Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում եվրոգոտում ՀՆԱ-ն կրճատվել է 0,2%-ով՝ 2012թ. վերջին եռամսյակի 0,6%-ի համեմատ, վկայում են Եվրամիության վիճակագրական ծառայության՝ Eurostat-ի հրապարակած տվյալները։
Վերջին անգամ եվրոգոտու երկրներում աճ արձանագրվել է 2011թ. երրորդ եռամսյակում: 2012թ. երկրորդ եռամսյակից անընդմեջ շարունակվում է անկումը. այն իր տևողությամբ գերազանցել է ճգնաժամային 2008-2009 թթ. արձանագրված ռեցեսիան։
2012թ. վերջին եռամսյակում ԵՄ անդամ 27 տնտեսություններում արձանագրված 0,5% անկումը 2013թ. առաջին եռամսյակում ավելացել է 0,1-տոկոսային կետով, արդյունքում ԵՄ-ն նույնպես հայտնվել է ռեցեսիայում։
Eurostat-ի տվյալների համաձայն՝ աճ արձանագրում են հիմնականում եվրոգոտու արվարձանային երկրները՝ Լիտվան (1,3%), Լատվիան (1,2%), Հունգարիան (0,7%), Ռումինիան (0,3%): Իրադրությունը բարելավվել է նաև Մեծ Բրիտանիայում, որի ՀՆԱ-ն 0,3% աճ է արձանագրել: Մյուս կողմից՝ Իսպանիայի և Իտալիայի ՀՆԱ-ները կրճատվել են 0,5%-ով, Պորտուգալիայինը՝ 0,3%-ով, Կիպրոսինը՝ 1,3%–ով, Չեխիայինը՝ 0,8%-ով:
Bloomberg-ի հարցմանը մասնակցած փորձագետները տարեսկզբին արձանագրված անկումը պայմանավորել են Գերմանիայում և Ֆրանսիայում արձանագրված մակրոտնտեսական ավելի վատ ցուցանիշներով, քան կանխատեսվում էր։ Այսպես՝ 2013թ. առաջին եռամսյակում Գերմանիայի տնտեսությունն աճել է 0,1%-ով՝ ակնկալվող 0,3%-ի դիմաց։ Եվրոգոտու թիվ մեկ տնտեսությունը տարեկան կտրվածքով կրճատվել է 0,2%-ով՝ ավելի վաղ կանխատեսված 0,2% աճի համեմատ։
Բունդեսբանկում անկումը պայմանավորել են եղանակային վատ պայմաններով, որի հետևանքով նվազել է ակտիվությունը շինարարության ոլորտում ու գործարար շրջանակների վստահությունը:
Եվրոգոտու երկու խոշոր տնտեսություններում կանխատեսվածի համեմատ ցածր աճը վկայում է տարածաշրջանում ռիսկերի պահպանման մասին: Անցած շաբաթ Եվրոպական կենտրոնական բանկը բազային տոկոսադրույքը 0,75%-ից իջեցրել է մինչև ռեկորդային 0,5%-ի: ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն տնտեսությունը խթանող հավելյալ միջոցառումներ։
Եվրոպայի տնտեսական հեռանկարների շուրջ կարծիքները միասնական չեն նաև ներդրողների ու փորձագետների շրջանում։ Այսպես՝ միջազգային վարկանշային Fitch գործակալության հարցմանը մասնակցած ներդրողների միայն 41%-ն է հավատում, որ ճգնաժամի պիկն անցյալում է, և ԵԿԲ-ի ու ազգային կառավարությունների գործադրած ջանքերը արդյունք են տվել։ Համաձայն հարցման արդյունքների՝ 2013թ. երկրորդ եռամսյակում ռեցեսիան կպահպանվի, և միայն երրորդ եռամսյակից տնտեսությունը կսկսի աճել։

Civilnet










