Բրիտանական WealthInsight խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է աշխարհի քաղաքների վարկանիշը՝ ըստ նրանցում ապրող միլիոնատերերի, մուլտիմիլիոնատերերի և միլիարդատերերի թվի։
Միլիոնատերերի թվով թոփ-20-ում առաջատար քաղաքը Տոկիոն է, որտեղ 2012թ․ վերջի դրությամբ բնակվում է 461 հազ․ դոլարային միլիոնատեր։ Երկրորդ տեղը զբաղեցրած Նյու Յորքում ապրում է 389 հազ․ միլիոնատեր։ Երրորդ տեղում Լոնդոնն է՝ 281 հազ․ միլիոնատերով։ Լավագույն հնգյակը եզրափակում են Փարիզն ու Ֆրանկֆուրտը, որոնցում ապրում է 219 հազ․ և 217 հազ․ միլիոնատեր համապատասխանաբար։ Այս վարկանիշը եզրափակում է Մոսկվան՝ 101 հազ․ միլիոնատերով։
Մուլտիմիլոնատերերի թվով 20 քաղաքների վարկանիշի առաջին տեղում Լոնդոնն է՝ 4224 մուլտիմիլիոնատեր։ Նրան հաջորդում են Տոկիոն (3525 մուլտիմիլիոնատեր) և Սինգապուրը (3154 մուլտիմիլիոնատեր)։ Այս վարկանիշի չորրորդ տեղում Նյու Յորքն է՝ 2929 մուլտիմիլիոնատերով։ Լավագույն հնգյակը եզրափակում է Հոնկոնգը, որտեղ ապրում է 2560 մուլտիմիլիոնատեր։ Այս ցուցակի 20-րդ տեղում Հռոմն է՝ 945 մուլտիմիլիոնատեր։
Միլիարդատերերի թվով քաղաքների թոփ-20-ի առաջատարը Նյու Յորքն է․ այստեղ բնակվում է 70 միլիարդատեր։ Երկրորդ տեղում Մոսկվան է՝ 64 միլիարդատերով, երրորդում՝ Լոնդոնը՝ 54-ով, չորրորդում՝ Հոնկոնգը՝ 40-ով, հինգերորդում՝ Պեկինը՝ 29-ով։ Վարկանիշը եզրափակում է Սան Պաուլոն, որտեղ ապրում է 10 միլիարդատեր։
Միլիոնատերերի թվով երկրների թոփ-10-ում են ԱՄՆ-ը, Ճապոնիան, Գերմանիան, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան, Շվեյցարիան, Ավստրալիան և Իտալիան։
WealthInsight-ի կանխատեսմամբ՝ մինչև 2020թ․ ԱՄՆ-ը կշարունակի առաջատար մնալ միլիոնատերերի թվով։ Երկրորդ տեղում կլինի Չինաստանը, երրորդում՝ Ճապոնիան։ Մնացած յոթ տեղերում կլինեն Գերմանիան, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան, Ավստրալիան, Շվեյցարիան։
Civilnet











