Վերջին հինգ տարում Շվեյցարիան առավելագույն ջանքեր է գործադրում երկրի բանկերի հաճախորդների և նրանց ավանդների գաղտնիության ապահովման ավելի քան 80-ամյա ավանդույթը պահպանելու համար: Իշխանությունները այս պայքարում, կարծես տանուլ են տալիս: Վերջին հարվածը հասցվել է անցած շաբաթ, երբ ԵՄ իշխանությունները Շվեյցարիայի հետ հարկային նոր համաձայնագրի ստորագրման շուրջ համաձայնության են եկել:
Եվրամիության կոնկրետ պահանջները դեռ հստակ չեն, իսկ ներկայում քիչ հավանական է, որ շվեյցարական բանկերը կպարտավորվեն գաղտնազերծել ԵՄ քաղաքացիների ավանդների մասին տվյալները:
Փորձագետների կարծիքով՝ սա կարող է«դագաղի վերջին մեխը» դառնալ գաղտնիության համակարգի համար, որը Շվեյցարիայի բանկերին հնարավորություն է տվել $2,8 տրլնի ակտիվներ ներգրավել:
Փորձագետների մի մասի կարծիքով՝ բանկային գաղտնիքի համակարգը թուլացել է, սակայն այն մահացած համարել չի կարելի, քանի որ հստակ չէ ԵՄ-ի հետ համաձայնագրում որ ակտիվներն են ընդգրկվելու, և այն կարող է չառնչվել պահոցների պարունակությունը:
Ավելի վաղ պարզ է դարձել, որ Շվեյցարիան ավելի շատ հակված է գաղտնիության քաղաքականուոյան մեղմացմանը: Փետրվարին Բեռնը համաձայնել է կատարել FATCA-ի՝ ամերիկացի հարկատուների օտարերկրյա հաշիվների հարկային վերահսկողության մասին օրենքի պահանջները:
Շվեյցարական բանկերի մի մասը արդեն սկսել է իր մոդելների հարմարեցումը շուկային, որում արդեն չեն կարող հենվել գաղտնիության՝ որպես մրցակցային առավելության աղբյուրի վրա:
Որոշ բանկեր հարկադրված են եղել հաճախորդների միջոցների վերահսկման սակագաները բարձրացնել, սակայն բոլոր բանկերը չեն կարող գնալ այս քայլին, քանի որ ոչ բոլորի ծառայութուններն են բարձրորակ: Այս ամենի արդյունքում բանկերի մի մասը կառերեսվի որոշակի խնդիրների, մի մասը, ամենայն հավանականությամբ, կփակվի:
Փորձագետները նշում են, որ բանկային գաղտնիքի ապահովումից հրաժարումը երկարաժամկետ հեռանկարում շահավետ կլինի հենց Շվեյցարիայի համար, որի հարաբերությունները իր հիմնական առևտրային գործընկեր ԵՄ-ի հետ այս ավանդույթի պատճառով վատթարացել են:
Civilnet











