Գլխավոր Լրահոս

Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություններ Ֆրանսիայում և Եգիպտոսում

Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություններ Ֆրանսիայում և Եգիպտոսում
Երեկ երեկոյան Փարիզի Հաղթանակի կամարի տակ տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հանդիսավոր արարողություն. հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի գլխավորությամբ, ինչպես նաև Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության անդամների, Ֆրանսիացի քաղաքապետերի և պետական պաշտոնյաների ուղեկցությամբ հազարավոր ֆրանսիացիների և ֆրանսահայերի՝ դեպի Հաղթանակի կամար կատարած հանդիսավոր քայլերթին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը: Մի քանի տասնյակ ծաղկեպսակներ են զետեղվել Ֆրանսիայի, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Հայ առաքելական եկեղեցու, Ֆրանսիայի քաղաքների, Ֆրանսիայի հայկական, ասորական, կիպրական, քրդական, հունական, ինչպես նաև առաջադեմ թուրքական հասարակական կազմակերպությունների անունից: Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի է ունեցել Հայաստանի դեսպանի կողմից Անհայտ զինվորի շիրիմի հավերժական կրակի բորբոքման արարողությունը` ի նշան Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերին: Նույն օրը 24-ին Փարիզի հայ առաքելական Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ: Հոգևոր արարողությանը ներկա են  եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, ֆրանսիայի հայկական կառույցների և հոգևորականության ներկայացուցիչներ: Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագներ են մատուցվել նաև Մարսելում, Լիոնում, Նիսում, Վալանսում, Սենտ-Էթիենում, Գրենոբլում, Դեսինում, Ալֆորվիլում և Ֆրանսիայի մի քանի տասնյակ այլ բնակավայրերում գտնվող հայկական եկեղեցիներում: Իսկ Եգիպտոսում` Կահիրեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ալեքսանդրիայի Սբ. Պողոս Պետրոս և Հելիոպոլսի  հայ կաթողիկե Սբ. Թերեզ եկեղեցիներում մատուցվել է սուրբ պատարագ և կատարվել են հոգեհանգստյան արարողություններ: Եգիպտահայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը համայնքային կազմակերպությունների ղեկավարների, եգիպտահայ համայնքի բազմաթիվ անդամների և դեսպանության աշխատակազմի ընկերակցությամբ ծաղկեպսակներ են զետեղել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում գտնվող խաչքարին: Ներկաներն ունկնդրել են նաև Կահիրեի Ազգային Առաջորդարանի «Արաքս» երգչախմբի համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Սբ. Թերեզ եկեղեցու սրահում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստա-վավերագրական ֆիլմ:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում