Եվրոպական կենտրոնական բանկը վերջին տասը ամսում առաջին անգամ իջեցրել է բազային տոկոսադրույքը՝ 0,25-տոկոսային կետով: Մայիսի 8-ից այն կլինի 0,5-տոկոսային կետ տարեկան՝ նախկին 0,75-ի դիմաց, ասվում է բանկի տարածած հաղորդագրության մեջ։
Փորձագետների համար ԵԿԲ որոշումն անակնկալ չի եղել: Այսպես՝ Bloomberg-ի հարցմանը մասնակցած 70 փորձագետներից 45-ը կանխատեսել է, որ բազային տոկոսադրույքը կիջեցվի 0,25-տոկոսային կետով։
Տոկոսադրույքի իջեցումը եվրոգոտու դրամավարկային իշխանությունների հերթական քայլն է՝ ռեցեսիայի դեմ պայքարում։ ԵԿԲ-ում հույս ունեն, որ էժան փողերը կխթանեն տարածաշրջանի գործարար ակտիվությունը, ինչը կհանգեցնի ՀՆԱ-ի աճին և գործազրկության մակարդակի նվազմանը։
Զարգացած մի շարք երկրներ նույնպես բազային ցածր տոկոսադրույքի քաղաքականություն են վարում, այդ թվում՝ ԱՄՆ-ը, որտեղ այն մի քանի տարի է 0-ին մոտ մակարդակում է։
Նախքան ճգնաժամը Եվրոպայում տոկոսադրույքը 3-4%-ի մակարդակում է եղել. նվազեցումը սկսվել է 2008-ից։ Մինչև 1%-ի մակարդակ այն հասել է արդեն 2009թ.։ 2012թ. հուլիսից տոկոսադրույքը չի գերազանցել 1%-ի մակարդակը։
Փորձագետների կարծիքով՝ ԵԿԲ-ի կողմից բազային տոկոսադրույքի իջեցումը իսկական փորձություն կարող է դառնալ Դանիայի դրամավարկային գործիքակազմի համար։ Երկրում նույնպես ստիպված կլինեն իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Դանիայի իշխանությունները դրամավարկային աննախադեպ ընդլայնողական քաղաքականություն են վարում՝ եվրոյի նկատմամբ ազգային արժույթի՝ կրոնի գերարժևորումը կանխելու համար։

Civilnet










