Ռուսական CEO ամսագրի՝ Ռուսաստանի 2012թ. ամենախոշոր ընտանեկան բիզնեսների թոփ 50-ում ընդգրկվել է ծագումով հայ երեք ընտանիք՝ Խաչատուրովների, Կարապետյանների և Սարկիսովների։
Վարկանիշը գլխավորել է Գուցերիևների ընտանիքը՝ $6,22 մլրդ ընտանեկան կապիտալով: Երկրորդ հորիզոնականում Ռոտենբերգների ընտանիքն է, որի ընտանեկան կապիտալը հանդեսը գնահատել է $5,81 մլրդ։
Դանիլ և Սերգեյ Խաչատուրով եղբայրները 3-րդ հորիզոնականում են՝ 5,74 մլրդ կապիտալով։ Ընդ որում՝ նախորդ վարկանիշի համեմատ նրանք դիրքերը բարելավել են երկու հորիզոնականով։
Կարապետյանների ընտանիքը (Սամվել և Էթերի Կարապետյաններ, Վասպուրակ և Վահրամ Պողոսյաններ) վարկանիշի 6-րդ հորիզոնականում են՝ $2,94 մլրդ կապիտալով: Նրանք ևս նախորդ վարկանիշի համեմատ դիրքերը բարելավել են երկու հորիզոնականով։
Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները՝ $2,66 մլրդ-ով, նախորդ վարկանիշի համեմատ վեց հորիզոնական նահանջ են արձանագրել՝ հանգրվանելով 8-րդ հորիզոնականում։
Ռուսաստանի ամենահարուստ 50 ընտանիքների կապիտալը 2010-ից ի վեր աճել է 66%-ով՝ կազմելով $70,58 մլրդ: Ընտանեկան հարստությունների աճի դինամիկան 2011-ի համեմատ կազմել է 15%: Ըստ վարկանիշի հեղինակների՝ ռուսական «միջին բիզնես կլանը» ավելի արդյունավետ է տնօրինում կապիտալը՝ ռուս անհատ միջին միլիարդատիրոջ համեմատ։
Վարկանիշի առաջին տասնյակում ընդգրկվածների ընդհանուր կապիտալը $38,65 մլրդ է: Ընդ որում՝ գերակշռում են դեվելոփերային, բազմապրոֆիլ հոլդինգային և առևտրային ակտիվները։
2011-ի վարկանիշի առաջատար Անանևները այս տարի չեն ընդգրկվել լավագույն եռյակում՝ հանգրվանելով 4-րդ հորիզոնականում: Վերջիններս հիմնական ակտիվը՝ «Պրոմսվյազբանկը», թեև հավակնում է Ռուսաստանի երրորդ ամենախոշոր մասնավոր բանկի տիտղոսին (ըստ ակտիվների ծավալի), սակայն հանդեսը ոչ հանրային ընկերությունների գնահատման հարցում կողմնորոշիչ է ընդունել առաջին հերթին բորսայական գնահատականները։ Վարկանիշի հեղինակների կարծիքով՝ ռուսական մասնավոր բանկերն այժմ մեծ պահանջարկ չունեն, ներդրողները նախընտրում են հիմնականում «Սբերբանկը»։
Վարկանիշում, ընդհանուր առմամբ, ընդգրկված է 134 սեփականատեր, որոնց միջին տարիքը 49 է։
Ռուսաստանի խոշորագույն ընտանեկան բիզնեսների թոփ-10-ը՝ ըստ CEO-ի
Տեղը 2012թ. | Տեղը 2011թ. | Ընտանիքը | Ընդհանուր կապիտալը ($, մլրդ) | Կապիտալի փոփոխությունը ($, մլրդ) | Հիմնական ակտիվը |
1 | 1 | Գուցերիևներ | 6,22 | 0,42 | «Ռուսնեֆտ»,«Բինբանկ» |
2 | 1 | Ռոտենբերգներ | 5,81 | 2,31 | «Ստրոյգազմոնտաժ», «ՍՄՊ բանկ», «Մոստոտրեստ» |
3 | 5 | Խաչատուրովներ | 5,74 | 3,54 | «Ռոսգոսստրախ», «ՌԳՍ բանկ» |
4 | -3 | Անանևներ | 4,86 | -1,64 | «Պրոմսվյազբանկ» |
5 | 4 | Զուբիցկիներ | 2,97 | 0,79 | «Կոկս» արդյունաբերական-մետաղագործական հոլդինգ |
6 | 8 | Կարապետյաններ | 2,94 | 1,66 | «Տաշիր» խումբ |
7 | -1 | Մուցոևներ | 2,75 | 0,05 | «Ռեգիոններ» խումբ |
8 | 2 | Սարկիսովներ | 2,66 | 0,66 | «Ռեսո գարանտիա» |
9 | -4 | Մագոմեդովներ | 2,59 | -0,41 | «Սումմա կապիտալ», «Նացբիզնեսբանկ» |
10 | 3 | Գրիդիններ | 2,11 | 0,73 | «Սիբիրսկիյ դելովոյ սոյուզ» |
Civilnet











