Տնտեսական քաղաքականությունը այգեգործության նման է. բույսերը վեր քաշելով՝ դրանք արագ չեն աճի, սակայն հաջողակ այգեգործը կարող է բույսերի համար ստեղծել ճիշտ միջավայր, որում դրանք կարող են փթթել. Project Syndicate կայքում հրապարակած հոդվածում նման տեսակետ է հայտնում Մեքսիկայի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Էդուարդո Պերես Մոտան: Մրցակցության խնդիրներին նվիրված նրա հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:
Այն պահից ի վեր, երբ 2008թ. սկսվեց համաշխարհային տնտեսական անկումը, այդ թեմայով բանավեճը կենտրոնացել է մակրոտնտեսական ռազմավարության և գործիքների վրա, որոնք կիրառվել են ճգնաժամը հաղթահարելու և տնտեսական վերականգնումը խթանելու համար: Թեև դիսբալանսի կարգավորումը և տնտեսական զարգացման տեմպի կարճաժամկետ դանդաղումը և անկումները վերացնելը կարևոր են, սակայն չի կարելի թույլ տալ, որ դրանք ստվերեն ուժեղ և կայուն տնտեսական աճի համար երկարաժամկետ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը:
Առայժմ մակրոտնտեսական քաղաքականությունը և՛ մեղավոր է տնտեսության հիվանդ վիճակի համար, և՛ հույս է տալիս, որ այն հնարավոր է վերականգնել: Սակայն նույնքան ուշադրություն պետք է հատկացնենք միկրոտնտեսական խնդիրներին, ինչպիսիք են անարդյունավետ խթանումը, շուկայի ձախողումներն ու կարգավորիչ գործողությունների թերությունները, որոնք էլ, առաջին հերթին, հանգեցրել են ճգնաժամին:
Անշուշտ, ֆինանսական սեկտորում միկրոտնտեսական խնդիրները, ինչպես որ հարուցել են վարկային ճգնաժամը և նպաստել համաշխարհային տնտեսական անկմանը, այնպես էլ տնտեսական վերականգնման բանալին են: Շատ երկրների տնտեսությունների հարկավոր է կարգի բերել ֆինանսական սեկտորը և վերականգնել վարկավորումը, սակայն թվով ավելի շատ երկրների տնտեսությունների է հարկավոր բարձրացնել իրենց արտադրողականությունը, որպեսզի կարողանան խթանել տնտեսական աճը և աշխատատեղեր ստեղծել:
Արդյունաբերության որոշ ոլորտներ տուժում են անարդյունավետ և վատ մտածված կարգավորումների պատճառով, մյուս ոլորտները խնդիրներ են ունենում և թուլանում գերիշխող որոշ ընկերությունների մենաշնորհային վարքագծի հետևանքով կամ այն պատճառով, որ բախվում են արդյունավետ մրցակցության և թափանցիկության բացակայության խնդրին կոմունալ և ֆինանսական ծառայությունների ոլորտում: Այս խնդիրների լուծումը կօգներ վերադառնալ ճանապարհին, որը տանում է բոլորիս համար տնտեսական աճի և բարգավաճման ուղիով:
Սրան հասնելու համար հարկավոր է հետևել Հիպոկրատի երդմանը՝ մի՛ վնասիր: Ողջ աշխարհում երկրների կառավարությունները պետք է չտրվեն մրցակցությունը թուլացնելու գայթակղությանը, որի նպատակն է հեշտացնել արդյունաբերության կոնկրետ ոլորտների կամ տնտեսական խմբերի կյանքը:
Ամերիկացի հայտնի տնտեսագետ Մանսուր Օլսոնը համարում էր, որ զարգացած երկրներում տնտեսական լճացումը հետևանքն է այն բանի, որ կարտելները և լոբբինգով զբաղվող խմբերը ժամանակի ընթացքում այնքան բազմաթիվ և ազդեցիկ են դառնում, որ ի վերջո, թուլացնում են երկրի տնտեսական դինամիկան: Լավագույն կազդուրիչ միջոցը մրցակցային միջավայրի պահպանումն է, որում շուկաները մնում են բաց և մրցակցային, քանի որ այսպիսի պայմաններում ընկերություններն ստիպիված են լինում մշտապես նորարարություններ անել և բարձրացնել արտադրողականությունը: Սա, իր հերթին, մեր հասարակություններին դարձնում է ավելի ստեղծագործ և, ի վերջո, ավելի ունևոր:
Մրցակցությունը թուլացնելու տարատեսակ միջոցներ կան: Սակայն դրանք բոլորն էլ տնտեսությունը դարձնում են պակաս արդյունավետ և հարստությունը բաշխում են փոքր, համակարգված խմբերի միջև, որոնք արտոնյալ իրավունքներ և կառավարության լոբբինգով զբաղվելու մեծ հակում ունեն:
Ամենատարածված մոտեցումը պրոտեկցիոնիզմն է, որը վերջին տարիներին շատ երկրներում քաղաքական գործընթացների մասն է կազմել: Սակայն տեղական պատվիրատու ընկերությունների և սպառողների հաշվին հայրենական արտադրողներին օգնելու պաշտոնական միջոցները միշտ անհեռատես են լինում, քանի որ դրանք արտադրողներին չեն օգնում դիմակայել այն մարտահրավերներին, որոնց նրանք ուշ, թե շուտ ստիպված են լինելու բախվել:
Նույն կերպ, հնաոճ դիրիժիզմը [տնտեսության կառավարման գործում պետական ակտիվ միջամտությունը], օրինակ՝ «հաղթողներ ընտրելու», ազգային «չեմպիոններ» աճեցնելու կամ պետական սուբսիդիաների հաշվին ձախողված բիզնես մոդելները կենդանի պահելու փորձերը միաժամանակ և՛ վնասակար են, և՛ մատնված են ձախողման: Իսկ պետության կողմից անտեղի ցանկացած կարգավորում, օրինակ՝ ծառայությունների ոլորտում, շատ երկրներում շարունակում է խոչընդոտ լինել առողջ մրցակցությանը:
Երբ մենք դադարում ենք վնաս տալ տնտեսությանը, հենց այդ ժամանակ պետք է սկսենք ճիշտ քայլեր ձեռնարկել: Տնտեսական քաղաքականությունը այգեգործության նման է. բույսերը վեր քաշելով՝ դրանք արագ չեն աճի, սակայն հաջողակ այգեգործը կարող է բույսերի համար ստեղծել ճիշտ միջավայր, որում դրանք կարող են փթթել:
Մրցակցության վրա հիմնվելը երկրներին կարող է օգնել իրացնելու ապրանքներ և ծառայություններ մատուցելու՝ լավ գործող շուկաների հզորությունը: Սրան հասնելու համար քաղաքական այրերը իրենց տրամադրության տակ պետք է ունենան օրենքների կիրառման պիտանի համակարգ, որդեգրեն ողջ տնտեսության մասշտաբով գործող մոտեցում և ներգրավեն բոլոր շահագրգիռ կողմերին:
Օրենքների կիրառման հուսալի համակարգը ենթադրում է իրավական գործիքների և ռեսուրսների առկայություն՝ տնտեսական քաղաքականություն վարելու և իրականացնելու համար, ինչպես նաև ինստիտուցիոնալ համակարգ, որը նվազեցնում է արտոնյալ շահեր ունեցողների միջամտությունը: Օրինակ՝ անկողմնակալ և արդյունավետ հակամենաշնորհային իշխանություններ կամ սուբսիդավորման սխեմաներ ունենալու կարևորությունը, որոնք բավականաչափ լավ են մշակված, որպեսզի իրապես ծառայեն հանրային շահին:
