Վերջին 12 ամսում Թուրքիայի անշարժ գույքի շուկայում ամենաակտիվ գնորդները ռուսներն են եղել՝ առաջ անցնելով բրիտանացիներից, որոնք, իրենց հերթին, սկսել են ազատվել ավելի վաղ ձեռք բերած ակտիվներից, գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը։
Ըստ Թուրքիայի հասարակական աշխատանքների նախարարության տվյալների՝ վերջին 12 ամսում երկրի անշարժ գույքի շուկայում օտարերկրացիները առք ու վաճառքի շուրջ 13,5 հազ. գործարք են կնքել։ Ռուսները, որոնք ամենաակտիվն են եղել, կատարել են 2313 գնում։
Ուշագրավ է, որ ամենաակտիվ գնորդների ցանկի առաջին հորիզոնականներում բացառապես եվրոպացիներ են՝ չնայած տարածված կարծիքին, թե անշարժ գույքի շուկայում հիմնական գնորդները արաբական պետությունների քաղաքացիներն են։
Ռուսներից հետո երկրորդ ամենաակտիվ գնորդները բրիտանացիներն են՝ 1353 գործարքով, եռյակը եզրափակում են գերմանացիները, որոնք բրիտանացիներին զիջում են ընդամենը երեք գործարքով։ Առաջին տասնյակում են նաև Նորվեգիան, Շվեդիան, Բելգիան, Նիդեռլանդները, Քուվեյթը և Սաուդյան Արաբիան։
Թեև նախարարության զեկույցը 2011-2012 թթ. ցուցանիշների համեմատական չի պարունակում, փորձագետների խոսքով՝ Թուրքիայում աճել են օտարերկրացիներին անշարժ գույքի վաճառքները։ Սա պայմանավորված է Թուրքիայի կառավարութան կողմից օտարերկրացիների համար օրենսդրական սահմանափակումների վերացմամբ։ 2012թ. օգոստոսին Թուրքիայի խորհրդարանը հաստատել է օրենք, ըստ որի՝ երկրների թիվը, որոնց քաղաքացիները Թուրքիայում առանց սահմանափակման անշարժ գույք կարող են ձեռք բերել, 83-ից հասցվել է 183-ի։

Civilnet










