Գլխավոր Լրահոս

Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումները Իտալիայում

Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումները Իտալիայում
Իտալական մի շարք քաղաքներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված միջոցառումներ. տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ապրիլի 24-ին Նեապոլի Սբ. Կատերինա Գիայա եկեղեցում «Թագուհի Ելենա» միջազգային ասոցիացիայի և Նեապոլի հայ համայնքի կողմից կազմակերպվել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն և մատուցվել սուրբ պատարագ: Միջոցառումն անցկացվել է Իտալիայում ՀՀ դեսպանության, Նեապոլի քաղաքապետարանի և Կամպանիա նահանգի խորհրդի հովանու ներքո: Պատարագի ավարտին ընթերցվել է Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի ուղերձը, կազմակերպվել երթ դեպի Նեապոլի Նահատակների հրապարակ, որտեղ, ի հիշատակ Եղեռնի անմեղ զոհերի, ծաղկեպսակ դրվել: Ապրիլի 24-ին Միլանի Սբ. Ամբրոջիո եկեղեցում Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Հայ Առաքելական եկեղեցու Իտալիայի Հայոց հովվության հոգևոր հովիվ հայր Թովմա Խաչատրյանի կողմից մատուցվել է սուրբ պատարագ, որի ավարտին ելույթ է ունեցել Միլանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պյետրո Քուչուկյանը: Այնուհետև պատարագին մասնակցող իտալական հասարակության և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներն քայլել են եկեղեցու բակում տեղեդրված խաչքարի մոտ, ուր տեղի է ունեցել մոմավառության արարողություն և ծաղկեպսակ է դրվել: Ավելի ուշ արարողության մասնակիցները հյուրընկալվել են Միլանի քաղաքապետարանի դահլիճում, ուր տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին նվիրված միջոցառում: Միջոցառմանը մասնակցել են նաև Միլանի քաղաքապետ Ջուլիանո Պիզապիան և քաղաքային խորհրդի անդամները: Ելույթ է ունեցել քաղաքային խորհրդի նախագահ Բազիլիո Ռիցցոն: Նույն օրը Միլանի «Հայ Տանը» անցկացվել է հիշատակի երեկո, որի ընթացքում ելույթ է ունեցել Միլանում ՀՀ պատվավոր հյուպատոսը և Միլանի նահանգային խորհրդի նախագահ Բրունո Դապեին: Ապրիլի 24-ին Հռոմի հրեական համայնքը Հռոմի հրեական թաղամասում կազմակերպել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Միջոցառման մասնակիցների շարքում էին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը և Հռոմի հրեական համայնքի նախագահ Ռիկարդո Պաչիֆիչին: Ներկաների առջև ելույթ է ունեցել դեսպան Ղազարյանը. «Հայոց ցեղասպանությունը ժամանակին դատապարտելու և ոճրագործության կազմակերպիչներին արժանի պատժի արժանացնելու պարագայում աշխարհը ականատես չէր լինի այլ ցեղասպանությունների: Ուստի, միջազգային հանրությունը պետք է անդադար պայքար մղի ցեղասպանության բոլոր դրսևորումների, ինչպես նաև ցեղասպանության ժխտողականության դեմ, որպեսզի այս սոսկալի երևույթը այլևս չսպառնի մարդկությանը: Եվ այդ պայքարի առաջին շարքերում պետք է լինեն հենց ցեղասպանություն վերապրած ժողովուրդները»: Այնուհետև, Սիենայի համալսարանի պատմության պրոֆեսոր, հայտնի ցեղասպանագետ Մարչելլո Ֆլորեսը հանդես է եկել դասախոսությամբ: Նա դասախոսությամբ հանդես է եկել նաև նույն օրը Հռոմի պատմական և ամենահեղինակավոր բարձրագույն դպրոցում` Liceo Visconti-ում, տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված դասախոսությանը, որը կազմակերպվել էր Հռոմի և Լացիոյի հայ համայնքի կողմից՝ Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո: Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Իտալիայում ՀՀ դեսպանը: Միջոցառմանը շուրջ 300 ուսանողներից բացի ներկա են եղել Իտալիայի կրթության նախարարության, ինչպես նաև Հռոմի մշակութային շրջանակների ներկայացուցիչներ: Ապրիլի 24-ին Բարի քաղաքի հայ համայնքի և «Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոնի կողմից Բարիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կազմակերպվել է «Հայեր. մի ժողովրդի մոռացված ցեղասպանություն» խորագրով համաժողով: Միջոցառումն անցկացվել է Իտալիայում ՀՀ դեսպանության և Բարիի քաղաքապետարանի հովանու ներքո: Համաժողովի ընթացքում ներկայացվել է Լեչեի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Կ.Բոլոյանի կողմից մշակված ձեռնարկ` ցեղասպանությունը վերապրած հայ կնոջ` Աղավնի Պողոսյանի, հուշերի մասին: Համաժողովի բացմանը ընթերցվել է Իտալիայում դեսպան Ղազարյանի ուղերձը: Միջոցառմանը ներկա են եղել քաղաքային իշխանությունների, իտալական հասարակության և հայ համայնքի ներկայացուցիչներ: Համաժողովի ավարտին կազմակերպվել է երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում