Եվրոգոտում ռեցեսիան կշարունակվի մինչև ընթացիկ տարվա վերջ և հնարավոր է՝ տնտեսագետների կանխատեսածի համեմատ ավելի խորանա, ասվում է Եվրահանձնաժողովի գարնան կանխատեսման մեջ: Եվրահանձնաժողովը տարածաշրջանի ՀՆԱ-ի աճի 0,4%-ով անկում է կանխատեսում: Ավելին՝ տնտեսության աճը ավելի վաղ կանխատեսվածի համեմատ համեստ կլինի: Ռեցեսիա է կանխատեսվում եվրոգոտու բոլոր խոշոր տնտեսություններում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում և Նիդեռլանդներում՝ բացառությամբ Գերմանիայի:
2014թ. եվրոգոտում տնտեսական աճը կկազմի 1,2%՝ 2013թ. 0,4%,-ով անկման համեմատ: Հաջորդ տարի գնաճը կլինի 1,5% մակարդակում՝ գրեթե անփոփոխ մնալով 2013թ. արձանագրված 1,6%-ի համեմատ:
Եվրահանձնաժողովը իր կանխատեսումները դեպի բացասական է վերանայել: Ձմռանը 2013թ.-ի համար ՀՆԱ-ի 0,3%-ով անկում էր կանխատեսվել, և 2014թ.՝ 1,4%: Նախորդ անգամ՝ 2013թ. եվրոգոտում գնաճը 1,8% մակարդակում էր կանխատեսվել, և 2014թ.՝ 1,5%:
Գործազրկության մակարդակի հարցում ևս Եվրահանձաժողովում վատատես են: Ընթացիկ տարում այն կկազմի 12,2%, 2014թ. աննշան կնվազի՝ կազմելով մինչև 12,1%:
Գործազրկության ռեկորդային մակարդակը պայմանավորված է շուկայի՝ տնտեսական անկման նկատմամբ արձագանքով:
Ըստ տնտեսական հարցերով եվրահանձնակատար Օլի Ռենի եվրոգոտու պետպարտքը կշարունակի աճել ինչպես ընթացիկ, այնպես էլ հաջորդ տարի՝ 2014թ. կազմելով ՀՆԱ-ի 96%: Ռենը 2013թ. պետպարտքի մակարդակը գնահատել է 95,1%՝ 2012թ. արձանագրված 92,7%-ի համեմատ:
Եվրահանձնաժողովը ողջամիտ է համարում եվրոգոտու երկրորդ ամենախոշոր տնտեսությանը՝ Ֆրանսիային բյուջեի պակասուրդը մինչև ՀՆԱ-ի 3%-ի մակարդակի նվազեցնելու համար լրացուցիչ երկու տարվա հատկացումը:
Հանձնաժողովի կանխատեսման համաձայն՝ ընթացիկ տարում Ֆրանսիայի բյուջեի պակասուրդը կկազմի 3,9% և 4,2%՝ 2014թ.:
Եվրոպացի պաշտոնյաները դեպի բացասական են վերանայել նաև եվրոգոտու խոշորագույն տնտեսության՝ Գերմանիայի տնտեսական աճի կանխատեսումները՝ մինչև 0,4%՝ ձմռան 0,5% կանխատեսման համեմատ: 2014-ի համար Գերմանիայում ՀՆԱ-ի 1,8% աճ է կանխատեսվել՝ ձմեռային 2%-ի կանխտեսման համեմատ:
Եվրահանձնաժողովը Գերմանիայում կանխատեսման վերանայումը դեպի բացասական պայմանավորել է երկարատև ձմեռով և շինարարության վրա դրա ունեցած բացասական հետևանքներով, ինչը հանգեցերել է արտադրության տեմպերի դանդաղմանը:
Եվրամիության երկրներում ՀՆԱ-ի աճը, ըստ Եվրահանձնաժողովի, կնվազի 0,1%-ով: ԵՄ անդամ, սակայն եվրոգոտու կազմում չընդգրկված երկրներից միայն Չեխիայի տնտեսությունը անկում կարձանագրի՝ -0,4%:
Civilnet











