Մասնավոր ներդրողները, որոնք ակտիվորեն էժանացած ոսկի են գնել, կարծես, շտապել են, ասվում է շվեյցարական Credit Suisse բանկի կանխատեսման մեջ: Անցած շաբաթ թանկարժեք մետաղի գինը նվազել է 7%-ով՝ կազմելով $1360/1 տրոյ. ունցիա: Այսպիսով՝ ոսկու գնանշումները շարունակական աճից հետո գործնականում արձանագրել են ապրիլյան միջին մակարդակը, երբ կտրուկ անկումից հետո ոսկին վաճառվել է $1348/1 տրոյ. ունցիա գնով: Առաջիկա տարիներին ներդրումները ոսկու մեջ, ամենայն հավանականությամբ, շահույթ չեն ապահովի՝ հատակապես հաշվի առնելով գնաճի ոչ բարձր մակարդակը:
Բանկի փորձագետների կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում ոսկու գինը կնվազի 20%-ով՝ մինչև $1000/1 տրոյ. ունցիա: «Այլևս չկա ոսկի գնելու անհարժեշտություն՝ կապիտալը պահպանելու համար, և առաջիկա երեք տարում բարձր գնաճի հավանականությունը նվազել է», -ասված է զեկույցում: Ավելին՝ առաջիկա երկու շաբաթում ոսկին կէժանանա մինչև $1350/1 տրոյ. ունիցա՝ չնայած կենտրոնական բանկերի՝ ակտիվների դիվերսիֆիկացմանն ուղղված ռազմավարական ծրագրերի մշակման ջանքերին: «Երբ ոսկին թանկանում է, բոլորը ցանկանում են այն ավելի շատ գնել: Գնանշումների նվազման պայմաններում կենտրոնական բանկերից որևէ մեկը ռիկսի չի դիմի՝ ավելացնելով ոսկու պահուստները», -նշում են զեկույցի հեղինակները:
Ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում շուկայի խոշոր խաղացողներից շատերը շարունակել են կրճատել բորսաներում առևտրաշրջաններին մասնակցող ֆոնդերում (Exchange Traded Fund, ETF ) ոսկու մասնաբաժինները: Այսպես՝ ընթացիկ տարում ոսկու ETF-ներում ներդրումները նվազել են 16%-ով՝ չնայած Հնդկաստանի և Չինաստանի կողմից պահանջարկի աճին: Ընդ որում՝ այն 2011-ի հուլիսից ի վեր արձանագրված նվազագույն ցուցանիշն է: Այս ֆոնդերում ներդրումների հետագա նվազումը կհանգեցնի ոսկու գների անկմանը:
Փորձագետների կարծիքով՝ որպես «խաղաղ հանգրվան» հայտնի ոսկին կորցնում է իր գրավչությունը: Ավելին՝ առաջիկա վեց ամսում այն կէժանանա մինչև $1200/1տրոյ ունցիա: Ընդ որում՝ ոսկու համար ամենավատ լուրը կարող է ոչ բարձր գնաճը լինել: Թանկարժեք մետաղի գները կշարունակեն նվազել ՝ չնայած մի շարք խոշոր ներդրողների կողմից ոսկու մեծ ծավալներով գնմանը:
Վերջին 12 ամսում ոսկին կայուն կերպով ուրախացրելէ ներդրողներին՝ ապահովելով ամսական 20-30% շահույթ: Մյուս կողմից՝ 2012թ. ոսկու գների աճը նվազագույնն է եղել 2008-ից վեր՝ 7%: Այս տարվա սկզբից ի վեր՝ թանկարժեք մետաղն էժանացել է 18%-ով և 30%-ով էժան է վաճառվում ՝2011-ի սեպտեմբերինն արձնագրված բարձրակետի համեմատ: Ավելին՝ Standard & Poor’s GSC տվյալների համաձայն՝ 2013-ի սկզբից ի վեր ոսկին 24 հումքատեսակներից երկրորդ ամենամեծ անկումն է արձանագրել: Ներդրողներին ամենից շատ հիասթափեցրել է արծաթը:
Civilnet











