Բրիտանական ընկերությունները աջակցում են կառավարության՝ Եվրամիությանն անդամակցության պայմանների վերանայման փորձերին: Մյուս կողմից՝ նրանք համարում են, որ ԵՄ կազմից դուրս գալը Լոնդոնի համար զգալի բացասական հետևանքներ կունենա, ասվում է Մեծ Բրիտանիայի առևտրի պալատի ուսումնասիրությունում:
Այսպես՝ ուսումնասիրությանը մասնակցած շուրջ 4,4 հազ. ընկերությունները ամենից շատ աջակցել են առաջարկված 5 սցենարներից մեկին, ըստ որի՝ Մեծ Բրիտանիան կմնա ԵՄ կազմում, սակայն մի շարք լիազորություններ պետք է կրկին հանձնվեն Վեստմինստերին: Այս սցենարի օգտին կողմ է արտահայտվել ընկերությունների 64%-ը:
ԵՄ կազմից դուրս գալու սցենարը ամենաբացասականն է համարվել:
Պալատի ղեկավար Ջոն Լոնգվորտի խոսքով՝ այս արդյունքները Մեծ Բրիտանիայի հասարակության՝ Լոնդոնի և Բրյուսելի բիզնեսի կապերի նկատմամբ վերաբերմունքի ցուցիչն են: «Ընկերությունները համարում են, որ Մեծ Բրիտանիայի համար առավել շահավետը անդամակցության վերանայումը կլինի,այլ ոչ հետագա ինտեգրումը կամ ԵՄ կազմից դուրս գալը», -ասել է Լոնգվորտը:
Փորձագետների կարծիքով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը բավական բարդ իրադրությունում է, քանի որ նրան չի հաջողվի ԵՄ իշխանություններին համոզել փոխել «խաղի կանոնները», և այդ դեպքում Լոնդոնը կարող է հայտնվել մեկուսացման մեջ:
Ըստ Լոնգվորտի՝ բիզնեսի հարցում ԵՄ-Մեծ Բրիտանիա բոլոր բանակցությունները պետք է կենտրոնանան ոլորտներում, որոնք ապրանքների և ծառայությունների միասնական շուկայի անքակտելի մասն են:
Civilnet











