Ապրիլի 15-ին բորսայական առևտրաշրջաններում ոսկու գները նվազել են միանգամից 9%-ով՝ կազմելով $1355/տրոյ. ունցիա և հատելով հոգեբանական $1400/տրոյ. ունցիա սահմանագիծը:
Ըստ USA Today-ի՝ սա ոսկու գների ամենամեծ անկումն է 1983թ. ի վեր: Ներկայում ոսկին $527-ով էժան է 2011թ. օգոստոսին համեմատ, երբ արձանգրվել էր առավելագույն գին: Ընդ որում՝ թանկարժեք մետաղը հիմնականում վերջին շաբաթներին է էժանացել: Այս տարվա սկզբին ոսկու գինը $1700/տրոյ.ունցիա է:
Ոսկին շատ ներդրողների համար «խաղաղ հանգրվան» է արժութային և բորսայական շուկաներում անկայունության ժամանակ: 2000-ականներին ոսկին ներդրողների շրջանում մեծ պահանջարկ է ունեցել է, որի արդյունքում այն պարբերաբար թանկացել է: Դեռ 2000թ. ոսկու գինը $250/տրոյ. ունցիա էր:
Ոսկու զանգվածային վաճառքը կարող էր լինել այն բանի վկայությւոնը, որ ներդրողները դադարել են թանկարժեք մետաղը որպես պահուստային ակտիվ օգտագործելուց, և սկսել են ներդրումներ անել առավել ռիսկային ակտիվներում: Սակայն, ըստ պարբերականի, զանգվածային վաճառքը պայմանավորված է Չինաստանի տնտեսական աճի տեմպերի դանդաղմամբ: Սա, իր հերթին, գլոբալ տնտեսությունում ոսկու պահանջարկի նվազման պատճառ է դարձել:
Բացի այդ՝ ոսկին օգտագործվում է որպես խնայողությունները գնաճից պաշտպանելու միջոց, և գլոբալ տնտեսական աճի տեմպերի անկման պայմաններոււմ ներդրողների մեծ մասը դեֆլացիայի մտավախություններ ունեն, հետևապես՝ ներդրումները ոսկու մեջ ոչ շահավետ են դառնում:
Ոսկու գների անկման ֆոնին զգալիորեն էժանացել են ոսկի արդյունահանող ընկերությունների բաժնետոմսերը : Այսպես՝ կանադական New Gold ընկերության բաժնետոմսերն էժանացել են 15,1%-ով և Kinross Gold Corporation-ինը՝ 13,92%-ով:
Civilnet











