայունացման վստահություն ներշնչող մոդել լիներ: Այդ ժամանակ Ժակ Դելորի կողմից Ֆրանսիայի ֆինանսների նախարարի պաշտոնի ստանձնումով տեղից շարժվեց Ֆրանսիայի և Գերմանիայի մերձեցման գործընթացը:

Եվրոպական մակարդակում ազատականացման բրիտանական տեսլականը նույնպես վճռորոշ բաղադրիչ դարձավ 1986թ. «Միասնական եվրոպական ակտի» համար, որի վրա որոշիչ ազդեցություն ունեցավ այն, որ Թեթչերը Բրիտանիայի եվրոպական հանձնակատար նշանակեց Լորդ Քոքֆիլդին: Դելորի Եվրոպական հանձնաժողովը մրցակցությունը շատ լուրջ ընդունեց` որպես տնտեսական աճի և բարգավաճմանը խթանելու միջոց:

Այնուամենայնիվ, տրամաբանորեն, «Միասնական եվրոպական ակտը» նաև պահանջում էր, որպեսզի եվրոպական մակարդակում նոր մոտեցում ցուցաբերվի դրամավարկային քաղաքականությանը: Այդպիսով՝ շուկայի և մրցակցության հզորության նկատմամբ հավատը հիմք էր ստեղծում նոր և հզոր ջանքերի համար դեպի եվրոպական ինտեգրացիա, մի բան, որին Թեթչերը խորապես և բնազդաբար չէր վստահում:

Երբ 1990թ. Թեթչերը կորցրեց իշխանությունը, դա տեղի ունեցավ իր իսկ կուսակցության անհնազանդության հետևանքով, որի պատճառը եվրոպական ինտեգրացիայի հարուցած քաղաքական խոր տարաձայնություններն էին: Ինչ-որ տեղ նա զոհն էր իր սեփական քաղաքականության հաջողության` որպես այլ երկրների համար մոդել և որպես եվրոպական կարգուկանոնին նետված մարտահրավեր:

Այսօր գայթակղիչ է զուգահեռներ տեսնել Բրիտանիայի առաջին կին վարչապետի և Անգելա Մերկելի միջև` Գերմանիայի առաջին կին կանցլերի: Երկուսին էլ մեծապես ծաղրել են, հատկապես տնտեսագետները` անբարենպաստ պայմաններում հարկաբյուջետային ճիշտ և ազնիվ քաղաքականության վերաբերյալ իրենց պարզունակ գաղափարներին կառչելու համար, ինչպես իրենք` տնտեսագետներն էին պնդում:

Հարկաբյուջետային կարգապահությանը և շուկայական տնտեսությանը կողմ փաստարկներ բերելը քաղաքական հաջողության երաշխիք չէ: Եվրոպական համատեքստում այն ոչ միայն դժվար է տեղական մակարդակում, այլև անխուսափելիորեն հանգեցնում է ինտեգրման գործընթացի ապագայի վերաբերյալ դժվար որոշումների:       

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում