2013թ. ապրիլին Գերմանիայում տնտեսական ակտիվությունը կտրուկ նվազել է՝ այդպիսով վերացնելով հույսը, որ եվրոպական տնտեսության «շարժիչը» կարող է եվրոգոտին դուրս բերել ճգնաժամից: Ներկայում ներդրողները մեծ հույսեր են կապում Եվրոպական կենտրոնական բանկի հետ, որը հնարավոր է՝ հաջորդ շաբաթ 2012-ի հուլիսից հետո առաջին անգամ իջեցնի բազային տոկոսադրույքը, հաղորդում է Reuters-ը: Ներկայում այն 0,75% է:
Ապրիլին Գերմանիայում գործարար ակտիվության PMI ինդեքսը նվազել է մինչև 48,8 կետ, որը վերջին կես տարում արձանագրված նվազագույն ցուցանիշն է: Եթե ինդեքսը 50 կետից բարձր մակարդակում է, գործարար ակտիվությունն աճում է, ավելի ցածր ցուցանիշի դեպքում՝ նվազում է: Մարտին Գերմանիայում PMI ինդեքսը կազմել է 50,6 կետ: Բունդենսբանկը ակտիվության նվազումը պայմանավորել է արդյունաբերական արտադրանքի դանդաղմամբ:
Ըստ փորձագետների՝ Գերմանիայի ցածր ցուցանիշը բացասաբար է ազդում եվրոյի վրա և մեծացնում է ԵԿԲ –ից սպասումները՝ կապված բազային տոկսոսադրույքի հետ:
Բացի այդ՝ գործարար ակտիվության նվազումը գործնականում ի չիք է դարձնում եվրոգոտում ընդհանուր իրադրության բարելավմանն ուղղված հույսերը: Ապրիլին եվրոգոտու գորածարար ակտիվությունը մարտի համեմատ մնացել է անփոփոխ՝ 46,5 կետ: Ավելին՝ վերջին 20 ամսում արժութային միության PMI ինդեքսը չի հատել 50 կետի սահմանը:
Փորձագետները նշում են, արտահանման պատվերների ինդեքսը արդեն երկրորդ ամիսն անընդմեջ նվազում է՝ եվրոյի արժևորման ֆոնին, որը սկսվել է 2012-ի երկրորդ կեսից: Հետևապես արտաքին սեկտորը տնտեսական վերականգնման հարցում էական դրակատարում չի ունենում:
Ներդրողները և փորձագետները մեծ սպասելիքներ ունեն, որ վիճակագրական վերջին տվյալները ԵԿԲ-ին կհարկադրեն իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ եվրոգոտու տնտեսությանն աջակցելու համար:
Ապրիլի սկզբին ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին հայտարարել է, որ կառույցի ներսում տոկոսադրույքի շուրջ թեժ քննարկումներ են ընթանում: Չնայած եվրոգոու բազային տոկոսադրույքը ռեկորդային ցածր մակարդակում է, այն գերազանցում է Ճապոնիայի (0%) ԱՄՆ-ի (0,25%) և Մեծ Բրիտանիայի (0,5%) տոկոսադրույքները: Դրագիի խոսքով՝ ԵԿԲ-ում եկել են եզրակացության, որ ներկայում տոկոսադրույքին հետևելու ժամանակը չէ:
Փորձագետների կարծիքով՝ ԵԿԲ-ն ներկայում բավական հեշտորեն կընդունի տոկոսադրույքի իջեցման մասին որոշում, քանի որ եվրոգոտում գնաճը նվազում է: Եվրամիության վիճակագրական ծառայությունը՝ Eurostat-ի տվյալների համաձայն՝ մարտին գնաճը տարեկան կտրվածքով նվազել է մինչև 1,7%-ով՝ 2012-ի նույն ժամանակահատվածի 2,7%-ի համեմատ: ԵԿԲ կանախատեսումների համաձայն՝ 2014թ. գնաճը կդանդաղի մինչև 1,3%, ընդ որում ՝ թիրախային ցուցանիշ է սահմանվել 2%-ը:
Տոկոսադրույքի իջեցման ընդդիմադիրների կարծիքով՝ այդ քայլը տարածաշրջանում տնտեսական աշխուժացում չի ապահովի, քանի որ փոխառնվող միջոցների իրական արժեքը զգալի տարբեր կլինի առանցքային և արվարձանային երկրների համար: Այսպես՝ փոքր և միջին բիզնեսի համար վարկերի տոկոսադրույքի տարբերությունը համեմատաբար «բարեկեցիկ» Ֆրանսիայի և Իսպանիայի ու Իտալիայի միջև կկազմի 4 տոկոսային կետ: Դրագին ավելի վաղ հայտարարել էր «արտասովոր քայլերի» միջոցով տարբերությոնը մեղմելու մտադրության մասին՝ չհստակեցնելով՝ կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը:
Civilnet