Ողջ տնտեսության մասշտաբով գործող մոտեցումն անհրաժեշտ է, քանի որ շուկաները փոխկապակցված են: Պետության կողմից սխալ կարգավորումը կամ շուկայական ձախողումները, որոնք որևէ տեղ վնասում են մրցակցությանը, կարող են բեռ դառնալ ողջ տնտեսության համար: Համաշխարհային ճգնաժամը բռնկվեց, քանի որ բանկային սեկտորի գործունեության կարևորագույն խնդիրներն անուշադրության էին մատնվել: Արտադրության միջոցների շուկաների (ինչպիսիք են էներգակիրների կամ միջանկյալ ապրանքների/անավարտ ապրանքների շուկան) վատ գործունեությունը նույնպես կարող է տնտեսական մեծ վնաս հասցնել և, ինչը ոչ պակաս կարևոր է, ոչ թե նրա համար, որ խոչընդոտում է արտաքին շուկաներում տվյալ տնտեսության մրցունակությունը:
Վերջապես, ողջ տնտեսության շրջանակներում մրցակցությունն ամրապնդելու համար հարկավոր է տնտեսական լայնամասշտաբ աջակցություն: Առանց գաղափարական տարաձայնությունները հարթելու և տնտեսական մասնավոր խմբերի կողմից գործադրվող քաղաքական ճնշումը հաղթահարելու սրան անհնար կլինի հասնել: Կարևոր դեր կարող է խաղալ քարոզչությունը, որի միջոցով մրցակցության առավելությունները կարելի է սովորեցնել ոչ միայն քաղաքական այրերին, այլև շարքային քաղաքացիներին և գործարարներին: Պետք է լինի համընդհանուր հանրային համաձայնություն առ այն, որ մրցակցությանը նպաստող միջավայրը տնտեսական բարգավաճման հասնելու բանալիներից մեկն է:
Ավստրալիան լավ օրինակ է, թե մրցակցությանը նպաստող քաղաքականությունն ինչպես է լավ արդյունքներ տալիս: Արտադրողականության աճի ցուցանիշով 1980-ականներին Ավստրալիայի տնտեսությունը վատագույններից մեկն էր Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության վարկանշային ցուցակում: Մեկ տասնամյակ հետո Ավստրալիան երրորդ հորիզոնականն էր զբաղեցնում նույն ցուցակում: Այս երկու տարեթվերի միջև ընկած ժամանակահատվածում պետության կողմից երկրի տնտեսության ողջ կարգավորումը հետազոտվեց մրցակցությունն առավելագույնի հասցնելու տեսակետից, և մշակվեց բարեփոխումների համաձայնեցված ազգային ծրագիր:
Ներկայում մի շարք երկրներում՝ այդ թվում՝ Մեքսիկայում, զգալի քայլեր են ձեռնարկվում: Արտադրողականությունը խթանելուն ուղղված կառուցվածքային բարեփոխումները նույնպես վճռորոշ դեր կունենան Եվրոպայի տնտեսական վերականգնումը և սոցիալական մոդելի կենսունակությունն ապահովելու հարցում: «Միասնական շուկայի օրենքներ I և II»-ը տրամադրում են գործողությունների համընդգրկուն ծրագիր, որը հնարավորություն կտա ամբողջապես օգտագործել ինտեգրված և 500 մլն սպառող ունեցող մրցակցային շուկայի ներուժը՝ Եվրոպական Միությունում տնտեսական աճի ակտիվացման և բարգավաճման համար:
Փորձից ելնելով՝ մենք գիտենք, որ մրցակցության տարբերակն աշխատում է: Տնտեսական քաղաքականությունն այս փորձի վրա հիմնելով՝ կարող ենք ոչ միայն կանխել Մանսուր Օլսոնի մռայլ մարգարեությունը, այլ նաև արագացնել տնտեսական վերականգնման գործընթացը, ավելացնել նորարարական գաղափարների ի հայտ գալու արագությունը և ողջ աշխարհում բարձրացնել միլիոնավոր մարդկանց բարեկեցությունը:
Civilnet











